«Սիփան» հրատարակչությունը լույս է ընծայել Հովհաննես Շոհմելյանի «Անտիպ էջեր եւ թարգմանություններ» 239 էջանոց գիրքը, հաղորդում է կանադահայ համայնքի «Ապագայ» շաբաթաթերթը:
Ուսուցիչ, մտավորական եւ ազգային գործիչ ու թարգմանիչ Շոհմելյանի այս գիրքը պարփակում է հեղինակի գրական-թարգմանչական անտիպ աշխատանքներըՙ հետմահու հրատարակված: Ուշադիր ընթերցողն, ըստ գրախոսականի, հետաքրքիր փաստեր ու հուզիչ մանրամասներ կարող է իմանալ ինչպես ազգային դպրոցների առօրյայի, այնպես էլ ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանի կյանքի եւ ստեղծագործության մասին: Ավելինՙ նա մի անգամ եւս կվայելի միջնադարյան քնարերգու Նահապետ Քուչակի բանաստեղծությունների հմայքըՙ հեղինակի բարձրորակ թարգմանությունների շնորհիվ:
Գիրքը բաժանված է երեք մասի: Առաջին մասը կոչվում է «Ինքնագիր էջեր» եւ ընդգրկում է «Հացը», «Սուրբին դէմքը» պատմվածքները եւ «Հայրենական», «Մայր իմ անգին» եւ «Վառվռուն տողեր» բանաստեղծությունները: Երկրորդ բաժինը քուչակյան հայրենների թարգմանություններն են, իսկ երրորդ բաժինն ընդգրկում է հեղինակի հրապարակային ելույթները, հարցազրույցները եւ հոդվածները:
Գիրքը եզրափակվում է հայկական ռադիոժամի հարցազրույցովՙ Սարոյանի թարգմանության առթիվ:
Վերջում զետեղված է Կարպիս Եսայանի սրտի խոսքըՙ նվիրված հեղինակի տիկնոջըՙ Մաքրուհի Շոհմելյանին:
Հ. Ծ.