«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2001-05-08 | #84, 2001-05-09 | #85, 2001-05-11


ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՀԱՅՄԱՄՈՒԼԻ» ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ «ԽՃՃՎԱԾ ՀԱՐՑ Է»

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայմամուլ» պետական ձեռնարկության սեփականաշնորհման եղանակը եւ ժամկետները որոշված չեն: Ինչպես նշեց այդ գործակալության սեփականաշնորհման հանձնաժողովի նախագահ, ՀՀ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը, պատճառը այդ ձեռնարկության «խճճված» իրավիճակն է:

«Հայմամուլը», որը խորհրդային ժամանակաշրջանից մնացած պարբերական մամուլի տարածմամբ եւ վաճառքով զբաղվող պետական կառույց է, ներկայումս ունի մեծ պարտքեր, հիմնականում 90-ական թվականների սկզբում կատարված անհաջող գործարքների պատճառով: Հանձնաժողովը դեռ չի եզրակարցրել, թե ինչպես պետք է լուծվի պարտքերի հարցը. դրանք կարող են համամասնորեն դրվել կրպակների վրա, մասամբ փակվել նրա դեբիտորական պարտքերի հաշվին եւ այլն:

Հանձնաժողովը, որի կազմում պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ մեկտեղ ընդգրկված են պարբերականների խմբագիրներ ու կրպակավարներ, քննարկում է «Հայմամուլն» ամբողջությամբ կամ առանձին մասերով մասնավորեցնելու տարբերակները: Առաջին դեպքում պետք է մասնավորեցվի ողջ գործակալությունըՙ որպես մեկ ամբողջություն, երկրորդ դեպքումՙ առանձին-առանձին գլխամասային ձեռնարկությունը, մարզային բաժանունքներն ու կրպակները:

30 կրպակավար մինչեւ 1997 թ. վերջը մասնավորեցման դիմում էին ներկայացրել նախարարություն, որոնք, ըստ նախարարի, մնացել են անպատասխան, սակայն չի վերացել այդ դիմումներին պատասխանելու կառավարության պարտավորությունը: Դավիթ Վարդանյանը կողմ է այն տարբերակին, որի դեպքում առաջին հերթին կսեփականաշնորհվեն վերոնշյալ կրպակներն իրենց կրպակավարներին (ինչպես դա արվում էր «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման ժամանակ), իսկ մնացածը կդրվի ընդհանուր մրցույթի:

«Հայմամուլը» պարտք է թերթերին, եւ խմբագիրներն առաջարկել են կրպակները սեփականաշնորհել դրանց հրատարակիչներինՙ երկյուղ կրելով թերթերի հետագա վաճառքի վերաբերյալ: Սակայն, ըստ նախարարի, եթե թերթը պահանջարկ չունենա, ապա կրպակները հրատարակչին տալուց դրանք եկամտաբեր չեն դառնա: Եվ եթե կրպակատերը դադարի թերթ վաճառելուց, ապա հրատարակիչը եւս չպետք է վնաս պատճառող բիզնեսը պահպանի:

Այսպիսով, բարձրացված հարցը գնահատելով արհեստական, նախարարն այնուամենայնիվ առաջարկում է նաեւ դրա լուծումը. կրպակի տարածքի որոշակի մասն, ըստ սեփականաշնորհման պայմանագրի, կրպակատերերը պարտավոր են լինելու տրամադրել թերթերին: Նախարարի կարծիքով ծամոն կամ ծխախոտ վաճառելը թերթ վաճառելուն չի խանգարում, եւ թերթ վաճառելն էլ վնասաբեր չէ, քանի որ ի վերջո չվաճառված թերթերը ետ են ուղարկվում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4