Երեւանից Բոլնիս Խաչեն գնացող մեր երթը ուխտագնացության էր նման, ուխտագնացություն դեպի հոգու երկիր: Երեսուն բոլնիսխաչենցի, որ տարիների ընթացքում եկել են, տեղավորվել են Երեւանի խեղճուկրակ բարձրահարկերում, որ առավոտ-իրիկուն քաղաքականությունից են խոսում եւ ամերիկյան ֆիլմեր նայում, որ օրվա ընթացքում մեկ-երկու բարեւ են տալիս ու առնում տուն էին գնում: Առիթը իրենց մեծ հայրենակցիՙ Ղազարոս Աղայանի ծննդյան տարեդարձն էրՙ 161-րդը: Բայց ամենակարեւորն իրենց տուն գնալն էր, այն գյուղը, որը ծվարել է Վրաստանի Բոլնիսի շրջանում, ադրբեջանաբնակ գյուղերի հարեւանությամբ:
150-160 տարի առաջ Արցախի Խաչեն շեն գյուղից այս մարդկանց նախնիներն են դուրս եկելՙ մի խաղաղ անկյուն գտնելու, խաղաղ ապրելու համար: Կամովին դուրս չեն եկել, իրենց դուրս են արել: Ու հիմա էլ Վրաստանում գտնվող Բոլնիս Խաչեն գյուղում հիմնականում ծերերն են մնացել: Հարսանիքները հատուկենտ են դարձել: Անցած տարի 600-700 տնտեսություն ունեցող գյուղում միայն 6 ծնունդ է եղել: Տխուր փաստ է: Այս տխրությունից փրկվելու, հող ու գյուղ, պապ ու տատի հիշատակ պահելու համար 1989-ին ստեղծվեց եւ 1990-ին գրանցվեց «Բոլնիս Խաչեն» հայրենակցական միությունը, որի առաջին նախագահըՙ Շահեն Սողոմոնյանը, նույնպես ուխտագնացների խմբում էր:
- Արդեն ավանդական դարձած այս ամենամյա այցերը սոսկ կարոտի արտահայտություն չեն, ասում է միության ներկայիս նախագահ Արմեն Մանուչարյանը: Ամեն այց որեւէ օգտակար բան է ստեղծում գյուղի համար: Գուցե դա է պատճառը, որ այժմ մեր գյուղի դպրոցում 260 աշակերտ է սովորում:
Բոլնիսի շրջանում երեք գյուղում կա հայկական դպրոցՙ շրջկենտրոնի միջնակարգը, Կիանեթիի 9-ամյան եւ Բոլնիս Խաչենի միջնակարգը: Ու ամենաշատ թվով աշակերտներ:
- Անցած ժամանակաշրջանումՙ խորհրդային տարիներին շատ ու շատ տոնակատարություններ էին կազմակերպվում Վրաստանի հայաբնակ շրջաններում ու գյուղերում, ասում է Վրաստանի նախագահի աշխատակազմի ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետի տեղակալ, «Վերնատուն» հայ ազգային միության նախագահ Գեւորգ Սնխչյանը: Չորս տարի առաջ հիմնադրված հայ գրողների «Վերնատուն» միությունը, փորձելով վերակենդանացնել մեկ դար առաջ մեր մեծերիՙ Աղայանի, Թումանյանի, Շանթի, Նար-Դոսի ստեղծած գրական միության ավանդույթները, այժմ առավել բարդ խնդիրներ է փորձում լուծել: Հիմա կազմակերպվող ամեն մի տոնակատարություն զուտ ազգային պրիզմայով պետք է անցնի: Գուցե մայր հայրենիքում այնքան էլ խորությամբ չի գիտակցվում հայերիս դրությունն այստեղՙ Վրաստանում: Սակայն ամեն մի վիրահայ գիտե, որ պետք է ամեն կերպ պահպանել ազգային դիմագիծը: Եվ սա պետք է արվի զգուշությամբ, նրբորեն, առանց որեւէ ուրիշ ազգի վիրավորելու: Ազգամիջյան ամեն մի ցնցում շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ: Հիմա ինձ համար հազարապատիկ թանկ է այն հայը, որը գրիչ է վերցնում եւ հայերենով նամակ գրում:
Այո, հայ գիրն ու գրականությունը, հայ մշակույթը պահպանելը օրախնդիր է Վրաստանում:
Այսպիսի մի փաստ հաղորդեցին մեր հայ բարեկամները Վրաստանում. 15-20 տարի առաջ Թբիլիսիում գործում էր հայկական 28 դպրոց: Այսօր միայն 4-ն է: Գյուղերը դատարկվում են: Խոսքը միայն հայկական գյուղերի մասին չէ: Տնտեսական դժվարություններին մի կերպ դիմակայելու համար պանդխտության են ելել նաեւ հարյուր հազարավոր վրացիներ: Բայց այս վիճակը առավել ծանր կարող է անդրադառնալ հայ բնակչություն ունեցող գյուղերի համար:
Եվ այս իմաստով անչափ գնահատելի է «Բոլնիս Խաչեն» հայրենակցական միության գործունեությունը: Ծննդավայրը, ազգայինը պահպանելու ճիգը հարգանքով է ընդունվում նաեւ Վրաստանի իշխանությունների կողմից: Առավել եւս, որ ազգամիջյան հարաբերությունների ցանկալի հավասարակշռությունը պահպանվում է: Այդ զգացողությունն ունեցանք, երբ զրուցում էինք Բոլնիսի շրջանի վարչության նախագահ Զուրաբ Ջափարիձեի հետ: Նա ասաց, որ այո, շրջանը տնտեսական բազմաթիվ պրոբլեմներ ունի: Սակայն վարչության անունից խոստացավ մինչեւ տարեվերջ 100 հազար լարի (մոտ 50 հազար դոլար) գտնել Բոլնիս Խաչենի բարձրադիր տարածքում գտնվող թաղամասերի ջրի պրոբլեմը լուծելու համար: Կարծում ենք, որ այս նախաձեռնությանը կարձագանքեն նաեւ Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի վարչությունում: Բոլնիս Խաչենի համայնքի ղեկավար Շալիկո Սողոմոնյանը հավատում է այս ծրագրի իրագործմանը: Նշանակում է, որ հայրենակցական միության այս մի այցն էլ անչափ օգտակար է լինելու որպես կղզյակ օտար հողում ծվարած գյուղի համար:
... Վաղ առավոտ է: Երեւանից իրենց ծնողների ծննդավայրը եկած Արփինե եւ Կարեն Մանուչարյանները զարթնում են Լոք սարի վրա ծաղկած արեւի ճառագայթներից: Գյուղն արթնանում է: 2001 թվականի ապրիլյան այդ առավոտ գյուղն արթնանում է պապով ու տատով, զավակներով, թոռներով: Մարտինա տատը գյուղ եկածներին աշխարհի ամենահրաշալի ուտեստն է մատուցումՙ ձվածեղ: Գյուղացիներն իրար հերթ չեն տալիսՙ բարեւելու, ձեռք սեղմելու համար: Վաղը գնացողները գնալու են, մնացողներըՙ մնալու: Չէ, գնացողներն էլ են մնալու, որովհետեւ այցի չէին եկել, հյուր չէին եկել: Իրենց պապերի, իրենց տունն էին եկել հզոր քաղաքի աններդաշնակ աղմուկ-աղաղակից լվացվելու համար:
Ուրեմն հայեցի այս գյուղը կապրի:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ