«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2001-05-11 | #86, 2001-05-12 | #87, 2001-05-15


ԱՐՄԱՏԱԿԱՆ ԱՄՆԵԶԻԱ

Հայաստանյան ԶԼՄ-ները եւ քաղաքական գործիչները ԼՂ կարգավորման բանակցային ներկա փուլը լուսաբանում ենՙ մի կողմ թողնելով բանակցություններում արված հայտարարությունների էությունը, զարգացումների տրամաբանությունը: Վերլուծությունների հիմքում դրվում է որեւէ սուտ կամ մտացածին բան, լավագույն դեպքում ելակետ ընդունվում նախագահ Քոչարյանին համակրել-չհամակրելու անձնական հանգամանքը:

Ուրեմնՙ եթե քաղաքական գործիչը հավանում է Քոչարյանին եւ նրա արտաքին քաղաքականությունը, ապա Հայաստանի նախագահը չի ստորագրի հայության շահերին հակասող որեւէ փաստաթուղթ: Եվ հակառակըՙ քաղաքական գործիչը չի հավանում Քոչարյանին, նրա արտաքին քաղաքականությունը, հետեւաբար Հայաստանի նախագահը ստորագրելու է մի փաստաթուղթ, որը հակասելու է երկրի շահերին: Հենց այս վերջինը ելակետ ընդունելով, ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը, ինչպես գրել էինք շաբաթ օրվա համարում, անդրադառնում է ԼՂ բանակցային ներկա փուլին:

Մարդկային առումով նախկին խոսնակի նկատմամբ չունենալով որեւէ կանխակալ վերաբերմունք, ուզում ենք նրա արտահայտած մի շարք փաստարկներին բերել հակափաստարկներ, որպեսզի «Ազգի» ընթերցողները հնարավորություն ունենան տարբերելու թացն ու չորը:

Արարքցյանն ասում է. «Ստորագրելով Ստամբուլի հռչակագիրը, Քոչարյանն արձանագրեց, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»: Հիշեցնենք 1997 թ. Տեր-Պետրոսյանն իր թիմով հեռացավՙ երբեք չթաքցնելով, որ Ղարաբաղը թողնվում է Ադրբեջանի կազմում:

1992 թ. ՀՀ ԳԽ-ն որոշում ընդունեց, որով սահմանափակվում էր ՀՀ նախագահի մանդատը ԼՂ հիմնախնդիրը կարգավորելիս: Հիշեցնենքՙ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս որոշմանը հակադրվեց հետեւյալով. «Հայաստանը երբեք չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որի տակ չլինի նաեւ ԼՂՀ ղեկավարության ստորագրությունը»:

Արարքցյանը պնդում է, թե մինչեւ 1997 թ. ընդհանրապես խոսք չի եղել Մեղրիի միջանցքի մասին: Հիշեցնենքՙ Մեղրիի միջանցքի մասին խոսակցություններն սկսվել են 1990-ական թթ., ՀՀՇ իշխանության տարիներին եւ քննարկվում են այսօր:

«Այս իշխանությունները պետք է հրաժարական տան, պետք է ընտրվի նորՙ լեգիտիմ իշխանություն», ակնարկում է ներկա նախագահի իբր անօրինական ընտրությունը նախկին խոսնակը: Մինչդեռ բոլորս ենք հիշում 1996 թ. սեպտեմբերը, երբ բռնի ուժով իշխանության պահվեց Տեր-Պետրոսյանը: Եթե չենք սխալվում, այդ օրերին գանգոսկրի վնասվածք ստացան Բաբկեն Արարքցյանը եւ մյուս արմատականըՙ Արա Սահակյանը: Մեր կարծիքովՙ Տեր-Պետրոսյանն էր, որ լեգիտիմ չէր:

Նախկին խոսնակը չշրջանցեց նաեւ Վարդան Օսկանյանի սայթաքումը «օկուպացված» տարածքների մասին: Մինչդեռ, 1994 թ. մայիսի 12-ին, երբ Բիշքեկում ստորագրվեց զինադադարի համաձայնագիր, ազատագրված շրջանները ձեւակերպված էին «գրավյալ տարածքներ» տերմինով: Իմիջիայլոց, այդ փաստաթուղթը ստորագրել է Բաբկեն Արարքցյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4