ԲԱՔՈՒ, 16 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլի բարձրաստիճան պատվիրակներիՙ Վլադիմիր Ռուշայլոյի եւ Վյաչեսլավ Տրուբնիկովի հետ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի երեկ անցկացրած բանակցություններում առանձնակի տեղ էր գրավում կովկասյան «քառյակի» գործունեությունը, որի ստեղծման նախաձեռնությունը, ինչպես հայտնի է, պատկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Վ. Ռուշայլոն, ինչպես պարզվեց, Բաքու է բերել բանակցային այդ նոր չափույթի տեսլականի մի ամբողջ ծրագիր: Նրա կարծիքով, այսօրվա դրությամբ կարելի է խոսել «քառյակի» համար համագործակցության մեխանիզմ ծավալելու մասին, «որտեղ վստահաբար կքննարկվեն Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերը»:
Մոսկվան «քառյակը» դիտում է որպես զգալիորեն ավելի մեծ թվով կենսաթրթիռ խնդիրների լուծման միջոց, քան թվում էր մինչեւ այժմ: Վ. Ռուշայլոն նշեց դրանցից մի քանիսըՙ տարածաշրջանի անվտանգության ամրապնդումը, ներառյալ համագործակցությունը միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարի ասպարեզում, ինչպես նաեւ մարդասիրական եւ այլ բնագավառներում փոխգործակցության, զարգացման հեռանկարները: «Մենք կարծում ենք, որ «քառյակի» ներուժը նոր միայն սկսում է դրսեւորվել եւ առաջ ընթանալ քայլ առ քայլ»: