«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2001-05-11 | #86, 2001-05-12 | #87, 2001-05-15


«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑԵԼ Է ԱՆՎԵՐԱԴԱՌՆԱԼԻ ԿԵՏԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»

<20018704.jpg>

Նախագահ Ռ. Քոչարյանի Նյու Յորքում ուրբաթ օրը արտահայտած այս միտքը Լոնդոնի «Ֆայնենշըլ թայմս» հեղինակավոր օրաթերթը երեկվա իր համարում դարձրել է Դեյվիդ Սթեռնի թղթակցության վերնագիր:

Այս երկիրը, գրում է հոդվածագիրն անցյալ շաբաթ Նյու Յորքում Հայաստանին նվիրված ներդրումային համաժողովից ստացած իր տպավորության մասին, արձանագրել է լավ առաջադիմություն իր տնտեսությունը հաստատելու ճանապարհին, սակայն ծայրաստիճան կարիք է զգում օտարերկրյա ներդրումների: Հազիվ 2 տարի առաջ, երբ զինված մարդիկ ներխուժեցին խորհրդարան եւ սպանեցին վարչապետին, խոսնակին եւ 6 ուրիշների, երկրի վարկը արտաքին ներդնողների առջեւ տուժեց համապատասխան չափով: Հաջորդ տարի արդեն ներդրումների տկար մակարդակը իջավ կրկնակի չափով, իսկ դրան հաջորդած վարչապետի փոփոխությունները առավել եւս շեշտեցին քաղաքական անկայունությունը, եւ թվում էր, որ նախկին Խ. Միության ամենափոքր եւ ամենատկար հանրապետություններից մեկի կառավարությունը չէր ցանկանում առաջ մղել բարեփոխումները, իսկ սեփականաշնորհումը դանդաղել էր:

Սակայն, գրում է Դեյվիդ Սթեռնը, անցյալ շաբաթ նախագահ Քոչարյանը Նյու Յորքում ասաց, թե «մինչ ամեն ինչ դեռեւս բարվոք վիճակում չի գտնվում», դեպի լավը փոփոխություններին այս երկրում ակներեւ են: «Հասարակական կյանքը Հայաստանում ավելի վստահելի եւ կանխատեսելի է դառնում, եւ մենք կարող ենք վստահորեն ասել, որ արդեն անցել ենք անվերադառնալի կետը դեպի ժողովրդավարություն եւ տնտեսական նոր հարաբերություններ մեր ճանապարհին»:

Այնուհետեւ հոդվածագիրը ներկայացնում է Համաշխարհային բանկի ֆինանսատնտեսական ցուցանիշները Հայաստանի մասինՙ ներքին համախառն արտադրանքի միջին 4-5 տոկոս աճ վերջին 5 տարիներին, ինֆլյացիայի համարյա զրոյական վիճակ, փոխանակման կայուն կուրս, Ազգային ժողովի կողմից գործարարամետ օրենքների ընդունում:

Հոդվածագիրն անշուշտ անդրադառնում է նաեւ, իբրեւ ներդրումը վանող երեւույթներ, ղարաբաղյան հակամարտության դեռեւս անլույծ վիճակին, ազգաբնակչության արտագաղթին եւ բնակչության մեծ մասի «բացարձակ աղքատությանը»: Ներդրումային հետաքրքրությունների տեսակետից որպես բացասական իրողություն նշվում է նաեւ Հայաստանի բնական հարստություններից զուրկ լինելը:

Այնուամենայնիվ, ավելի լավատեսական նոտաների վրա ավարտելով իր թղթակցությունը, հոդվածագիրը մեջ է բերում Հայաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Օուեյզ Սաադաթի խոսքերը, թե այս երկիրը ներդնողների առաջ ապագա հնարավորություններ է բացում բարձր տեխնոլոգիաների, ադամանդագործության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիայի զարգացման մեջ, նկատի ունենալով երկրի վարպետ աշխատուժը: Հակառակ բազմաթիվ պրոբլեմների, Համաշխարհային բանկն ու միջազգային գործակալությունները հավատում են, որ Հայաստանը թե՚ քաղաքական եւ թե՚ տնտեսական բարեփոխումներով օրինակելի կարող է լինել մնացյալ տարածաշրջանի համար: «Հայաստանը Կովկասում մեր առաջնորդող նավն է», ասում է պրն Սաադաթը: Փորձաքննությունն այն է, թե օտարերկրյա ներդնողները համաձա՞յն են այդ մտքին, իր հերթին հարց է տալիս հոդվածագիրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4