«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2001-05-11 | #86, 2001-05-12 | #87, 2001-05-15


ՀԱՐՑԸ ՔԱՆԱԿԻ ՄԵՋ ՉԷ

«Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսը Կիպրոսում թերթերի խմբագիրների հետ իր հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ կիպրա-իսրայելական հարաբերությունները գերազանց են, եւ Նիկոսիան անհանգստանալու բոլորովին պատճառ չունի Թուրքիայի հետ Իսրայելի մերձեցման եւ հարաբերությունների սերտացման առնչությամբ», հաղորդում է «Սայփրս ուիքլի» կիպրական անգլատառ շաբաթաթերթն իր մայիսի 3-ի համարում:

Պերեսը նշեց, որ «ինքն անտեղյակ է նման մտահոգություններից եւ որ կիպրացի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում այդպիսի հարց չի քննարկվել», գրում է թերթը եւ ավելացնում, որ մամուլի քննադատությունները իսրայելա-թուրքական զինվորական համագործակցության վերաբերյալ սաստկացել են Կիպրոսում հօգուտ Թուրքիայի լրտեսության մեղադրանքներով հատուկ ծառայությունների իսրայելցի երկու գործակալների ձերբակալումից հետո: Նրանք աչալուրջ հետեւում էին ազգային պահակախմբի շարժումներին եւ S-300 հրթիռները կղզի բերելու արարողություններին:

«Կիպրոսի դեմ սանձազերծված այս թշնամական արարքը մինչեւ օրս բավարար հիմնավորվածությամբ չի բացատրվել Իսրայելի կողմից: Թուրքիային նեցուկ կանգնելու եւ նրան որեւէ ձեւով չբարկացնելու Իսրայելի պատրաստակամությունը վերջին շրջանում առավել շեշտվեց Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Շիմոն Պերեսի հայտարարությամբ:

«Ես չասացի, որ ցեղասպանություն չէր: Ասացի, որ Հոլոքոսթ չէր», փորձել է արդարանալ Պերեսը եւ ավելացրել է, որ չի կարող համեմատել գազախցիկներում վեց միլիոն հրեաների կոտորածը դրանից պակաս որեւէ բանի հետ: Երբ լրագրողները նրա ուշադրությունն են հրավիրել, որ դարասկզբին գազախցիկներ դեռ չկային, նա ասել է, որ հարցի վերջնական բնորոշումը պետք է թողնել պատմությանը:

«Ցեղասպանությունը շատ ավելի մեծ հասկացություն է: Պետության գործը չէ դատել պատմությունը: Պետությունները պատմություն ստեղծում են, բայց չեն դատում: Այդ գործը պատմաբաններինն է», ասել է նա, մոռանալով, որ պետություններն առնվազն չպետք է քողարկեն անառարկելի փաստերը: Չէ՞ որ հրեաները չսպասեցին, որ պատմաբանները որոշենՙ նացիստները 6 միլիոն հրեաների կոտորե՞լ են, թե՞ ոչ:

«Ափսոս, որ Պերեսը ամբողջովին անտեսում է լիբերալ իսրայելցիների խնդրանքըՙ ճանաչելու Թուրքիայի իրագործած Հայկական ցեղասպանությունը: Դա, ինչ խոսք, վարկաբեկում է նրա վաստակած հեղինակությունը որպես խելացի պետական գործչի»:

«Բնական է, որ մարդիկ աշխարհով մեկ ակնկալեն զանգվածային բնաջնջման դեպքերի, լինի 6, թե 1,5 միլիոն, համընդհանուր ճանաչում այն հույսով ու հավատով, որ նման երեւույթներ չեն կրկնվի ապագայում»:

«Բնական է նաեւ ակնկալել, որ վերապրողները նման արարքներին մոտենան ոչ եզակիության չափանիշներով, քանի որ հարցը ոչ թե քանակի, այլ իրագործված փաստի մեջ է», եզրակացնում է վերջում «Սայփրս ուիքլի» շաբաթաթերթն իր հոդվածը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4