Տիբեթցիների եւ սեւամորթների հետ համերաշխություն
Մարսել քաղաքում ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությունը մարտի 10-ին առաջին անգամ մասնակցեց տիբեթցիների ցույցին եւ երթին ընդդեմ Չինաստանի կողմից Տիբեթի օկուպացման» (այդ օրը տիբեթցիների 1959 թ. ապստամբության տարելիցն է): «Տիբեթ, ազատություն, համերաշխություն» միության կազմակերպած երթի մասնակիցներն Արդարադատության պալատից հասան ՉԺՀ դեսպանատուն: «Չորս տասնամյակ է, ինչ տիբեթցիները ենթակա են մշակութային ցեղասպանության», գրում է «Ֆրանս-Արմենի» հանդեսը: Տիբեթում չինարենի օգտագործումը պարտադիր է, կամայական ձերբակալություններ են կատարվում: Նախքան 1915 թ. Արեւելահայաստանում մոտավորապես նույնպիսի վիճակ էր: Խաղաղասեր տիբեթցիները լավ ծանոթ են Հայ դատին եւ մասնակցում են հայերի ապրիլյան երթերին: «Երբ մենք համերաշխության մեր ուղերձը հանձնեցինք ցույցի կազմակերպիչներին, նրանք անակնկալի եկան,- պատմում է «Նոր սերունդի» Մարսելի կազմակերպության նախագահ Յանիկ Հովհաննիսյանը: Մենք ներողություն խնդրեցինք, որ ուշացումով ենք համերաշխություն հայտնում, մինչդեռ տիբեթցիները մշտապես մասնակցում են ապրիլի 24-ի մեր ցույցերին: Այսուհետեւ կանոնավորապես կմասնակցենք նրանց ձեռնարկումներին»:
Նույն հանդեսը տեղեկացնում է, որ Հայկական սփյուռքի հետազոտությունների կենտրոնը մարտի 6-ին «Սեւամորթներ եւ հայեր. ցեղասպանությունների համեմատություն» թեմայով կազմակերպել է հայերի եւ անտիլցի սեւամորթների համաժողով: Կենտրոնի գիտաշխատող Նիլ Ակոպովը խոսել է Հայոց ցեղասպանության, թուրքական պետության, Գերմանիայի մեղսակցության եւ այլ հարցերի մասին: Իսկ «1998 թ. մայիսի 23-ի երթ» հանձնախմբի նախագահ Սերժ Ռոմանան պատմեց 15-րդ դարում սկսված սեւամորթների ստրկավաճառության, տեղահանված աֆրիկացիների սերունդների տվայտանքների եւ պայքարի խնդիրների մասին: Եթե հայերը վաղուց կազմավորված ազգ են, ապա անտիլցիների ինքնության կազմավորումն սկսվել է նրանց ստրկության ժամանակաշրջանում: «Հայոց ցեղասպանությունն անառարկելի իրողություն է Ֆրանսիայի անտիլյան համայնքի համար», ընդգծեց Ռոմանան: Անտիլցիները, գվիանացիները եւ ռեունիոնցիները 1998 թ. Ֆրանսիայում ստրկության վերացման 150-ամյակի առթիվ 40 հազարանոց երթ կազմակերպեցին Փարիզում: Աշխարհում առաջին անգամ ցուցարարները ստրկությունն ու տեղահանությունը բնութագրեցին որպես մարդկության դեմ գործված ոճիրներ, դա արձանագրելով հատուկ օրինագծում: Անկախ գործադրման վայրից, ցեղասպանություններն իրականացվում են միեւնույն կանոններով:
Պ. Ք.