ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Մայիսի 16-ի դատական նիստում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը շարունակում էր հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում կատարված գործողությունների նկարագրությունն ու մեկնաբանությունը: Հատկանշական է, որ քաղաքական գործիչներին ու կուսակցության ղեկավարներին խորհրդարան հրավիրելու հարցում ձախողվելուց հետո նա արդյունավետ աշխատել է հեռախոսակապ ստեղծել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի հետ: Մի քանի անգամ կապվելուց հետո Ա. Հարությունյանը հայտնել է, որ ուզում է դահլիճ գալ, սակայն թույլ չեն տալիս, եւ նրա համաձայնությունն է հարցրելՙ ՀՀ նախագահի կողմից Հրանտ Մարգարյանին ուղարկելու հարցում: Ինքը համաձայնվել է, եւ երբ տեղեկացրել են, որ դահլիճում է գտնվում ազգային անվտանգության փոխնախարար Գրիգոր Գրիգորյանը, նրան առաջարկել է ապահովել Հ. Մարգարյանի մուտքը: Կարճ ժամանակ հետո փոխնախարարը հայտնել է, որ Հ. Մարգարյանի գալը չի ստացվել:
Ամբաստանյալն Ա. Հարությունյանի հետ հանդիպելու մեծագույն ցանկությունը բացատրում է նրանով, որ աշխատակազմի ղեկավարն ի պաշտոնե ՀՀ նախագահի հետ կապվելու ամենահուսալի եւ արագ միջոցն էր: Հայտնեց նաեւ, որ երեկոյան ժամը 21-22-ի սահմաններում իրեն զանգահարել եւ իր կամքով ու հավանաբար իր նախաձեռնությամբ դահլիճ է եկել հեռուստալրագրող Տիգրան Նազարյանը եւ գալու պահից սկսած օգնել է իրենՙ հեռախոսակապ ստեղծելու Ա. Հարությունյանի հետ:
Միաժամանակ օգնել է փոխնախարար Գրիգորյանինՙ ջուր եւ ծխախոտ դահլիճ բերելու գործում: Ժամը 22-ի սահմաններում փոխնախարարը հայտնել է, որ դահլիճում է նաեւ հայրը, վերջինի հետ դռան շեմին խոսել է 2-3 րոպե եւ առաջարկել գնալ տուն, ասելով, որ ձգտում են խաղաղ հանգուցալուծման:
Ա. Հարությունյանի հետ հեռախոսով պայմանավորվել են, որպեսզի նա դահլիճ գաՙ զրուցելու: Հանդիպման կազմակերպչական կողմը ստանձնել է Գրիգոր Գրիգորյանը: Հանդիպումը կայացել է կարմիր նախասրահում, սեղանի մոտ: Պայմանավորվածության համաձայն դահլիճի վերջին դուռը հանդիպման ողջ ընթացքում պետք է բաց մնար, դռների արանքում կանգնել են Գ. Գրիգորյանը եւ իր գործընկերներից մեկը, իսկ դռնից դուրսՙ աստիճանների վերեւում կանգնել են Տիգրան Նազարյանը եւ եղբայրըՙ Կարենը: Նախասրահում, առանձնազրույցի ժամանակ իրենից ու Ա. Հարությունյանից բացի ոչ ոք չի եղել, երկուսն էլ անզեն են եղել: «Նրան բառացի ասել եմՙ ինչո՞ւ էիր վախենում հանդիպման գալուց, քեզ հո չէի՞ սպանելու»: Ամբաստանյալը հավատացնում է, որ Ա. Հարությունյանին որեւէ պահանջ չի ներկայացրել եւ հանդիպման հրավիրելու նպատակը մեկն է եղելՙ հանձնվելու դեպքում անվտանգության երաշխիքներ տան եւ արդար դատավարություն խոստանան: Ա. Հարությունյանի միջոցով նախագահին է փոխանցել իր պահանջներըՙ հանձնվելուց հետո տեղափոխել ԱԱՆ քննչական մեկուսարան, բացառվեն իրենց նկատմամբ հաշվեհարդարը, բռնությունների կիրառումը, ապահովվի հրապարակային ու արդար դատաքննություն, հնարավորություն տրվի հանձնվելուց առաջ կարճ հայտարարությամբ դիմել ժողովրդին եւ բացատրել կատարվածի դրդապատճառները: «Զգացի, որ Ալիկը կոնկրետ պատասխան չունի այս հարցերում, խնդրեցի խոսել նախագահի հետ, որ ուզում ենք հանձնվել, դրա համար անձամբ պետք է հանդիպենք իրեն»:
Ն. Հունանյանն իր դատաքննական ցուցմունքում շարունակում էր պնդել այն վարկածը, որ դահլիճի վերջից կրակոցներ են եղել: Երեկ հայտնեց, որ Գ. Գրիգորյանի հետ լրագրողների զբաղեցրած նստատեղերին հասնելով տեսել են հատակին թափված դատարկ պարկուճներ: «Դրանք մնացել էին մեզ վրա անվտանգության աշխատակիցների կրակոցներից հետո», ասաց ամբաստանյալը եւ ավելացրեց, որ փոխնախարարի հետ եկել են այն եզրակացության, որ գլխավոր դատախազությունից քննչական խումբ հրավիրվիՙ զննելու եւ արձանագրելու համար: Ասաց, որ քննչական խումբը ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ Գեւորգ Թովմասյանի գլխավորությամբ, նրանք զննել են տարածքը, հավաքել եւ փաթեթավորել պարկուճները: Պատասխանել է նրանց հարցերին, որից հետո քննիչները զրուցել են նաեւ պատգամավորների եւ կառավարության անդամների հետ: Ամբաստանյալի ասելով, պատգամավորներից 2-3 հոգի, որոնցից հիշում են միայն Հայկ Բաբուխանյանին, հաստատել են, որ հետեւից կրակոցներ են լսել: Քննիչ Թովմասյանն ասել է, որ դահլիճում չի կարող նրանցից ցուցմունքներ վերցնել, որովհետեւ դա ահաբեկիչների կողմից պարտադրանք կդիտվի: Հիշյալ պատգամավորները քննիչների հետ գնացել են դատախազությունՙ հարցաքննվելու:
Ամբաստանյալ Ն. Հունանյանը չհերքեց նաեւ փախուստի ծրագիր ունենալու մասըՙ առարկելով, սակայն, նախաքննության ընթացքում արձանագրված ուղղաթիռով փախուստի տարբերակին: «Մտածում էինք պատգամավորներից պատանդ վերցնելՙ Վրաստանից Թուրքիայի սահմանին հասնելու, այնտեղից մի երրորդ երկիր գնալու համար: Թուրքիան ընդամենը պիտի լիներ ուշադրությունը շեղելու պարզ քայլ», մեկնաբանեց ամբաստանյալը, ավելացնելով, որ իրականում ցանկանում էր մթությունից օգտվելով թաքնվել Լոռու անտառներում: Հայտնեց, որ այս ծայրահեղ քայլին պիտի դիմեր, եթե ՀՀ նախագահը չկարողանար անվտանգության իրական երաշխիքներ տալ:
Հոկտեմբերի 28-ի առավոտյան, ամբաստանյալի մոտավոր հաշվարկով, ժամը 5-6-ի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ 40 րոպեանոց հանդիպումը խորհրդարանի աշխատասենյակներից մեկում: Իսկ մինչ այդ երկար պատրաստում էր հայտարարության տեքստը, որը Ա. Հարությունյանի հետ ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն պետք է հեռարձակվեր Ազգային հեռուստատեսությամբ: Այդ ընթացքում ինքը եւ իր խորհրդով նաեւ Տիգրան Նազարյանը ընկերներին հոգեբանորեն նախապատրաստել են հանձնվելուն: Գ. Գրիգորյանը Գրիշա անունով մեկի հետ կազմակերպել է ՀՀ նախագահի հետ հանդիպումը, որին գնացել է մենակ ու անզեն: ՀՀ նախագահի հետ ունեցած հանդիպմանը ներկա է գտնվել միայն Ա. Հարությունյանը: Քոչարյանն ասել է, որ դեմքն իրեն շատ ծանոթ է թվում, բայց չի կարողանում մտաբերելՙ որտեղ են հանդիպել: Նախագահին հիշեցրել է, որ հանդիպել են 88 թ., Ստեփանակերտում: Ռ. Քոչարյանը հետաքրքրվել է, թե անձնական թշնամանք ունեցե՞լ է Վազգեն Սարգսյանի նկատմամբ: «Թշնամանք չեմ ունեցել եւ այդ ստիպողական քայլին գնացել եմ երկրի ու ժողովրդի կործանումը կասեցնելու համար», պատասխանել է Ն. Հունանյանը: Հայտնեց, թե նախագահին հորդորել է գործնական քայլեր ձեռնարկել «երկիրն անմարդկային վիճակից հանելու համար»: Նախագահին ներկայացրած պահանջը եղել է զենքը ցած դնելուց հետո իրենց անվտանգության երաշխավորումը, հետագայում բռնությունների բացառումը եւ օբյեկտիվ ու հրապարակային դատավարության ապահովումը: Համատեղ խմբագրել են իր պատրաստած հայտարարության տեքստըՙ որոշ կրճատումներ անելով, մեկ այլ տեքստ էլ, նրա ասելով, Ռ. Քոչարյանն էր պատրաստել, որտեղ նույնպես Ա. Հարությունյանի հետ շտկումներ են արել: Քոչարյանն առաջարկել է հրաժարվել անձամբ հայտարարությունը կարդալու մտադրությունից, որին համաձայնվել է: Պայմանավորվել են, որ հայտարարությունը եթեր հեռարձակելուց հետո դահլիճ գան քննիչները, որոնց կհանձնեն իրենց մոտ եղած զենքն ու զինամթերքը, մի ատրճանակ կպահեն իրենց մոտ եւ Գրիգոր Գրիգորյանի ուղեկցությամբ կտեղափոխվեն ԱԱՆ քննչական մեկուսարան:
Դատաքննությունը կշարունակվի վաղը: