«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2001-05-11 | #86, 2001-05-12 | #87, 2001-05-15


ԱՎԱՐՏՎԵՑ «ՔԵ՚Զ, ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների ծիրում մայիսի 6-12-ը տեւած աշխարհի ժողովուրդների երաժշտության միջազգային փառատոնը վերջ գտավ շաբաթ օրըՙ մայիսի 13-ի երեկոյան: Հայաստանի «Մարաթուկ», «Վահագն», «Վարպետներ» եւ Ջիվան Գասպարյանի դուդուկի համույթների կողքին փառատոնին մասնակցեցին հնդիկ, իսպանացի եւ արաբ արվեստագետներ:

Փառատոնի վերջին միջոցառման հերոսներն էին սիրիական «Ալ Քինդի» համույթը, շեյխ Համզա Շակուրը եւ Դամասկոսի պտտվող դերվիշները:

Շուրջ երկու ժամ տեւած միջոցառումը սկսվեց շեյխ Շակուրի կողմից Ղուրանի սրբազան այաթների երգեցողությամբ, որին հաջորդեցին իսլամական հոգեւոր երգն ու երաժշտությունը: Արաբական դասական երաժշտական գործիքներիՙ քանոնի, ուդի, նայի, դափի եւ ռիքի երաժշտությունը, շեյխ Շակուրի ու նրան ուղեկցող երգասացների եւ սուֆի դերվիշների առանցքակենտրոն պտուտավոր պարը հանդիսատեսին արաբական արեւելքի հեքիաթային աշխարհ եւ Բարձրյալին մոտենալու, նրա հետ ձուլվելու հոգեպարար, վերաշխարհային տարածություն տեղափոխեցին: Ի դեպ, շեյխ Շակուրի իսլամական հոգեւոր երգերից մեկը նվիրված էր Քրիստոսին, մեկ ուրիշըՙ նաեւ Աբրահամին ու Մովսեսին, որոնք իսլամի կրոնում հարգվող մարգարեներից են:

Միջոցառման ավարտին ողջույնի ու շնորհակալության խոսքով հանդես եկան ՀՀ-ում Սիրիայի դեսպան Համեդ Հասանը եւ պետական հանձնաժողովի փոխնախագահ Խոսրով Հարությունյանը: Պարոն դեսպանն իր շնորհավորանքն ու բարեմաղթությունները փոխանցեց Հայաստանին ու ողջ հայ ժողովրդինՙ 1700-ամյակի առթիվ, եւ շեշտեց իր երկրում ու ընդհանրապես աշխարհում քրիստոնյաների, մուսուլմանների եւ առհասարակ բոլոր կրոնների հետեւորդների խաղաղ գոյակցության փաստը կամ դրա անհրաժեշտությունը: Նա «պատմական» որակեց նախորդ շաբաթներին քրիստոնյա երկու հոգեւոր պետերիՙ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ու Հռոմի Հովհաննես-Պողոս Բ պապի այցելությունը Սիրիաՙ «միաստվածյան կրոնների օրրանն ու այդ կրոնների հետեւորդների համերաշխ համակեցության երկիրը»: Խոսրով Հարությունյանն էլ իր ելույթում մասնավորապես շեշտեց մշակույթների, քաղաքակրթությունների ու կրոնների երկխոսության անհրաժեշտությունը, որի լավագույն դրսեւորումներից եղավ այս փառատոնը:

Միջոցառումն ավելի ընկալելի կլիներ իսլամից համարյա ոչինչ չիմացող հանդիսատեսի համար, եթե փառատոնի բացատրական գրքույկում կամ ելույթից առաջ հակիրճ բացատրություն տրվեր առանձին ելույթների բովանդակության մասին: Մեր այս նկատողությունը կարեւոր ենք գտնում մանավանդ նկատի ունենալով Հայաստանում, գիտակցաբար թե անգիտակցաբար, ոմանց տարածած թյուր քարոզչությունն իսլամական կրոնի էության մասին (օրինակՙ որ իսլամն իբր կոչ է անում բոլոր «անհավատներին» անխնա կոտորել.):

«Քե՚զ, քրիստոնյա Հայաստան» փառատոնը, կարելի է վստահորեն ասել, 1700-ամյակի տոնակատարությունների շարքում առ այսօր ամենահաջող միջոցառումն է, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին, մասնակից արվեստագետներին եւ օժանդակ անձանց:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4