Տուրգործակալությունները դժգոհում են գներից, ՀԱՈՒ-նՙ արդարանում
Անդրադառնալով տուրիստական գործակալություններին, տուրիստների սպասվող հոսքին ու 1700-ամյակի տոնակատարությունների հետ կապված ծրագրերին, «Ազգը» բազմիցս է արձանագրել տուրիզմով զբաղվող մասնավոր ընկերությունների դժգոհությունը «Հայկական ավիաուղիների» ոչ ճկուն գնային քաղաքականությունից: Տուրգործակալությունների փաստարկներով (ընդ որումՙ ոչ միայն հայաստանյան, այլեւ արտասահմանյան, մասնավորապես, լիբանանյան մի քանի ընկերությունների) ՀԱՈՒ-ի ոչ համարժեք գնային քաղաքականության հետեւանքով մի քանի արդեն պլանավորված խմբեր կրճատվել են: Ընդհանուր առմամբ, ըստ դժգոհողների, միայն ավիատոմսերի ու հյուրանոցների բարձր գների պատճառով տուրփաթեթի գինը արհեստականորեն աճում է 50-60 տոկոսով: Վերոհիշյալ կարծիքների, ինչպես նաեւՙ ՀԱՈՒ-ի գնային քաղաքականության մասին մեկնաբանություններ ստանալու համար «Ազգը» դիմեց «Հայկական ավիաուղիների» կոմերցիոն տնօրինության ղեկավար Հրայր Բաբայանին:
«ՀԱՈՒ-ի գներից բողոքողներն անտեղյակներն են»
Պրն Բաբայանի պնդմամբ, տուրգործակալությունները, թերեւս, բավարար տեղեկատվություն չունեն, այլապես նման կարծիք չէին հայտնի: ՀԱՈՒ-ն ունի զեղչային ճկուն համակարգ: Զեղչերը վերաբերում են խմբերին (նաեւՙ տուրխմբերին). յուրաքանչյուր 11-րդ ուղեւոր ունի անվճար երթեւեկելու իրավունք: Օրինակ, Երեւան-Ֆրանկֆուրտ չվերթի 2 ամսվա (այսինքն, երբ ուղեւորի հետդարձի տոմսի արժեքը ուժի մեջ է երկու ամսում) տոմսի արժեքը 470 ԱՄՆ դոլար է, խմբակային տոմսի արժեքը 450 դոլար է, եթե դրան գումարենք 11-րդ անվճար ուղեւորատոմսը, ապա ստացվում է, որ խմբի համար մեկ ուղեւորատոմսն արժենում է մոտ 400 դոլար: Զեղչային համակարգը գործում է բոլոր եվրոպական ուղղություններում, ինչպես նաեւՙ Երեւան-Բեյրութ եւ Երեւան-Դուբայ ուղղություններում: Ինչ վերաբերում է կոնկրետ գներին, ապա դրանք սահմանվում են տնտեսական հիմնավորումներից ելնելով: Յուրաքանչյուր ապրանքի գին գոյանում է ինքնարժեքից: Տվյալ դեպքում ՀԱՈՒ-ի տոմսի մեջ մտնում են վառելիքի գները, օդանավակայանային սպասարկման գները, մնացած բոլոր ծախսերը, որոնցից էլ կախված է տոմսի ինքնարժեքը: ՀԱՈՒ-ն չի որոշում ոչ վառելիքի եւ ոչ էլ օդանավակայանների մատուցած ծառայությունների գները, հետեւաբար, ամեն ինչում նրան մեղադրելը ճիշտ չէ: Կոմերցիոն ղեկավարի մեկնաբանությամբ, այսօրվա դրությամբ ավիաընկերությունը առավելագույն ցածր սակագներով է աշխատում: Պրն Բաբայանին պարզապես զարմացնում են այն պնդումները, թե ինչո՞ւ ՀԱՈՒ-ն չի բացում նոր չվերթներ այս կամ այն ուղղությամբ: Որ այս կամ այն ուղղությամբ չվերթներ չլինելու պատճառով ուղեւորը ստիպված է լինում օգտվել տարանցիկ երթուղիներից (հիմնականումՙ Մոսկվայով) ու ծախսել լրացուցիչ փողեր ու ժամանակ, հասկանալի է: Բայց դրանք այլընտրանքային ճանապարհներ են, որոնցից ստիպված է օգտվել ուղեւորը, իսկ ավիաընկերությունը չի կարող մի քանի ուղեւորի համար բացել ամբողջ չվերթներ: Յուրաքանչյուր նոր չվերթի բացումը պահանջում է հսկայական ծախսեր, եւ ՀԱՈՒ-ն, մինչեւ չունենա տնտեսական շահավետության իր հաշվարկները, չի կարող իրեն թույլ տալ նորանոր չվերթներ բացելու ավելորդ ճոխություն:
Նկատելի է ուղեւորահոսքի 20տոկոսի աճ
«Հայկական ավիաուղիների» կողմից մշակվել է 1700-ամյակի հետ կապված հատուկ ծրագիրՙ ուղեւորների սպասարկման, գովազդի, խմբերի տեղափոխման կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: 1700-ամյակի հետ կապված արդեն պատրաստվել են գովազդային նյութեր, պատվիրվել են օրացույցներ, բուկլետներ:
Պրն Բաբայանի կարծիքով, դատելով այս տարվա առաջիկա ամիսների չվերթների ամրագրումներից, որոշ օրերին, հատկապես կարեւոր միջոցառումների, սպասվում է ուղեւորահոսքի զգալի աճ, իսկ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, ինչպես նաեւ հոկտեմբերի սկզբին, որոշ իմաստով, պիկ սեզոն: Ուղեւորահոսքի աճը նկատելի է հատկապես եվրոպական երթերում: Մոտ 10 տոկոսի աճ է նկատվել նաեւ ԱՊՀ երկրների ուղղությամբ, ինչը, սակայն, դժվար է այս տարվա հետ կապելը:
Վերոհիշյալ մեկնաբանությունները թվերով կոնկրետացնելու համար դիմեցինք կոմերցիոն ծառայության վիճակագրությանը: Այսպիսով, «Հայկական ավիաուղիները» այսօրվա դրությամբ, բացի ԱՊՀ երկրներ չվերթներից, իրականացնում է 9 ուղիղ չվերթ (մայիսի 10-ին բացված Երեւան-Թավրիզ չվերթը, փաստորեն, 10-րդն էր) դեպի Եվրոպա ու ասիական երկրներ. ընդ որումՙ Երեւան-Փարիզ (շաբաթական 2 անգամ), Երեւան-Ամստերդամ (2), Երեւան-Ֆրանկֆուրտ (1), Երեւան-Աթենք (առայժմ 1), Երեւան-Ստամբուլ (2), իսկ ասիական ուղղությամբՙ Երեւան-Հալեպ (առայժմ 1), Երեւան-Թեհրան (2), Երեւան-Դուբայ (2), Երեւան-Բեյրութ (2): Անցյալ տարվա երեք ամիսների համեմատ (հունվար, փետրվար, մարտ) եվրոպական բոլոր ուղղություններով արձանագրվել է ուղեւորահոսքի զգալի աճ. Փարիզի ուղղությամբՙ 21 տոկոս, Ամստերդամիՙ 11, Ֆրանկֆուրտիՙ 12, Աթենքիՙ 39: Փոխարենը Ստամբուլի ուղղությամբ նկատելի է ուղեւորահոսքի 55 տոկոսի նվազում, Հալեպի ուղղությամբՙ 53, Թեհրանի ուղղությամբՙ 40, Բեյրութիՙ 9: Ասիական տարածաշրջանում միայն Դուբայի ուղղությամբ է նկատելի ուղեւորահոսքի 20 տոկոս աճ: Ինչ վերաբերում է տարանցիկ չվերթներին, մասնավորապես Միացյալ Նահանգների ուղղությամբ, ընդհանուր առմամբ նկատելի է մոտ 20 տոկոսի աճ: Ընդհանրապես, այս տարվա ամբողջ կտրվածքով, հաշվի առնելով արդեն իսկ արված ամրագրումները, ՀԱՈՒ կոմերցիոն ծառայության տվյալներով նկատելի է ուղեւորահոսքի 20 տոկոսի աճ, ինչը նշանակում է, որ պնդումները, թե 1700-ամյակի միջոցառումներով պայմանավորված աշխուժություն չկա հանրապետությունում, սխալ են:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ