<20018703.jpg>
Երեք տարվա ընթացքում սեփականաշնորհումն իրականացվել է 50 տոկոսով
Երեկ խորհրդարանում լուրեր սկսեցին պտտվել, թե «Միասնություն» խմբակցության ՀԺԿ թեւը պատրաստել է հայտարարության ինչ-որ տեքստ, որը քննադատում է «Հոկտեմբերի 27»-ի գործի ներկայիս դատավարության ընթացքը: Տեքստը բաժանվել է խմբակցության մյուս թեւինՙ «Հանրապետական» կուսակցությանը, ինչպես նաեւ «Հայաստան» խմբին:
Թեեւ ի սկզբանե ՀԺԿ-ն արտահայտել էր իր դիրքորոշումը դատավարության վերաբերյալ, սակայն միայն տեսակետների մակարդակով: Քաղաքական հայտարարությամբ հանդես գալը նոր վերաբերմունք է տիրող իրավիճակի հանդեպ, ինչը նշանակում է, որ ՀԺԿ-ն կամ լուրջ մտավախություններ ունիՙ կապված դատավարության ընթացքի հետ, կամ որոշակի այլ նպատակներ:
ՀԺԿ անդամ, «Միասնություն» խմբակցության քարտուղար Վարդան Մկրտչյանը «Ազգին» մեկնաբանեց, սակայն, թե «նախապես հայտարարության բովանդակության մասին ես ոչինչ չեմ ասի: Այդ նախաձեռնությունը կա, դրա վրա աշխատում ենք: Ամեն դեպքում դա առնչվում է «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը, այսինքնՙ անուղղակի առնչվում է այնքանով, որքանով խոսքը վերաբերում է այն մթնոլորտին, որը ձեւավորվել է դատավարության շուրջ: Գոյություն ունի որոշ կասկածներ փարատելու խնդիրը, եւ մենք ամեն ինչ կանենք, որ այդպիսի կասկածներ եւ այդպիսի մթնոլորտ չստեղծվեն»: Թեեւ ոչ մի խոսք չասվեց, թե ի՞նչ կասկածների մասին է խոսքը, այնուհանդերձ, իրենց մտավախությունները ՀԺԿ-ն փորձում է հայտնել նաեւ մյուս քաղաքական ուժերին:
Նախաձեռնությունը թերեւս սպասելի էր, եթե նկատի ունենք, որ կարծիք է ձեւավորվում, թե դատավարությամբ փորձ է արվում Նաիրի Հունանյանից հերոսի կերպար ստեղծել: Սակայն հաշվի առնենք, որ ցանկացած նման նախաձեռնություն որոշակի անկայունացնող ռեսուրսներ է պարունակում, որը ժնեւյան կարեւորագույն հանդիպումից առաջ պարզապես անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ: Սակայն Վարդան Մկրտչյանը չի ընդունում նման մոտեցումը. «Չէի ուզենա, որ բնական եւ տրամաբանորեն ճիշտ մոտեցումները, որոնք ինչ-որ հարցում կարող են օգուտ տալ գործին, խանգարեն ժնեւյան հանդիպմանը: Ընդհակառակըՙ կարող են ավելի օգուտ տալ այդ գործընթացին»:
Չնայած Մկրտչյանը տեքստի մասին ոչինչ չխոսեց, սակայն «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը հասկացրեց, թե այնտեղ խոսք կարող է գնալ Հունանյանի «վրա աշխատելու», նրան դատական ընթացքին նախապատրաստող որոշակի գործողությունների մասին: Ըստ նրա, փաստն առկա է, եւ իրենք այդ տեսակետից լիովին ընդունում են գործընկերների մտահոգությունը: Չի բացառվում, որ «Հայաստան» խումբը եւս կստորագրի դեռեւս ջրի երես դուրս չեկած փաստաթուղթը: Թե ինչ դիրքորոշում կորդեգրի ՀՀԿ-նՙ հայտնի չէ: Հիշեցնենք, որ դեռեւս դատավարության սկզբնական շրջանում դաշինքի երկու թեւերի միջեւ լուրջ հակասություն առաջացավՙ կապված այն բանի հետ, թե կա՞ն ի վերջո կազմակերպիչներ եւ հրահրիչներ, թե՞ ոչ: Եթե ՀՀԿ-ն ընդառաջի նախաձեռնությանը, ապա կարելի է համարել, որ դաշինքում հարթվել է թերեւս ամենալուրջ հիմնահարցերից մեկը:
Ամեն դեպքում Վարդան Մկրտչյանը չբացառեց այսօր ԱԺ ամբիոնից հայտարարությունը հրատարակելու հավանականությունը:
Մասնավորեցում... հանուն մասնավորեցման
ԱԺ քննարկմանը ներկայացվեց «Պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թթ. ծրագրի հաշվետվությունը», որը, մեղմ ասած, հուսադրող չէ: Ծրագրում ընդգրկված է մոտ 900 ընկերություն, որոնցիցՙ խոշոր, միջին թե մանր, հաջողվել է սեփականաշնորհել ընդամենը 251-ը: Շուրջ 200-ի վերաբերյալ լուծարումների որոշումներ են ընդունված: Խնդիրն այն է, որ վերջին կարգի ընկերությունները, օրենքի համաձայն, երեք անգամ անհաջող աճուրդի են դրվում, պետք է լուծարվեն: Սակայն դա չի խանգարում տվյալ ձեռնարկությունը դարձյալ սեփականաշնորհման ներկայացնել: Ներկայացված հաշվետվության համաձայն, սեփականաշնորհումից պետական բյուջե է մուտքագրվել մոտ 6 մլրդ դրամ, որն, ինչ խոսք, չափազանց նվազ է:
Հետեւելով գործընթացի ժամանակացույցին, պարզվում է, որ աստիճանաբար սեփականաշնորհումը դանդաղում է: Պետական գույքի կառավարման փոխնախարար Աշոտ Մարկոսյանի կարծիքով, դա պայմանավորված է մի քանի հանգամանքով: «Առաջին տեղում սեփականաշնորհման սերտիֆիկատների գործոնն է, որով խոսքը վերաբերում է անհավանական եւ շուկայական գների տարբերությանը: Բայց քաղաքական որոշումն արդեն կայացվել է, որ մասնավորեցումը շարունակում ենք առանց սերտիֆիկատների, եւ մենք գիտեինք այդ ժամանակ, որ սեփականաշնորհման տեմպերը դանդաղելու են: Երկրորդ խոշոր արգելքը պարտքերի մարման խնդիրն է: Այս հիմնախնդիրները չեն լուծվում ոչ միայն ծրագրում ընդգրկված, այլեւ մյուս ընկերությունների համար: Սա կենտրոնական հարցերից է: Խնդիրը մի քանի լուծման ձեւեր ունի: Դրանցից մեկը պարտքերը սառեցնելն է: Մյուսը հոլդինգ ընկերությունների ստեղծումն է, այսինքնՙ պարտքերը հավաքվում են դրա վրա, ձեռնարկությունը մաքրվում է, ինչը ներդրումների համար գրավիչ է դարձնում»:
Այն ձեռնարկությունները, որոնք չհաջողվեց սեփականաշնորհել, կմտնեն 2001-2003 թթ. մասնավորեցման ծրագիր: Հասկանալի էՙ շարունակական կուտակումները ծրագրերում եւ նրանց տեղափոխումները ոչ մի արդյունք էլ չեն տալու, եթե խնդիրը խորքային լուծում չստանա եւ եթե մերժվի մասնավորեցում հանուն մասնավորեցման գաղափարը:
Ի վերջո, սեփականաշնորհումը կատարվում է ոչ այնքան կուտակված պարտքերը մարելու, որքան ձեռնարկությունների վերակենդանացման եւ առողջացման նպատակով: Մի բան, որ երբեք առաջնահերթ խնդիր չի դիտվել: Իսկ դրա համար անհրաժեշտ է վերանայել ձեռնարկությունների լուծարման հետ կապված հարաբերությունները եւ վերականգնել կառավարության 2000 թ. ապրիլի 16-ի որոշումը, որով փորձ արվեց ծրագրում ընդգրկված ընկերություններին հեռու պահել սնանկացումների եւ լուծարումների գործընթացից, որը տարվա վերջում, սակայն, կորցրեց ուժը:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ