«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2001-05-08 | #84, 2001-05-09 | #85, 2001-05-11


ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ ՕԿՈՒՊԱՆՏ ՉԷ

Շուշիի ազատագրման օրն այս տարի ոչ Երեւանում եւ ոչ էլ Ստեփանակերտում չունեցավ իր խորհրդին վայել շուքը, թեեւ Հայրենական պատերազմի հաղթանակը նշվեց հավուր պատշաճի: Ավելինՙ հանրապետության նախագահը չկարեւորեց տոնն իր ներկայությամբ, իսկ նախօրեին P. S. հաղորդաշարում Վարդան Օսկանյանը համարձակվեց ելույթով ստվեր նետել մեր արցախյան ազատամարտի վրա:

Վերջինիս խոսքը հնչում էր այնպես, կարծես խոսողը հայոց արտգործնախարարը չէր: Նա ինքնավստահ, ձեռքերը թափահարելով ազատագրված հայկական տարածքներն անվանեց «օկուպացված»ՙ վիրավորելով այն հազարավոր հայորդիներին, որոնք արյուն են թափել հայրենի այդ հողակտորի համար:

Արդեն առանց թաքցնելու շուտով ստորագրվելիք պայմանագրի խայտառակ մանրամասները, նա փորձում էր ապացուցել, որ հենց դա է մեզ համար նպաստավորը եւ վախեցնում էր վատթարով, եթե այսօր չհամաձայնվենք միջնորդների առաջարկությանը:

Մենք ստիպված ենք հիշեցնել պրն Օսկանյանին, իսկ նրա հետ միասին իշխանություններին, որ հայ զինվորն օկուպանտ չէ, այլ իր պապական հողերի եւ իրավունքների մի մասին շատ թանկ գնով տիրացած ազատամարտիկ: Որ ազատագրված բոլոր հողերը մերն են եղել ու կմնան, եթե դիվանագետները դադարեցնեն մեր նահատակ ընկերների արյամբ ազատված հողերի իրենց առեւտուրն ու հաստատակամ տեր կանգնեն հայոց իրավունքներին:

Եթե մեր գլխավոր դիվանագետն ի վիճակի չէ, ապա թող անմիջապես հեռանա ասպարեզից:

«Արցախ» գնդի կամավորականների անունիցՙ հրամանատար ՄԻՔԱՅԵԼ ԱՊՐԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4