Գեղարվեստի ակադեմիայի շենքի նոր ցուցատախտակըՙ «Ալբերտ եւ Թով Բոյաջյան ցուցասրահ ՀԲԸՄ» վկայում է, որ մայրաքաղաքի պատկերասրահների թիվն ավելացավ եւս մեկով: Երեկ երեկոյան ցուցասրահի բացման արարողությունը կատարեց եւ պահպանիչ կարդաց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպս. Կճոյանը:
Դեռեւս 1946 թ.-ից գեղարվեստի ակադեմիան ունեցել էր այսպիսի ցուցասրահի անհրաժեշտություն, որտեղ կցուցադրվեին ոչ միայն նշանավոր նկարիչների, այլեւ ինստիտուտի ուսանողների գործերը: Սակայն այն իրականացավ 55 տարի անց միայն, մեր պետության տնտեսական-սոցիալական դժվարին ժամանակներում, ամերիկահայ բարերար, գործարար Ալբերտ Բոյաջյանի հովանավորությամբ:
Իր ողջույնի խոսքում գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը շնորհավորեց ներկաներինՙ երախտագիտությամբ առ Ալբերտ Բոյաջյանը: Ցուցասրահի բացմանը շնորհավորանքի խոսքեր ասացին Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, 1700-ամյակի պետական հանձնաժողովի փոխնախագահ Խոսրով Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Գ. Ասլանյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, նկարիչ Էդվարդ Իսաբեկյանը: Էդ. Իսաբեկյանն ակադեմիայի համար շատ կարեւոր այս սրահի գոյությունը համարեց իշխանական նվեր: Նա տխրությամբ հիշեց իր կնոջըՙ 48 տարեկանում կյանքից հեռացած, գեղարվեստական ակադեմիայի հիմնադիր դասախոս, պրոֆ., տաղանդավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանին, որի աշխատանքներն առաջինը ցուցադրվեցին սրահում:
Այս փոքրիկ, բայց գեղեցիկ սրահը դարձավ մայրաքաղաքի մշակութային հարստություններից մեկը: «Երեւանում ավելացավ արվեստի մի օջախ եւս, հույս ունեմ, որ երբեք դատարկ չի մնա, ցուցադրությունները կլինեն հաճախ: Մեր կյանքն այնպես է ստացվել, որ բարերարներն արվեստի ասպարեզում ներդրումները կորած են համարում, բայց ժամանակը հակառակն է ապացուցում, այդ ներդրումները մնայուն են ավելի եւ հատուցումն էլՙ ավելի արժանավայել», ասաց Ռազմիկ Դավոյանը:
Հայ բարերարներիՙ մեր կյանքի բոլոր ոլորտներում ցուցաբերած ուշադիր, հոգատար վերաբերմունքին ի պատասխան, քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների միջոցառումների շրջանակներում, ըստ Խոսրով Հարությունյանի, իրականացվելու է Հայաստանն իր բարերարներին ծրագիրը, երբ հայաստանցիները հնարավորություն կունենան շնորհակալական եւ դրվատանքի խոսքեր ասելու մեր հովանավորներին:
Գեղարվեստի ակադեմիայի կողմից ռեկտոր Արամ Իսաբեկյանը Ալեբերտ Բոյաջյանին արժանացրեց պատվավոր պրոֆեսորի կոչման եւ նվիրեց նրան քանդակագործ Գարեգին Դավթյանի աշխատանքըՙ շնորհակալական մակագրությամբ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ