Հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2003 թ., մինչդեռ, ինչպես կարելի է եզրակացնել որոշ քաղաքական ուժերի վերջին շրջանում ցուցաբերած ակտիվությունից, ընտրապայքարն արդեն սկսվել է: Աշխուժության նշաններ են ցուցաբերում հատկապես այն ուժերը, որոնք համեմատած մյուսների հետ, քիչ թե շատ ժողովրդականություն են վայելում:
Երկու ամիս առաջ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունն այցելություն նախաձեռնեց Սյունիքի մարզՙ հանդիպելով տարբեր համայնքների բնակիչների հետ: Որից հետո խորհրդարանում ակտիվորեն սկսեցին բարձրացնել տեղերում առաջացած հարցերը: Որոշ ժամանակ անց նույն խմբակցությունն այցելեց նաեւ Տավուշի մարզՙ դարձյալ կրկնելով սցենարը: Եվ չնայած նման նախաձեռնությունները բնական եւ քաղաքակիրթ ձեւով էին արվում, այնուհանդերձ տրամաբանական հարցադրումը, թե ինչու ՀՅԴ-ն պարբերական չէր դարձնում հանդիպումներն անմիջապես խորհրդարան մտնելուց հետո, պատասխան չէր գտնում, քանի դեռ նետված խայծը կուլ չտվեց Ազգային միաբանություն կուսակցությունը:
Վերջերս այս կուսակցությունը լրատվամիջոցներով սկսեց գովազդել իրենց կողմից նկարահանված «Մենք» տեսաֆիլմը, որտեղ ներկայացվում էր երկրի եւ ժողովրդի թշվառ վիճակը: Սակայն տեսաֆիլմն անթաքույց գովազդում էր նաեւ ԱՄ-ին եւ նրա ղեկավար Արտաշես Գեղամյանինՙ առանձին մարդկանց կերպարներով, որոնք Հայաստանի փրկությունը կապում էին միայն Գեղամյանի հետ: Տեսաֆիլմի ցուցադրումը, որի քարոզումն, ի դեպ, բավականին հաջողվեց հեղինակներին, գուցե ուշադրության չարժանանար, եթե դրան չհաջորդեր Ազգային միաբանության որոշ անդամների, ավելի կոնկրետՙ Ալեքսան Կարապետյանի սենսացիոն հայտարարությունը, թե իշխանությունները նախապատրաստվում են շանտաժի եւ ճնշման այլ միջոցներով ահաբեկել կուսակցությանը: Ուշադրություն դարձնենքՙ խոսքը նախապատրաստման մասին է ընդամենը: Հայտնվեց նաեւ, թե հեռախոսազանգերով մասնավորապես Գեղամյանի ընտանիքին նախազգուշացրել ենՙ եթե նա չդադարեցնի իր հակաիշխանական ելույթներն ու գործողությունները, իրենք այլ միջոցների կդիմեն: Թե ո՞ւմ կողմից էին եղել նախազգուշացումները եւ կամ ինչո՞ւ կուսակցության անդամները չեն դիմում իրավապահ մարմիններին, հայտարարության հեղինակը լռություն է պահպանում: Ի՞նչ կարող է սա նշանակել: Եթե Կարապետյանը ճիշտ է, եւ իշխանություններն իսկապես վախենում են Գեղամյանից, ապա անուղղակիորեն հասկացնում են, որ վերջինիս ժողովրդականության հասնելու ձգտումներն արդյունք տալիս են: Եթե ոչ, ապա կուսակցությունը դիմում է ուշադրության արժանանալու փորձված այն մեթոդին, թե, տեսեք, մեզ հալածում են, տեսեք, միակ ճշմարիտ գաղափարախոսները մենք ենք, դրա համար էլ իշխանությունները մեզ չեն սիրում: Ամեն դեպքում, եթե շարունակեն «գաղտնապահությունը», միանշանակ պարզ կդառնա, որ քայլն ընդամենը «բլեֆ» էՙ նպատակաուղղված ընտրողներ որսալուն:
Շատ ավելի խորքային են ԱԺՄ-ի եւ նրանից դուրս եկած կայացած եւ չկայացած քաղաքական միավորների մոտեցումներն ընտրապայքարին: Եթե նախկինում ԱԺՄ-ն վստահ չէր արտահայտվումՙ սատարո՞ւմ է իշխանություններին, թե՞ ընդդիմանում, չհաջողված հերթական համագումարը հարցը կարծես թե այլ ուղղության տարավ: Հաջորդական պառակտումներից հետո ստեղծվեց երեք, այսպես կոչված, ԱԺՄ (նայած միավորների անդամներն ինչպես են պատկերացնում նրա գաղափարախոսությունը), որոնք ղեկավարում են երեք քաղաքական գործիչներՙ Վազգեն Մանուկյան (ԱԺՄ), Շավարշ Քոչարյան (ԱԺԿ) եւ Արշակ Սադոյան, վերջինիս նախաձեռնած շարժման անունը դեռեւս հայտնի չէ: Կարծես թե ունենում ենք այն նույն պատկերը, որը ժամանակին փորձեցին ՀՀՇ-ականներըՙ ստեղծելով իրենց արբանյակները: Դա օգնեց նրանց նախորդ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ձեւավորել: Արդյոք կհաջողվի՞ ԱԺՄ-ին հաջողության հասնել նույն ոճով, հազիվ թե: Խնդիրն այն է, որ արբանյակների ստեղծումն սպառել է իրեն հենց նույն նախկինների միջոցով, որոնք արդեն հաջորդ ընտրություններին, նաեւ այլ գործոնների ազդեցությամբ, պարտություն կրեցին:
Սակայն եթե ներկայացված ուժերն ընտրապայքարը ծավալում են քիչ թե շատ հայտնի միջոցներով, միանգամայն նորություն կարելի է համարել նախկինների մշակած քաղաքականությունը:
Կարելի է ասելՙ նորաստեղծ «Հանրապետություն» կուսակցությունը քաղաքական ներկապնակում ոչ մի կերպ չի կարողանում գտնել իր տեղը: Որոնողական եւ անհստակ կեցվածքը հանգեցրեց, որ երկրապահականների այս կուսակցությունն սկսեց ծայրահեղ դրսեւորումներ ցուցաբերել: Թերեւս պատահական զուգադիպություն չէր կարող լինել «Հանրապետության» հեղինակությանՙ Արամ Սարգսյանի մասնակցությունը «Հայոց համաձայնության ճակատ» աշոտմանուչարյանական արմատական ընդդիմադիր կազմակերպության համագումարատիպ հավաքին: Հիշեցնենք, որ մշտապես «իշխանություններ տապալող» Մանուչարյանի միակ գաղափարախոսությունն իշխանափոխությունն է: Քայլ, որի անհրաժեշտության մասին մեկ անգամ չէ, որ ակնարկել են ե՚ւ Ալբերտ Բազեյանը, ե՚ւ Արամ Սարգսյանը: Նկատելի է, որ այս ուժերի միջեւ հարաբերությունների սերտացում է նկատվում: Մասնավորապես նշենք Մանուչարյանի այն արտահայտությունը, թե «Արամ Սարգսյանի պաշտոնանկությունը քաղաքական տեսանկյունից եւ երկրի ճակատագրի իմաստով շատ ավելի խորն է: Նա Արամ Սարգսյան չէր միայն: Դա Հայաստանի զարգացման համար ընտրված որոշակի ուղղություն էր: Այդ ուղին ընտրել էր Վազգեն Սարգսյանը: Այդ ուղու արգասիքը լինելու էր մի այնպիսի Հայաստան, որն էական գործընկեր է գերտերությունների համար: Այդպիսի ուղին ծանրագույն է, բայց միակ ընդունելին մեր ժողովրդի համար, մեր պատմության միակ ճիշտ ամբողջացումը» («Առավոտ»):
Հիշեցնենք, որ ժամանակին նույն Մանուչարյանը քարկոծում էր նաեւ Վազգեն Սարգսյանի քաղաքականությունը, մինչդեռ դա չի խանգարում Արամ Սարգսյանին թույլ տալու, որպեսզի Մանուչարյանն օգտագործի հանգամանքը: Փորձելով այդ կերպ իր կողմը գրավել «Հանրապետություն» կուսակցությանը, Մանուչարյանը ձգտում է իշխանափոխության առավել ռեալ հիմքեր ստեղծել: «Հանրապետության» համար դա առիթ կարող է լինել իշխանության վերադառնալու համար, այդ իսկ պատճառով փոխադարձ ընկալումը երկու ուժերի համար էլ հասկանալի է:
«Հանրապետության» հետ նույնպիսի նպատակներ է կապում նաեւ քաղաքական մեծամասնության ՀԺԿ թեւը, որը առաջնորդի ներկայիս ղեկավարիՙ Ստեփան Դեմիրճյանիՙ Արտաշատում տեղի ունեցած հանդիպումներին մասնակցում էր «Հանրապետության» գրեթե ողջ վերնախավը:
Սակայն իսկապես հարց է առաջանում, թե ինչո՞ւ ի վերջո ընտրապայքարը սկսվում է հաջորդ ընտրություններից դեռեւս երկու տարի առաջ: Պատճառը թերեւս այն է, որ ներկայումս քաղաքական դաշտում գոյություն չունի որեւէ առաջատար ուժ, եւ քաղաքական միավորները մի տեսակ հավասար դաշտում են, («Միասնություն» դաշինքը ձեւական է): Ե՚վ ՀՀԿ-ն, ե՚ւ ՀԺԿ-ն մյուս ընտրություններին այլեւս միասին գնալ չեն կարող, եւ դա քաջ գիտակցում են ինչպես իրենք, այնպես էլ մյուս քաղաքական ուժերը: Այս պայմաններում սկսվելու էր ուժեղ, անզիջում ընտրապայքար, որում հաջողության հասնելու համար գործընթացն ավելի վաղ սկսելն էականորեն կարող է օգուտ տալ, որից եւ սկսել են օգտվել ներկայացված քաղաքական ուժերը:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ