Բաքուն փնտրում է ԼՂ հարցի կարգավորումը եւ նախագահի հարմար թեկնածուՎիեննայում մայիսի 7-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Թուրքիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա, Բելառուս) գումարեց դռնփակ նիստ, որի օրակարգում ըստ ամենայնի գլխավոր հարցը հետեւյալն էր. որքանո՞վ են հակամարտության կողմերը պատրաստ կնքելու խաղաղ համաձայնագիր:
Հայաստանը եւ Ադրբեջանը, որոնք Մինսկի խմբի 12 պետություններից են, չէին հրավիրվել նիստին: Նախօրեին ամերիկյան համանախագահող Քերի Քավանոն Բաքվում փակ դռների ետեւում 4-ժամյա հանդիպում էր ունեցել Հեյդար Ալիեւի հետ, ինչը դիտորդներին թույլ տվեց ենթադրել, թե Ադրբեջանը ստորագրվելիք համաձայնագրի (որն, ի դեպ, արդեն թղթի վրա է) որոշ կետերի համաձայն չէ, եւ Քավանոն փորձել է համոզել Ալիեւին: Թե կոնկրետ որ հարցերի շուրջ Բաքուն տարաձայնություն ունիՙ տակավին անհայտ է: Քավանո-Ալիեւ հանդիպումից հետո ամերիկացի դիվանագետը հայտարարեց, թե մինչեւ տարեվերջ խաղաղության համաձայնագիր կստորագրվի:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից Ռուստամ Մամեդովը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ եթե իշխանությունները ոչինչ չեն ասում խաղաղ համաձայնագրի հնարավորության մասին, ապա դա նշանակում է, թե շատ հարցեր կան, որոնք պետք է ճշտվեն. «Դժվար կլինի ստորագրել խաղաղ համաձայնագիր, եթե հաշվի չառնվեն Ադրբեջանի շահերը»: Ընդդիմադիր Մուսավաթ կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարն ասել է, թե հայկական կողմի անդադար լավատեսությունը պետք է մտահոգիչ լինի. «Այն, ինչն ընդունելի է ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության համար, չի կարող միաժամանակ ընդունելի լինել Ադրբեջանի համար: Խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի իշխանության, տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում»: Մեկ այլ ընդդիմադիրՙ Ադրբեջանի ազգային անկախություն կուսակցության առաջնորդ Էթիբար Մամեդովն իշխանություններից պահանջել է հանրությանը տեղեկացնել ԼՂ բանակցային գործընթացի մանրամասները, ավելացնելով, թե իր կուսակցությունը կմերժի ցանկացած համաձայնագիր, որը կհակասի Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքներին:
Առավել հոռետես են Ղարաբաղի ազատագրության կազմակերպության նախագահ Ակիֆ Նագին եւ «Վահդատ» կուսակցության առաջնորդ Թահիր Քերիմլին: Առաջինը մտավախություն է հայտնում, թե «այս բանակցությունները նպատակ են հետապնդում մասնատել Ադրբեջանի տարածքը», մինչդեռ Քերիմլին իշխանություններից պահանջել է հրաժարական ներկայացնել, քանի որ «նրանք չեն կարող հայերից ազատագրել զավթված հողերը»:
Բախումնաբան Արիֆ Յունուսովը, որը մասնակցել է վերջերս Լոկկում քաղաքում կազմակերպված համաժողովին, մայիսի 8-ին տված մամլո ասուլիսում ասել է. «ԼՂ-ն միայն ձեւականորեն կարող է մնալ Ադրբեջանի կազմում, եթե ԱՄՆ-ը ճնշումներ բանեցնի Երեւանի վրա»: Յունուսովի կարծիքով Վաշինգտոնի վարչակազմը ԼՂ հարցում պաշտպանում է Ադրբեջանին. «Մինչեւ տարեվերջ խաղաղ համաձայնագիր կստորագրվի: ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է համադրել իրար հակասող երկու սկզբունքներՙ անկախություն եւ ենթակայություն: Իրավական առումով ԼՂ-ն կպատկանի Ադրբեջանին, բայց կունենա իր սահմանադրությունը, դրոշը»:
«Զերկալո» թերթը կարծում է, թե հակամարտող կողմերը փոխզիջման նշաններ ցույց չեն տալիս, իսկ քաղաքական գործիչներն ու հասարակությունը հակված են պատերազմի վերսկսմանը: Նույն թերթում Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Զարդուշտ Ալիզադեն չի հավատում, թե մինչեւ տարեվերջ խաղաղություն կհաստատվի, որովհետեւ «Ռուսաստանը շահագրգռված չէ»:
Նիզամի Բահմանովը, որն իրեն համարում է ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավար, ANS-ին ասել է. «Համանախագահներն աշխատում են նորՙ չորրորդ առաջարկության վրա, որը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների քննարկմանը կդրվի Ժնեւում: Եթե Ժնեւում առաջընթաց չարձանագրվի, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի»:
Նախագահ Ալիեւի առողջության եւ իշխանության հարցերը շարունակում են մնալ մամուլի ուշադրության կիզակետում: «Ենի Մուսավաթը» մայիսի 9-ի համարում գրում է, թե Ադրբեջանի նախագահի տկարության պատճառով Վրաստանի նախագահ Շեւարդնաձեն հետաձգեց նախատեսված այցելությունը Բաքու: «Ազադլիգը» գրում է, որ Ալիեւը շարունակում է աշխատել իշխանությունը որդուն փոխանցելու ուղղությամբ: Միեւնույն ժամանակ թերթը վստահեցնում է, թե իշխանության վերին շրջանակներում Իլհամ Ալիեւի թեկնածությունը որպես այլընտրանք քննարկվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, «գորշ կարդինալ» Ռամիզ Մեհթիեւի թեկնածությունը: Նշենք, որ Մեհթիեւը պատկանում է ալիեւյան կլանին, մինչեւ ուղն ու ծուծը կոռումպացված է, վիթխարի հարստություն ունի, ռուսական կողմնորոշում, մամուլին եւ ընդդիմադիր գործիչներին «խեղդելու» փորձ: Այսինքնՙ Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնելու բոլոր նախադրյալները:
Թ. Հ.