<20018003.jpg>
«Ազգի» կազմակերպած երգիծանկարչական երկրորդ ցուցահանդեսը
Արդեն երկրորդ անգամ «Ազգ» թերթի նախաձեռնությամբ Թեքեյան մշակութային միության կենտրոնում երեկ բացվեց երգիծանկարչական ցուցահանդեսՙ մամուլի միջազգային օրվա առիթով:
- Մայիսի 2--ը մամուլի ազատության միջազգային օրն է: Կազմակերպելով այս ցուցահանդեսը, մեր հիմնական նպատակն է, շեշտել երգիծանկարչության կարեւորությունը մամուլում, այսինքնՙ ձերբազատվենք այն սխալ պատկերացումից, թե երգիծանկարչությունը սոսկ թերթերում, պարբերականներում տպագրվող նյութերի հավելվածն է, լավագույն դեպքումՙ նյութերի միտքը պարզաբանող տարր: Բայց պետք է ընդունենք, որ երգիծանկարչությունը խտացում պետք է լինի, երբեմն նույնիսկ մի քանի հոդվածների խտացում: Մեր նպատակն է նաեւ հասարակության ուշադրությունը դարձնել այս կարեւոր բնագավառին:
Այո, ուշադրությունից բողոքել չէր կարելի: Բացի ցուցահանդեսի մասնակիցներից եւ նրանց հարազատներից, շատ ու շատ լրագրողներ կային թերթերից, հեռուստաընկերություններից, ռադիոկայաններից, նկարիչներ, արվեստաբաններ: Սակայն զարմանալին այն էր, որ լրատվամիջոցների ղեկավարներից ոչ ոք չէր բարեհաճել ներկա գտնվել: Հավանաբար դա էլ իրենց երգիծանքն էր նաեւ իրենց նկարիչների նկատմամբ:
Ամեն դեպքում մեր մամուլից հայտնի նկարիչներըՙ Գ. Յարալյանը, Վ. Աբրոյանը, Նիկոն, Տոտոն, Արզօն, Դավիթը, Սամվել Աբգարյանը (Ա.Բ.Գ.), Ագնեսը ներկայացվել էին 4-5-ական գործերով:
- Ծաղրանկարչությունը շատ ավելի խորք ու իմաստ պետք է ունենա, քան զուտ իրավիճակներ պատկերելը կամ մակագրություններ անելը, այսինքնՙ պետք է պահպանվի ծաղրանկարի հիմնական ֆոնդը: Այստեղ ես կարող եմ առանձնացնել Ա.Բ.Գ.-ի գործերը, որոնք ապահովում են այս պահանջները:
- Երկար ժամանակ աշխատել եմ նկարչության այս ծանր ու պատասխանատու ոլորտում եւ գիտեմ, որ ժամանակային իմաստով հրատապ լինելովՙ պետք է արվեստի մշտատեւությունն ունենա, ասաց մաեստրո Գեւորգի Յարալյանը, նկարիչ, որի աշխատանքները միշտ էլ մեծ հետաքրքրությամբ են դիտվում:
Ողջույններ, շամպայն, կենացներ, բարեմաղթանքներ. Իսկապես տոն էր Թեքեյան կենտրոնում, տոն, որը մեզ հետ է արդեն: Երեկ ու այսօր գոնե մենք վայելում ենք այդ տոնը:
Ս. ՄԵԼՔՈՆՅԱՆ