1938 թ. Սիրիայի Ալեքսանդրետի սանջակը փաստորեն թուրքերին հանձնելուց հետո, տեղի հայ բնակչության մեծ մասը նախընտրեց գաղթել: Սիրիա-Լիբանանի ֆրանսիական մանդատային իշխանությունները գաղթական մուսալեռցիներին հատկացրին Լիբանանի արեւելքում, սիրիական սահմանին մոտակա մի հակասանիտարական վայրՙ Այնճարը, որը հայերը յուրացրին իրենց տքնաջան աշխատանքի շնորհիվՙ կիսաանապատային տեղանքը վերածելով ծառաշատ օազիսի:
Այնճարի հողատարածքների մի մասի սեփականության հարցը, այսուհանդերձ, առկախ մնաց նախորդ վեց տասնամյակներին: Հողը վագըֆային էր, այսինքնՙ պատկանում էր Լիբանանի սուննի իսլամական համայնքին: Սեփականության հարցում անորոշությունը հաճախ կրքեր է բորբոքել ու հակահայկական տարրերի համար ծառայել պատրվակՙ լիբանանահայության եւ մասնավորաբար Այնճարի բնակչության նկատմամբ սադրանքներ նյութելու համար:
Անցյալ ամիս այս հողերի սեփականության շուրջ վեճն ունեցել է տհաճ զարգացումներՙ դուրս գալով իրավական դաշտից: Մոտակա Մաժդալ Այնճար գյուղի սուննի հետամնաց գյուղացիները գիշերանց հարձակվել են Այնճարի այգիների վրա ու կտրատել շուրջ 110 պտղատու ծառ, ինչը առաջ է բերել այնճարցիների եւ, մասնավորաբար, բացառապես հայ տարրերով համալրված Այնճարի քաղաքապետարանի բուռն հակազդեցությունը: Նրանք լիբանանյան իշխանություններից պահանջել են ապահովել իրենց կյանքի եւ ունեցվածքի անվտանգությունը:
Հակահայկական այս կրքերը բորբոքվում են սուննի համայնքի կրոնամոլ հետադիմական տարրերի կողմից: Նրանցից է Լեռնալիբանանի նահանգի սուննիների առաջնորդ (մուֆթի) Մուհամադ Ալի Ջոզոն: Վերջինս ս. թ. ապրիլի 29-ին ելույթ ունենալով Լիբանանի սուննիների կրոնական կենտրոնիՙ Դար էլ Ֆաթուայի, Մաժդալ Այնճարում կազմակերպած տոնակատարությանը, բացահայտորեն կոչ է արել զրկել լիբանանահայերին հողի սեփականության իրավունքից: «Մենքՙ լիբանանցի արաբներս, մեր եղբայր պաղեստինցիներին քաղաքացիություն չտվեցինք, որպեսզի նրանք չկորցնեն հայրենիք վերադառնալու իրենց իրավունքը, ինչի հետեւանքով նրանք Լիբանանում ապրում են գաղթակայաններումՙ վատ պայմաններում: Դրան հակառակ, մենք հյուրընկալեցինք հայերին ու նրանց քաղաքացիություն շնորհեցինք: Թեեւ մենք ուղղակի կոչ չենք անում լիբանանահայերինՙ վերադառնալու իրենց երկիրը, բայց մեր հյուրերը (իմաՙ հայերը- Գ. Յ.) պետք է լավ հասկանան, որ նրանք Լիբանանում հողի սեփականատեր դառնալու իրավունք չունեն», ասել է Ջոզոն:
Շեյխ Ջոզոյի սադրիչ հայտարարությունները անմիջականորեն խախտում են լիբանանյան օրենքները, մասնավորաբար երկրի սահմանադրության առաջին հոդվածը, որը հռչակում է Լիբանանի Հանրապետության բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը:
Տեղին է հիշեցնել, որ հիշյալ կրոնական գործիչը Շուշիի ազատագրումից անմիջապես հետո իր ուրբաթօրյա քարոզում, որն ուղղակի հեռասփռվում էր սուննի համայնքի «Սաութ էլ Ուաթան» («Հայրենիքի ձայն») ռադիոկայանով, իր դավանակիցներին կոչ էր անում «Ղարաբաղում մեր մուսուլման եղբայրներին կոտորողներին» զենք ու զինամթերք ուղարկող լիբանանահայերին «նավերի մեջ դնել ու Լիբանանից արտաքսել»: Ջոզոյի այս սադրանքն առաջացրեց լիբանանահայության եւ տեղի շատ արաբների բուռն հակազդեցությունը: Հայկական մի քանի կազմակերպություններ պահանջեցին այս մոլեռանդ կրոնամոլին դատել սահմանադրության նկատմամբ բացահայտ ոտնձգության կոչելու ու միջդավանանքային գրգռություններ սադրելու մեղադրանքով: Դրանից հետո Ջոզոն փակեց իր բերանը. մինչեւ 2001 թ. ապրիլի 29-ը:
Բացառված չէ, որ շեյխ Ջոզոյի վերջին հայտարարությունների առթիվ հայկական հակազդեցությունը նորից կլինի նրան հիշյալ մեղադրանքով դատելու պահանջը:
Լիբանանի խորհրդարանի անդամներ Հակոբ Գասարջյանը (ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ) եւ Ժան Օղասափյանը մայիսի 3-ին հանդես են եկել հայտարարություններով, որոնցով դատապարտում են Ջոզոյի գրգռիչ արտահայտությունները եւ հիշեցնում, որ լիբանանահայերը երկրի լիիրավ քաղաքացիներն են: Օղասափյանը Ջոզոյին մեղադրել է լիբանանյան հասարակության ներքին կայունությունն ու հավասարակշռությունը խախտելու կոչեր անելու ամբաստանությամբ:
Լիբանանի Հանրապետության նախագահիՙ Հայաստան պետական այցին անմիջապես նախորդած հակահայկական այս գրգռությունը վկայում է, որ Լիբանանում կան շրջանակներ, որոնց ընդհանրապես դուր չեն գալիս հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ