Մնում է դրանք իրացնել, այլ ոչ թե յուրացնել
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաեւ մի քանի այլ նախարարներ եւ փոխնախարարներ, մայիսի 9-11-ը գտնվում էր Գերմանիայում: Այստեղ քննարկվում էին 2001-2002 թթ. Հայաստանի աջակցության գերմանական ծրագրերը: Վարդան Խաչատրյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ գերմանական կողմը Հայաստանին տրամադրել է ընդհանուր առմամբ 44 մլն մարկի վարկեր եւ դրամաշնորհներ, որոնցից մի քանիսը նպատակային օգտագործելու դեպքում աճման հնարավորություն ունեն:
30 մլն մարկ տրամադրվել է որպես արտոնյալ վարկ, 40 տարով, մարումը սկսվում է 10-րդ տարվանից հետո, 0,75 տոկոսով: Այդ գումարից 20 մլն մարկը կտրամադրվի Շիրակի մարզի եւ Վանաձորի խմելու ջրի մատակարարման ծրագրին: Ընդհանրապես վերոնշյալ ծրագիրն արժե 100 մլն մարկ, որն ընդգրկում է նաեւ ջրահեռացման, մաքրման աշխատանքները: Ջրամատակարարման մասը կազմում է 40 մլն մարկը: Այդուհանդերձ, գերմանական կողմն առայժմ տրամադրել է 20 մլն-ը:
10 մլն մարկի կեսը կտրամադրվի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը, որտեղ նախկինում տրամադրված գումարներն, ըստ հայկական եւ գերմանական կողմերի, արդյունավետ են իրացվում: Մյուս 5 մլն մարկով ձեռք են բերվելու ժամանակակից բուժսարքավորումներ, պայմանով, որ պետք է հնարավորություններ ստեղծվեն դրանցից հասարակության անապահով խավի օգտվելու համար:
Դրամաշնորհներից 8 մլն մարկը տրամադրվել է որպես տեխնիկական օգնություն, որը հիմնականում տարբեր ծրագրերի իրավախորհրդատվության համար է նախատեսված: Եվս 1 մլն մարկ տրամադրվել է որպես պարենային օգնություն, որը կավելանա մինչեւ 6 մլն, եթե ճիշտ օգտագործվի: Գերմանացիները պատրաստակամություն են հայտնել 2 մլն մարկ տրամադրել ներդրումային արդյունավետ ծրագրերի իրականացման համար, եթե այդպիսիք լինեն:
Հայկական կողմը ներկայացրել է տարածաշրջանի մյուս երկրների (Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան) հետ միասնական էներգահամակարգ ստեղծելու ծրագիրը, որի մեջ ներկայացվել են նաեւ Իրան-Հայաստան գազամուղը, բարձրավոլտ կապի ստեղծումը կամ վերահաստատումը հարեւանների հետ: Սակայն էներգետիկ բնագավառին գերմանացիները որեւէ գումար չեն տրամադրել: Պատճառը, որը խոստովանեց նաեւ ֆինանսների նախարարը, նախկինում այս ոլորտին տրված գումարների իրացման հայկական կողմի ձգձգումներն են, ինչը Վարդան Խաչատրյանն անհասկանալի համարեց: Նրա կարծիքով, Գերմանիայի պես երկրի հետ պետք է ավելի լավ հարաբերություններ ունենալ, հատկապես, եթե նկատի ունենանք, որ նրա կառավարությունն առանց խորհրդարանի հաստատման իրավունք ունի մինչեւ 10 մլրդ մարկ գումար տրամադրել: Եվս մեկ հետաքրքիր ծրագիր է գերմանական KfW կազմակերպության կողմից 15 մլն մարկի շրջանակներում հայկական բանկերի համար երաշխավոր հանդես գալը:
Մի խոսքով, գումարները տրվել են, մնում է դրանք իրացնել, չշփոթելով յուրացման հետ: Գերմանացիները պատրաստ են ավելին տրամադրել, սակայն «ամեն ինչ կախված է մեզանից»: Իր խոսքն այսպես եզրափակեց ֆինանսների նախարարը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ