Կիրակի օրըՙ մայիսի 13-ին, Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց «Սեւանա լճի մասին» օրենքի նախագիծը:
Քննարկմանը մասնակցում էին Սեւանա լճին առնչվող կազմակերպությունների ու լճափնյա համայնքների ղեկավարներ, մարզպետարանի վարչությունների պետեր, ԳԱԱ հիդրոբիոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Հովհաննիսյանն ու ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Գագիկ Թադեւոսյանը, Վարդան Բոստանջյանը: Վերջիններս օրենքի նախագծի համահեղինակներ են: Խորհրդակցությունն անցկացնում էր մարզպետ Վահագն Հակոբյանը: Որ օրենքի ընդունումն անհրաժեշտություն է եւ բազմաթիվ հարցերի լուծման բանալին, նշեցին բոլորը, սակայն կան խնդիրներ, որոնց քննարկմամբ եւ նոր առաջարկություններով պետք է լրամշակվի նախագիծը: Չնայած աննշան տարաձայնություններին, օրենքի նախագիծը հիմնականում ներառում էր այն խնդիրները, որոնք ուղղված են լճի էկոլոգիական հավասարակշռության պահպանմանն ու լճի հետ կապված տնտեսական գործունեության ծավալման հստակեցմանը: Օրենքով վերջապես կարգավորվում եւ հստակեցվում է «Մեկ լիճ, մեկ տեր» սկզբունքը, որով վերջ կդրվի կարապի, խեցգետնի եւ գայլաձկան քաղաքականությանը: Հիշենք, թե ինչպես տարիներ շարունակ գյուղատնտեսության, բնապահպանության եւ էներգետիկայի նախարարություններից յուրաքանչյուրն իր շահերից ելնելով օգտագործում էր լիճըՙ անխնա վատնելով ե՚ւ ջրային, ե՚ւ կենդանական պաշարները: Իսկ օրենքում հստակ նշվում է, որ լճի տերը ժողովուրդն է, լիճը պետական սեփականություն էՙ ի դեմս ՀՀ նախագահ-ԱԺ-կառավարություն եռանկյունու եւ ենթակա չէ օտարման: Օրենքի ընդունումից հետո կառավարությունը լճի հետ կապված համալիր ծրագիր պետք է ներկայացնի ԱԺ, իսկ երեք ամիսը մեկ պետք է հանդես գա ծրագրի կատարման հաշվետվությամբ: Ընդհանուր առմամբ, օրենքի նախագիծը հավանության արժանացավ խորհրդակցության մասնակիցների կողմից:
ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ