Չորրորդ անգամ անցկացվեց ատլետիկայի կանանց հանրապետական սպարտակիադան: Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի կանանց հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Ղազարյանի նախաձեռնությամբ ու ջանքերով կազմակերպված մրցաշարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Մայրաքաղաքի «Սպարտակ» մարզադաշտում հանդես եկան երկրի տարբեր մարզերի 214 մարզուհիներ:
Վազքային ձեւերում իրենց առավելությունը կրկին ցուցադրեցին վանաձորցի աղջիկները: Հաղթող դարձան Մարինե Ղազարյանը (100 մ), Գայանե Բուլղադարյանը (200 եւ 400 մ), Աննա Նասիլյանը (800 մ), ինչպես նաեւ փոխանցումավազքի քառյակը (4x400 մ):
Աչքի ընկան նաեւ կապանցի ցատկորդուհիները: Սպարտակիադայի չեմպիոնուհիներ դարձան Սոնա Ղուկասյանը (հեռացատկ) եւ Մարինե Հարությունյանը (եռացատկ):
Նետումներում բոլորից վստահ հանդես եկան երեւանցի մարզուհիները: Նշենք հաղթողներին ըստ մրցաձեւերի. գնդի հրումՙ Տատյանա Պողոսյան, սկավառակի նետումՙ Սվետլանա Եսայան, նիզակի նետումՙ Սուսան Սեպետչյան, մուրճի նետումՙ Նարինե Թորոսյան: Նշենք նաեւ մայրաքաղաքի մեկ այլ ներկայացուցչիՙ Անահիտ Ավագյանին, որը ուժեղագույնն էր 3 կմ մարզական քայլքում: