«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2001-05-08 | #84, 2001-05-09 | #85, 2001-05-11


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՐԿԻՐ

<20018502.jpg>

Հայաստանի պաշտոնական պատվիրակությունըՙ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, մայիսի 9-ին ժամանել է Նյու Յորքՙ մասնակցելու Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներին նվիրված միջազգային խորհրդաժողովին, որը նրա կազմակերպիչներն անվանել են «Հին երկիր, նոր ուղղություն»:

Նախագահ Քոչարյանն իջեւանել է «Պլազա» հյուրանոցում, որը գտնվում է Մանհեթենի կենտրոնում: Այստեղ էլ հենց ընթանում է խորհրդաժողովը: Այն կազմակերպել եւ հովանավորում են Միջազգային ֆինանսական կորպորացիան, ԱՄՆ-ի առեւտրի եւ զարգացման գործակալությունը եւ Համաշխարհային բանկը: Իր մասշտաբներով, ներկայացուցչությամբ եւ կարեւորությամբ համաժողովը եզակի իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլեւ նրա կազմակերպիչների համար, քանի որ սա միջազգային այդ հեղինակավոր կազմակերպությունների կողմից մեկ, առանձին վերցրած երկրի համար ներդրումային համաժողով կազմակերպելու առաջին փորձն է:

Չորեքշաբթիՙ խորհրդաժողովի աշխատանքի առաջին օրը, գրանցվել են առաջատար միջազգային կազմակերպությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ, սփյուռքի եւ Հայաստանի հարյուրից ավելի գործարարներ:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի փոխնախագահ Ասադ Ջեյբրը մայիսի 9-ի երեկոյան, ելույթ ունենալով նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ կայացած ընդունելության ժամանակ, ասել է. «Մենք բոլորս հավասարապես շահագրգռված ենք Հայաստանովՙ հին եւ հարուստ մշակույթ ունեցող երկրով: Մենք վստահ ենք, որ ներկայիս խորհրդաժողովը մեծ ուղու սկիզբն է միայն, որը Հայաստանը կդարձնի հարուստ եւ բարգավաճող երկիր»:

ԱՄՆ-ի առեւտրի եւ զարգացման գործակալության տնօրենի պաշտոնակատար Բարբարա Բրեդֆորդն ասել է, թե այս համաժողովի գլխավոր նպատակն է օգնել Հայաստանինՙ զգալի առաջընթացի հասնելու մոտ ապագայում:

Այնուհետեւ ելույթ ունեցած Հայաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանրապետության կառավարության անունից շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին եւ ավելացրել, որ գլխավոր շեշտը պետք է դրվի բարձր տեխնոլոգիաների ճյուղի զարգացման վրա:

Հինգշաբթիՙ մայիսի 10-ըՙ համաժողովի աշխատանքի երկրորդ օրը, շատ հագեցած էր: Ասադ Ջեյբրի եւ Բարբարա Բրեդֆորդի հակիրճ ներածական խոսքից հետո Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնը ներկայացրել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը հանդես է եկել «Հայաստանը 21-րդ դարում» 25-րոպեանոց ճառով:

Ռ. Քոչարյանն իր ճառում մասնավորապես անդրադարձել է Հայաստանի ժողովրդավարության եւ ազատական տնտեսության ասպարեզում կտրած ճանապարհին, ժողովրդավարական ազգերին լիովին ինտեգրվելու ջանքերին, երկրում կայունություն եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճիգերին, հույս հայտնելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հեռու չէ: Հայաստանի նախագահն անդրադարձել է նաեւ վերջին 10 տարիներին Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման ենթարկվելու փաստին, վստահություն հայտնել, որ այդ շրջափակումը շուտով կվերանա: Այնուամենայնիվ, ասել է նա, մենք չենք սպասել, թե երբ է հանվելու այդ շրջափակումը, որպեսզի գործենք: Այսօր Հայաստանն էապես նվազեցրել է շրջափակման հետեւանքները: Այս տարվա առաջին եռամսյակում, արձանագրել է Ռ. Քոչարյանը, Հայաստանում գրանցվել է համախառն ներքին արտադրանքի 12 տոկոս աճ, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 21 տոկոսով: Այսուհանդերձ, երկրում ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ գործազրկության բարձր մակարդակը: Ռ. Քոչարյանը հավաստիացրել է, որ երկրում ամեն ինչ արվում է ներդրումային մթնոլորտ ստեղծելու, տեղական գործարարությանը զարկ տալու ուղղությամբ: Հայաստանում արդեն իսկ ձեւավորվել է տեղացի հաջողակ գործարարների մի աճող բանակ, եւ համախառն ներքին արտադրանքի 75 տոկոսն արդեն արտադրվում է մասնավոր սեկտորում: Նախագահն էլ է անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների խնդրինՙ հիշատակելով Հայաստանում այդ ուղղությամբ առկա ավանդույթներն ու ժողովրդի բարձր կրթվածությունը: Ռ. Քոչարյանը չի մոռացել անդրադառնալ նաեւ հայկական սփյուռքի առկայությանը, որը Հայաստանի համար անգնահատելի հարստություն է: Այնուհետեւ համաժողովի աշխատանքներն ընթացել են առանձին սանկցիաներով:

Մյուս կողմից, CNA գործակալությունը տեղեկացրել է, որ մայիսի 12-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները հանդիպում են ունենալու նախագահ Քոչարյանի հետ: Ըստ գործակալության, ղարաբաղյան կարգավորման միջնորդները միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համատեղ արդեն պատրաստել են տարածաշրջանի տնտեսական զարգացման ծրագիրը, որն ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո:

ՀՀ նախագահի գրասենյակ եւ այլ աղբյուրներ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4