Օրերս Մոսկվայի կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում տեղի կունենա ՀՖՆ-ի համերգՙ գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Այն մաս է կազմում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների: Համերգի կազմակերպիչներն ենՙ ՀՀ մշակույթի նախարարությունը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը եւ Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցին:
«Նպատակահարմար ենք գտել այդ համերգի ծրագրում ընդգրկել նաեւ հայ եւ ռուս կոմպոզիտորների երկերիցՙ խստապահանջ մոսկովյան հանդիսականին ներկայացնելով Բեռլիոզի «Ֆանտաստիկ» սիմֆոնիայից բացի Չայկովսկու «Մրրիկը» եւ Ա. Խաչատրյանի ջութակի ու նվագախմբի կոնցերտըՙ շվեյցարացի ճանաչված ջութակահարուհի Սիբիլլե Չոֆի մենակատարությամբ», ասում է ՀՖՆ գլխավոր տնօրեն Նիկա Բաբայանը:
Համերգի հովանավորն է ՀԲԸՄ-ն եւ մի բարերար, որ չի ցանկացել հայտարարել իր անունը:
Թ. Հ.