«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2001-05-11 | #86, 2001-05-12 | #87, 2001-05-15


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԿԱՏԱՐՎԱԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՋԱՆՈՒՄ ԷՐ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ «ՀՈՒՄԱՆԻՍՏ» ԵՐԵՎԱԼ

<20018702.jpg>

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նաիրի Հունանյանը թեպետ դատական նախորդ նիստում հայտնել էր, որ մինչեւ ԱԺ դահլիճ մտնելու նկարագրությունը բավականաչափ ասելիք ունի, սակայն մայիսի 14-ին նա սովորականից արագ անցումներով «մուտք գործեց» ԱԺ դահլիճ: Հայտնեց, որ անցաթղթային բյուրոյի մոտ Նաիրի Բադալյանի հետ զրուցելուց անմիջապես հետո ներս մտավ, վերցրեց իր, եղբոր եւ քեռու անուններով իջեցված անցաթղթերը, հաջողությունից ուրախանալով, վերջիններիս հետ մոտեցավ ԱԺ դարպասներին: Ներս մտնելիս նկատեց, որ Վռամ Գալստյանը դանդաղեցնում է քայլերը, մոտեցել է նրան եւ նկատել, որ հուզված է: Մինչեւ ոստիկանական պահակակետ նրանց ուղեկցել է Էդիկ Գրիգորյանըՙ հնարավոր վտանգներից մուտքն ապահովելու համար: Կասկածներ չծնելով, ոստիկանների մոտ թողել են իրենց փաստաթղթերը եւ ներս մտել: Աստիճանների վրա իրենց սպասել է Նաիրի Բադալյանը, որի հետ զրուցելով բարձրացել են մինչեւ դահլիճ: Ամբաստանյալը հայտարարեց, որ անվանակցի հետ հանդիպումը միանգամայն պատահականություն էր:

Չորսով իրար հետեւից հասել են կարմիր նախասրահ, մի պահ ձեռքի թղթապանակը տվել է Ն. Բադալյանին եւ մտել ջուր խմելու, արագ դուրս է եկել, կրկին թղթապանակը վերցրել է ձեռքը եւ շարունակել խոսակցությունը կաթողիկոսական ընտրություններից եւ այլ հարցերից: Կարմիր նախասրահ տանող աստիճաններին մոտենալով, տեսել է, որ եղբայրըՙ Կարենը, իրենից երկու քայլ առաջ անցնելով արագ հանել է ավտոմատը եւ վազել աստիճաններով դեպի կարմիր նախասրահ: Դա տեսնելով, թղթապանակը նետել է Ն. Բադալյանին եւ ավտոմատը հանելով վազել նրա ետեւից: Դահլիճ չմտած կրակահերթ է լսել, որը, իր ասելով, հունից հանել է իրեն եւ մոտակա բաց դռնից ներխուժել է դահլիճ: Եղբորը տեսել է լիովին անկառավարելի վիճակում, նա արդեն կրակել էր Վազգեն Սարգսյանի վրա, շարունակում էր կրակել վերեւ եւ գոռումՙ պառկեք:

Իր հոգեվիճակի մասին հայտնեց. «Այնպիսի հոգեկան վիճակում էի, որ կյանքումս չէի ապրել, աչքիս առաջ մշուշապատ էր»: Ամբաստանյալը նշեց, որ ավելի ուշ եղբայրն իրեն պատմել է, թե դահլիճ մտնելիս աստիճանի վրա քիչ էր մնում ընկներ, իրեն թվացել է, որ Վ. Սարգսյանն ինչ-որ բան է ասել ու շարժվել: Ինքը կիսադիրքից կրակել է, եւ դահլիճում խառնաշփոթ է սկսվել:

Ահաբեկչական խմբի ղեկավարը հայտնեց, որ այդ պահից իրենց ծրագիրն արդեն հօդս էր ցնդել եւ գործել են պահի թելադրանքով: Նախասրահում ինչ-որ շարժումներ է նկատել, սեղանների հետեւում կուչ եկած մարդկանց է տեսել, կարծելով, որ իրեն են նայում: «Իմ առաջին զգացողությունն այն էր, որ այդ կողմից կարող էին կրակել: Կրակեցի այդ ուղղությամբՙ առանց իմանալու, թե ովքեր էին այնտեղ եւ քանի հոգի»: Նախապես ծրագրվածի համաձայն դահլիճ պետք է մտնեին նախագահության դռնիցՙ թիկնապահների առկայությունը ստուգելու համար, բայց քանի որ ծրագիրը ձախողվել էր, նրա ասելով, կարծել է, որ թիկնապահներն են այնտեղ թաքնվել, եւ կրկին կրակել է նախագահության ուղղությամբ: «Այդ երկու հոգին երեսով դեպի գետին էին պառկած, գլուխներն ու ուսերը սեղանի տակ: Կրակեցի մեկ-երկու անգամ, դրանք ստուգողական կրակոցներ չէին, որովհետեւ ոտքերին էին կպել: Հետո մեխանիկորեն կրակեցի Վազգենի վրա, որին շատ մոտ էր կանգնած Կարենը, նրա ձայնից ուշքի եկա, որից հետո հետեւից ինչ-որ ձայներ լսեցի ու կրակոցներ», Կ. Դեմիրճյանին եւ Յ. Բախշյանին սպանելու նկարագրությունն ամբաստանյալն ավարտեց այսքանով: Հայտնեց, որ նախագահության հետնամուտքից ձայներ է լսել ու կրակոցներ, վազել է այնտեղ, մթության մեջ դռան բացվել-փակվելու ձայն է լսել եւ ինչ-որ մեկին նկատել: Նրա շարժումից ենթադրել է, որ կրակելու փորձ է անում եւ առաջինն ինքն է կրակելՙ այդպիսով սպանելով նաեւ Ռ. Միրոյանին: Այնուհետեւ փոխհրաձգությունը սաստկացել է, ինքն էլ չի նկատել, թե ինչպես են Է. Գրիգորյանն ու Դ. Բեջանյանը հայտնվել դահլիճում: Փոխհրաձգություն ասելով նկատի ունի լրագրողների աշխատատեղերի ձախ կողմից եկած կրակոցները, որոնք հեռացել են իր եւ եղբոր պատասխան կրակոցներից հետո, իսկ Դ. Բեջանյանը նրանց հետեւից նռնակ է նետել: Դրանից հետո անցել է շարքերով, ասելովՙ վեր կացեք, չենք եկել ձեզ սպանելու:

Այնուհետեւ լրագրողներին դուրս է բերել ԱԺ դահլիճից եւ կոչ արել ժողովրդին հավաքել այնտեղ: Անցնելուց նկատել է, որ իբր սողալով առաջ է գնում Անդրանիկ Մանուկյանըՙ խնդրելով դուրս բերել իրեն դահլիճից: «Մի քիչ համբերիր, լավ կլինի», խորհուրդ է տվել նրան:

Ամբաստանյալը հայտնեց, որ Արմենակ Արմենակյանի մահվան մասին տեղեկացել է շատ ավելի ուշ, դեպքը տեղի է ունեցել դահլիճ մտնելու առաջին 20 րոպեների ընթացքում, որովհետեւ դրանից հետո դահլիճի դռները փակվել են: Նշեց, որ ո՚չ ինքը, ո՚չ էլ ահաբեկչական խմբի անդամներից որեւէ մեկը նրան անձամբ չի ճանաչել: Քիչ անց զգացել է, որ դրսում աղմուկը մեծանում է, եւ կրակոցներ են լսվել: Քարտուղարության հեռախոսից զանգել է եւ զգուշացրել, որ փոխհրաձգություն կսկսվի, եթե մոտենան դահլիճին: Էդիկը, Վռամը եւ Դերենիկը պատգամավորների հետ փակել են դահլիճի դռները: Այնուհետեւ առաջին շարքում նկատել է Խոսրով Հարությունյանին, նրան պատգամել է դուրս գալ դահլիճից եւ զգուշացնել, որպեսզի զինված մարդիկ դռներին չմոտենան: Հավաքել են պատգամավորների մոտ եղած զենքերը: Բոլորին դիմելով ասել էՙ վախենալու ոչինչ չունեք, վեր կացե՚ք, նստե՚ք: Հաստատեց նախաքննության այն ցուցմունքը, որ Հմայակ Հովհաննիսյանին ասել է. «Դո՞ւ ինչի ես վախենում, դու այս երկիրը հո չե՞ս թալանել»: Խորհրդարանական խմբակցություններին խնդրել է խոսափողով դիմել դրսում հավաքվածներինՙ կոչ անելով ժողովրդին գալ խորհրդարանՙ «մեր եւ մեր երկրի ճակատագիրը միասնաբար որոշելու»:

Հաստատեց, որ դահլիճում փնտրել են ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանին եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջիններս հեռախոսով կապվեն գերատեսչությունների հետ եւ զգուշացնեն զինված հարձակում չգործելու համար: Ըստ դատարանի դահլիճում նստածներից ոմանց արձագանքիՙ «տեղեկացնեն, որ գործն արված է»: Ն. Հունանյանը նշեց, որ նրանց դահլիճում չեն գտել, սակայն պարզվել է, որ փնտրողը (նրա անունը չի հիշում) Ս. Աբրահամյանին չի ճանաչել, քանի որ վերջինս դահլիճում է եղել այդ ժամանակ:

«Իմ ծրագիրը խախտվել էր, եւ արդյունքում նախատեսված եւ չորոշված զոհեր էին եղել: Ես ինքս հայտնվել էի անորոշ մի հոգեվիճակումՙ սկզբում բնազդաբար, այնուհետեւ սթափվելով եւ փոքր-ինչ սառելով զգում եւ հասկանում էի, որ ստեղծված իրավիճակում իշխանությունը փոխելու ծրագիրը շարունակելը կարող էր ճիշտ չընկալվել ժողովրդի կողմից, չհասկացվել», սրանով բացատրեց տարբեր քաղաքական գործիչների ԱԺ դահլիճ հրավիրելը: Քարտուղարությունում իր մոտ մի խումբ պատգամավորներ եւ կառավարության անդամներ էին հավաքվել: Դաշնակցության խմբակցության պատգամավորներից Մարտուն Մաթեւոսյանին դիմելով, ասել է, որ կապվի ՀՅԴ ԳՄ անդամներից Հրանտ Մարգարյանի հետ եւ հեռախոսը փոխանցի իրեն: Նրան ասել է, որ տղաներին վերցնի գաՙ «նկատի ունենալով կուսակցության ղեկավարներին, այդ թվում Վահան Հովհաննիսյանին, որին դահլիճում չտեսա»: Այնուհետեւ Հայկ Բաբուխանյանին նկատելով, ասել էՙ ԱԺ դահլիճ կանչի Հրանտ Խաչատրյանին ու Արտաշես Գեղամյանին: ԱԺՄ-ից մեկին պատվիրել է դահլիճ կանչել Վազգեն Մանուկյանին: «Միասնություն» խմբակցությանը հատուկ չեմ դիմել, քանի որ Անդրանիկ Մարգարյանը հենց սկզբից եղել է քարտուղարությունում եւ նրան ասել եմ միասնաբար պետք է լուծումներ փնտրել»: Հայկ Բաբուխանյանին պատվիրել է կապվել նաեւ Սամվել Բաբայանի հետ, ինքը զանգահարել է Ռազմիկ Վասիլյանին, նրա դիրքորոշումն իմանալու համար, սակայն վերջինս տանը չի եղել:

Այս իրավիճակում առողջապահության նախկին նախարար Հայկ Նիկողոսյանը տեղեկացրել է, որ դահլիճում վիրավորներ կան, ուզում է մոտենալ նրանց: Ամբաստանյալի ասելով, օգնություն ցույց տալու հարցում նրան օգնել է նաեւ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը, որը մասնագիտությամբ բժիշկ է: Ն. Հունանյանը ջանք չխնայեց իր մարդասիրական եւ հումանիստական նկրտումները ցուցադրելու նաեւ այս հարցում եւ շեշտեց, որ զանգահարել է նաեւ շտապօգնություն, ենթադրում է, որ իրենից հետո հնարավոր է նաեւ Հ. Նիկողոսյանը զանգահարած լինի ձեռքի հեռախոսով: Վիրավորներին օգնել են դահլիճից դուրս բերելու հարցում, ոմանք ինքնուրույն են դուրս եկել:

Դահլիճ մտնելուց մեկ ժամ չանցած, պատգամավորներից մեկին պատվիրել է հեռախոսով կապվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի հետՙ հանրապետության նախագահին դահլիճ կանչելու համար: «Ալիկին ներկայացրի դահլիճի վիճակը եւ ասացի, որ նախագահի հետ գանՙ տեսնենք, ազգի վերջն ինչ է լինելու»: Անդրանիկ Մարգարյանը հարցրել է, թե նախագահի անվտանգությունը երաշխավորո՞ւմ է: Ի պատասխան հայտնել էՙ գլխովս պատասխանատու եմ: Նույն առաջարկով իրեն են մոտեցել նաեւ Կոմկուսի պատգամավորներից Հրանտ Ոսկանյանն ու Պերճ Բոշնաղյանըՙ նախագահի հետ բանակցելու համար, սակայն վերադարձել են, հայտնելով, որ Ռ. Քոչարյանի հետ չի հաջողվել հանդիպել: Այդ ընթացքում քարտուղարության հեռախոսով իրեն է զանգահարել Վահան Շիրխանյանը, որի հետ ունեցած կարճատեւ զրույցից ասաց, թե ոչինչ չի հիշում, բայց նրա հարցին պատասխանել է, թե արդեն կապ է հաստատել ՀՀ նախագահի աշխատակազմի հետ: Հրանտ Մարգարյանի հետ երկրորդ հեռախոսազանգը կրկնել է 20-25 րոպե հետո եւ հարցրելՙ ի՞նչ եղավ, ինչո՞ւ չես գալիս: «Նա ասաց, որ արդեն գալիս է»:

Երեկվա ողջ դատական նիստի ընթացքում ամբաստանյալը ներկայացրեց հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում տեղի ունեցած ընդամենը 1-ժամյա գործողությունը:

Դատական նիստը կշարունակվի մայիսի 16-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4