<20018903.jpg>
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը սառը ջուր լցրեց երկրապահականների եւ ընդհանրապես այն շրջանակների գլխին, որոնք վերջին շրջանում ակտիվորեն շահարկում էին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հնչեցրած «օկուպացված տարածքներ» արտահայտությունը:
«Հայաստան» պատգամավորական խմբի անդամ Սասուն Միքայելյանի հարցին, թե ինչպե՞ս է նախարարը վերաբերվում Օսկանյանի արտահայտությանը, Սերժ Սարգսյանը պատասխանեց բառացիորեն հետեւյալը. «Միանշանակ ասեմ, որ չեմ համարում, թե մենք օկուպացրել ենք այդ տարածքները: Բայց մյուս կողմից չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992 թ., 94 թ., հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է: Հարցին չի կարելի միակողմանի մոտենալ եւ ամեն քայլափոխի ասել, որ մենք ազատագրել ենք, Աղդամը մերն է, Միրբաշիրը մերն է եւ այլն»:
Սարգսյանի հայտարարությունը թերեւս այն էր, ինչ կարող էր ասել, սակայն չասաց հանրապետության նախագահը: Եվ ընդհանրապես տարածքները գրավված համարելն այլ մեկնաբանությամբ հենց այն էր, ինչ նկատի ուներ Օսկանյանը եւ ինչը չէր կարողանում համոզել քաղաքական ուժերին եւ հասարակությանը: Դրա վառ ապացույցն էր, որ Սարգսյանին հարցն անմիջապես ուղղվեց Մյասնիկ Մալխասյանիՙ Օսկանյանին հղված նույնաբովանդակ հարցից հետո, որին, սակայն, արտգործնախարարը մեզ արդեն ծանոթ պատասխանը տվեց. «Վստահեցնում եմ, ես նպատակ չեմ ունեցել օգտագործել այդ բառն այն իմաստով, որով դուք եք հասկացել: Ես դա օգտագործել եմ զբաղեցրած իմաստով, իհարկե, կարող է հենց այդ բառին էլ դեմ լինեք: Համենայն դեպս, ես դա համարում եմ սայթաքում, բայց ոչ թե այն պատճառով, որ բառն եմ օգտագործել, այլ դա սայթաքում էր այն իմաստով, որ ես չէի հաշվարկել, որ այդ բառն իսկապես ունի բացասական իմաստ, որը հասկացվեց ձեր բոլորի կողմից: Ես պետք է լավ իմանայի, որ բառն այլ իմաստ ունի»:
Սակայն գլոբալ իմաստով հարցականներն առաջացան ոչ թե կոնկրետ հենց օգտագործած բառի առումով, այլ այն ենթատեքստի, որը պարունակում է «օկուպացված» բառը: Այսինքնՙ եթե տարածքներն օկուպացված են, ապա պետք է ետ տրվեն, եւ, ուրեմն, ինչպես ընկալվեց, Հայաստանի իշխանությունները տանում են պարտվողական քաղաքականություն: Հիշեցնենքՙ նույն բովանդակությունն ուներ մասնավորապես ՍԻՄ հայտարարությունը, որտեղ կոնկրետ խոսվում էր 6 շրջանները վերադարձնելու մասին: Սակայն, ինչպես հայտնի է եւ ինչպես նախագահն ու արտգործնախարարը հաստատեցին, ղարաբաղյան կարգավորման խնդիրը փաթեթային լուծման ընթացքում է, այսինքնՙ բոլոր հարցերը դիտարկվում են ընդհանուր, միմյանց շաղկապված տարբերակով: Վարդան Օսկանյանը չցանկանալով ԱԺ բաց նիստում (հարցուպատասխանի ընթացքում) մանրամասներ հաղորդել, նշեց միայն ուշագրավ, թերեւս միակ միտքը. «Մինչեւ փաթեթի բոլոր տարրերը բոլորին հայտնի չլինեն, ինչ ես ասեմՙ սխալ է հասկացվելու, որովհետեւ ընդհանուր պատկերն այս պահին հստակ չէ: Եթե դուք չգիտեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ինչ է լինելու, մյուս էլեմենտները, ինչ որ ես ասեմՙ չեն հասկացվելու: Սպասենք մինչեւ ժնեւյան հանդիպում, հույս ունենանք, որ այնտեղ իրոք կստանանք մի փաստաթուղթ, որի շուրջ նախնական համաձայնություն կլինի, կբերենք այստեղՙ լայն քննարկման»:
ԱԺ քաղաքական ուժերի հայտարարության մեջ հստակ նշվում էր, թե «մեզ համար արցախյան հիմնախնդրի կարգավորման ընդունելի սկզբունքներն են. Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միավորումը կամ նրա անկախ կարգավիճակի միջազգային հաստատագրումը: ԼՂՀ իշխանությունների մասնակցությունը կարգավորման վերջնական տարբերակի մշակմանը»: Հետաքրքրական է, որ արտգործնախարարը դեռեւս անորոշ է համարում Ղարաբաղի կարգավիճակը, այն դեպքում, երբ քաղաքական ուժերը հայտարարությամբ հստակ կողմնորոշում են բանակցություների արդյունքը:
Բացի այդ, նա անպատասխան թողեց Մալխասյանի հարցի այն մասը, ըստ որի վերջին շրջանում ակտիվորեն շահարկվում է Մեղրիով կոմունիկացիաների անցկացման եւ դրանց միջազգային ուժերի կողմից վերահսկելու գաղափարը եւ ի՞նչ դիրքորոշում է որդեգրված այս առումով արտաքին քաղաքականության ոլորտում:
Թերեւս հասկանալով, թե ուր է տանում հարցադրման ենթատեքստը, Սերժ Սարգսյանը դարձյալ հանդես եկավ հստակ, կոնկրետ տեսակետով. «Կարծում եմ, բանակցությունների ընթացքը մեզ համար էական չպիտի լինի: Մեզ համար էական պետք է լինի բանակցությունների արդյունքը: Հանրապետության նախագահը հռչակել է երեք սկզբունք, եւ այդ սկզբունքները մեզ համար եւ կոնկրետ ինձ համար ընդունելի են: Այս սկզբունքներից դուրս լուծումներն ընդունելի չեն: Չի կարելի 13 տարիների պայքարի արդյունքը երկու-երեք օրում կորցնել: Այս դիրքորոշումն ինձ համար որոշիչ է լինելու»: