«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2001-05-11 | #86, 2001-05-12 | #87, 2001-05-15


ԿՄՐՑԵՆ «ԱՐԱՐԱՏՆ» ՈՒ «ՄԻԿԱՆ»

Համառ մրցապայքարում ընթացան Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղերը:

«Արարարտ» (Երեւան)-«Շիրակ» (Գյումրի)ՙ 1-0: Սեփական խաղադաշտում գյումրեցիները պարտություն էին կրել 1-2 հաշվով, եւ դա նրանց պարտավորեցնում էր ակտիվ գործողությունների դիմել: Եվ իրոք, Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում նրանք հարձակողական տակտիկա էին ընտրել ու մի քանի անգամ լրջորեն սպառնացին մրցակցի դարպասին: Արարատցիներին էլ հիմնականում ապավինում էին հակագրոհներինՙ հուսալով, որ հակառակորդը «կմոռանա» պաշտպանության մասին: Բայց այս ամենը վերաբերում է առաջին խաղակեսին: Հանդիպման երկրորդ կեսում արդեն տնօրինում էին երեւանցի ֆուտբոլիստները: Շիրակցիների խաղը ինչ-որ չափով խամրեց եւ նրանք փոքրիշատե վտանգավոր պահ չստեղծեցին մրցակցի դարպասին: Միակ գոլը խփվեց 63-րդ րոպեին: Արարատցիներ Կարեն Բարսեղյանն ու Էմիլ Մեսրոպյանը «պատ» խաղարկեցին, վերջինս աջ եզրով մտավ «Շիրակի» տուգանային հրապարակ եւ նկատելով, որ դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանն առաջ է եկել, նրա գլխավերեւով գեղեցիկ կերպով գնդակն ուղարկեց դարպասը: Երեւանցիները գոլ խփելու հնարավորություններ էլի ունեցան, բայց հաշիվն այդպես էլ չփոխվեց:

«Փյունիկ» (Երեւան)-«Միկա» (Աշտարակ)ՙ 1-2: «Հանրապետական» մարզադաշտում կայացած այս խաղը չափազանց լարված ու դիտարժան ստացվեց: Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ պայքարի մեծ ձգտում ցուցադրեցին, եւ ապացուցեցին, որ արժանի են խաղալու եզրափակիչում: Բայց գավաթի համար մրցավեճը շարունակել կարող էր թիմերից մեկը, ու այդ թիմը դարձավ «Միկան», որն առաջին խաղում էլ մրցակցի նկատմամբ առավելության էր հասել 2-1 հաշվով: ... Երբ խաղի 51-րդ րոպեին փյունիկցի Վարազդատ Ավետիսյանը տիրեց մրցակցի դարպասապահ Տիգրան Ասլանյանի ետ մղած գնդակին ու սուր անկյան տակ կատարած հարվածով առաջ մղեց իր թիմին, թվաց, թե «Միկայի» գործերը շատ վատ են: Բայց հանրապետության գավաթի նախորդ խաղարկության հաղթողը կամային բարձր հատկանիշներ դրսեւորեց: 67-րդ րոպեին աջ եզրում հիանալի անցում կատարեց Սամվել Նիկոլյանը. նա դարպասի գծի մոտից գնդակը ետ փոխանցեց, եւ Կարեն Մուրադյանը հավասարեցրեց հաշիվը: Խաղավերջում (85՚) աչքի ընկավ «Միկայի» ավագ Արմեն Պետիկյանը: Մոտավորապես 18-19 մ հեռավորությունից նա տուգանային հիանալի հարվածով գրավեց «Փյունիկի» դարպասըՙ 2-1:

Այսպիսով Հայաստանի գավաթի 10-րդ խաղարկության եզրափակիչում, որը կկայանա մայիսի 27-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կհանդիպեն «Արարատը» եւ «Միկան»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4