«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2001-05-11 | #86, 2001-05-12 | #87, 2001-05-15


ՀԱՅԿԱԿԱՆ ԼԱՄՊԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԻԼԻՈՆՆ ԱՐՏԱՀԱՆՎԵՑ ԻՐԱՆ

«Գրանդ սանի» վերագործարկումը շարունակվում է

Շաբաթ օրը «Գրանդ սանի» լամպերով բեռնավորված առաջին բեռնատարն ուղեւորվեց Իրան: Դրան կհետեւեն եւս մի քանի մեքենաներ, եւ արտահանվող հայկական լամպերի առաջին 1 մլն խմբաքանակը կամբողջանա: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը, «Գրանդ սանի» արտադրանքի 90-95 տոկոսը, ըստ նախկին լամպերի գործարանի վերագործարկման բիզնես-ծրագրի, նախատեսված է միայն արտահանման համար եւ միայն 5 տոկոսըՙ տեղական շուկայի: Իրանին հետեւելու են Ռուսաստանը, Արաբական Էմիրությունները, Իրաքը, Քուվեյթը եւ այլն: Ընդհանրապես, ընկերության արտահանման պայմանագիրը, ըստ «Գրանդ սանի» նախագահի բնորոշման, «անսահման է», քանի որ գործարանը ամսեամիս, քայլ առ քայլ վերադառնում է իր երբեմնի աշխատանքային ռիթմին: Շաբաթ օրը գործարկվեց նաեւ առաջին վառարանըՙ մոտ 5 տոննա տարողությամբ, որն արտադրելու է ցերեկային կամ փողոցային լամպերի ապակե կիսաֆաբրիկատներ: Այս վառարանը «Գրանդ սանի» պատվերներով աշխատող Օշականի վառարանի հետ կապահովի ապակե կիսաֆաբրիկատների ներկա պահանջարկը, մինչեւ որ հունիսի կեսերին կբացվի երկրորդ, արդեն ավելի հզորՙ մոտ 60 տոննա տարողության վառարանը, որի գործարկմամբ գործարանի տարեկան արտադրողականությունը կհասնի 30-35 մլն-ի: Ընդհանուր առմամբ, «Գրանդ սանի» բիզնես ծրագրով նախատեսված առավելագույն արտադրողականությունը կազմելու է տարեկան մոտ 100 մլն, որի համար կպահանջվի նաեւ երրորդ ամենահզոր վառարանի (100-120 տոննա տարողության) վերականգնումը: Այդ ծավալների ապահովման դեպքում գործարանի բանվորների թիվը կհասնի բիզնես-ծրագրով նախատեսված չափիՙ մոտ 3000-ի: Ներկայումս «Գրանդ սանում» աշխատում է 1000 մարդ, որոնց թիվը տարեվերջին նախատեսված է հասցնել 1500-ի: Աշխատանքի ընդունվելու համար ներկայումս մոտ 7000 մարդ էլ հերթի է կանգնած: Գործարանի վերագործարկմանը զուգահեռ մեծանում է բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետների պահանջարկը: Այդ իսկ պատճառով ընկերության նախագահը վերջերս նամակով դիմել է Երեւանի ճարտարագիտական համալսարանինՙ նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի լուսատեխնիկայի բաժինը, որը տարիներ շարունակ փակ էր, վերաբացելու առաջարկով: Լիարժեք հզորությամբ աշխատելու դեպքում գործարանը, ըստ Հ. Վարդանյանի, կարիք կունենա տարեկան 20-25 լուսատեխնիկական համակարգի մասնագետի, որոնց մասնագիտական պրակտիկան կկազմակերպվի անմիջապես ձեռնարկությունում:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4