«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2001-05-08 | #84, 2001-05-09 | #85, 2001-05-11


ԹԱՎՐԻԶԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՄԲ

<20018504.jpg>

«Երեւան-Թավրիզը բարեկամության չվերթ է», հավաստեց Ատրպատականի փոխնահանգապետը

Երեկ Երեւան-Թավրիզ առաջին չվերթի առաջին 5 ուղեւորներին ու ՀՀ քաղաքացիական ավիացիայի պաշտոնական պատվիրակության անդամներին Թավրիզի օդանավակայանում սպասում էր ջերմ ու արեւելյան հյուրասիրությանը հատուկ ընդունելություն: «Մենք հուսով ենք, որ այս չվերթով Թավրիզի ու Երեւանի միջեւ ուղղակի հարաբերություններն էլ ավելի կբարելավվեն», ասաց Արեւելյան Ատրապատականի փոխնահանգապետ Նադաֆի Օզարը: Նրա խոսքից պարզ դարձավ, որ Հայաստանի հետ սահմանակից այդ նահանգի իշխանությունները (ինչպես տեղացիներն են ասումՙ Արեւելյան Ադրբեջանի, քանի որ նահանգի բնակչության գերակշիռ մասն ադրբեջանցիներ են) չեն թաքցնում իրենց շահագրգռությունը Հայաստանի հետ ուղղակի օդային կապի ու ընդհանրապես Երեւանի հետ հարաբերությունների ավելի սերտացմամբ ու զարգացմամբ:

Մինչ Հայաստանի ավիատորները փոխնահանգապետի ու Թավրիզի օդանավակայանի ղեկավարների հետ առանձնացան գործնական զրույցի, լրագրողներս մոտ կես ժամվա ընթացքում փորձեցինք հնարավորինս ծանոթանալ արեւելյան դիմագիծ ունեցող օդանավակայանի ներքին անցուդարձին ու շրջել խնամված, պարսկական վարդերով այգում, որի շատրվանները միացվեցին հատուկ հայաստանցիների պատվին: Ընդհանրապես ակնհայտ էր իրանական կողմի փութաջանությունըՙ առաջին հայկական ինքնաթիռն արժանավայել ընդունելու համար: Նույնիսկ օդանավակայանի գրեթե դատարկ սրահներն ու այլ օդանավերի բացակայությունը (միայն ՀԱՈՒ-ի խորհրդանշանով փոքրիկ ՅԱԿ-40 ինքնաթիռն էր հանգրվանել օդանավակայանում) պատճառաբանվեցին Հայաստանից ժամանած առաջին ինքնաթիռով, օդանավակայանի աշխատակիցների ասելովՙ այդ օրվա մյուս չվերթները «հատուկ կասեցվել են»: Հետո արդեն տեղեկացանք, որ մոտ 1,5 մլն բնակչություն ունեցող Թավրիզն ու ավելի քան կրկնակի բնակչություն ունեցող ամբողջ Ատրպատական նահանգը սպասարկող օդանավակայանից իրականացվում են գլխավորապես ներքին չվերթներ, եւ ընդամենը երկու չվերթ երկրից դուրսՙ Հալեպ ու Բաքու: Երեւան-Թավրիզ չվերթը, փաստորեն, երրորդ միջազգային չվերթն է: Ի դեպ, Թավրիզի օդանավակայանի նորակառույց միջազգային տերմինալի առաջին ուղեւորները Հայաստանից ժամանած ուղեւորներն էին:

«Սա մեզ համար կդառնա բարեկամության չվերթ», ասաց փոխնահանգապետը հրաժեշտի ժամանակ: Թավրիզ-Երեւան վերադարձին ուղեւորների թիվը 5-ից արդեն հասել էր 11-ի: Ուղեւորների մեծ մասը իրանցիներ էին, եւ ինչպես պարզեցինք հարցումներով, գլխավորապես առեւտրական-գործարարներ:

«Իրանցի մեր գործընկերները իրենց պատրաստակամությունը հայտնեցին Երեւան-Թավրիզ-Երեւան չվերթի որակյալ սպասարկումը, գովազդն ապահովելու հարցում, որպեսզի չվերթը ոչ միայն կայանա, այլեւ զարգանա», վերադարձին «Ազգի» հետ զրույցում ասաց ՀՀ ՔԱԳՎ արտաքին կապերի ու լիցենզավորման վարչության պետ Խաչիկ Կիրակոսյանը: Ըստ նրա, օդային կապն առաջին հերթին ձեռնտու է Հայաստանում աշխատող իրանցի գործարարների, առեւտրականների համար, որոնք այսուհետեւ ստիպված չեն լինի 9 ժամ կորցնել Թավրիզ-Երեւան ցամաքային ճանապարհին կամ մեկնել Թեհրան, այնտեղ մեկ օր ու ֆինանսներ կորցնելուց հետո նոր միայն հասնել Հայաստան: «Հայկական ավիաուղիների» կոմերցիոն ծառայության պետ Հրայր Բաբայանն էլ մեր հարցին ի պատասխան հաստատեց, որ ՀԱՈՒ-ի կողմից արված մարկետինգի համաձայն, Երեւան-Թավրիզ չվերթը շուտով կդառնա տնտեսապես շահավետ, իսկ սահմանված գներըՙ 80 դոլար, առանց «օդի տուրքի», մինչեւ Թավրիզ եւ 140-450 դոլարՙ վերադարձով (որն, ի դեպ, իրանական կողմը առաջարկել է մի փոքր իջեցնել), այսօրվա վիճակովՙ ամենաիրատեսականն են: Այժմ Երեւան-Թեհրան կանոնավոր չվերթները շաբաթական հինգն են, որից երկուսը իրականացնում է ՀԱՈՒ-ն, իսկ երկուսըՙ իրանական «Կասպիան Ավիա» ավիաընկերությունը: Երեւան-Թավրիզ չվերթով, փաստորեն, ամբողջացավ երկու երկրներն իրար կապող չվացուցակը: ՀԱՈՒ-ի կոմերցիոն ղեկավարը համոզված է, որ Երեւան-Թավրիզ չվերթը ի տարբերություն վերջին մի քանի տարում բացված ու փակված, կամ պլանավորված ու այդպես էլ չիրականացված չվերթներիՙ ոչ միայն չի փակվի, այլեւ կզարգանա: Հնարավոր է, որ շատ շուտով ընդամենը 36 տեղանոց ՅԱԿ-40 ինքնաթիռը փոխարինվի ավելի մեծ ինքնաթիռով: Հնարավոր է նաեւ, որ Երեւան-Թավրիզ-Երեւան չվերթն առաջիկայում կհամակցվի Իրանից ԱՊՀ երկրներ չվերթներին ու կդառնա տարանցիկ ուղի:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ, Երեւան-Թավրիզ-Երեւան

Հ.Գ. «Հայկական ավիաուղիների» ծրագրերին, մասնավորապես, այս տարվա 1700-ամյակի տոնակատարությունների հետ կապված, ինչպես նաեւՙ գնային քաղաքականությանը, որից վերջին ժամանակներս շատ են դժգոհում հատկապես տուրիզմով զբաղվողները, «Ազգը» կանդրադառնա առաջիկայում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4