Երեկվա մեր համարում տեղեկացրել էինք, որ Հայ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի նախկին առաջնորդ Տիրան արք. Կյուրեղյանը, շարունակելով վերջին ամիսներին իր ծավալած անհնազանդության եւ անկարգությունների արշավը, անցյալ կիրակի օրն անցել էր «վճռական» գործողության եւ պատարագից հետո մի խումբ համախոհ տիկիններով մուտք գործելով Մոսկվայի հայոց Սուրբ Հարություն եկեղեցիՙ արգելել էր թեմի հոգեւոր նոր առաջնորդ Եզրաս վարդապետ Ներսիսյանին եկեղեցական գործունեություն ծավալել Մոսկվայում եւ, միաժամանակ, հանդես գալով «Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու միության» ինքնահռչակ կազմակերպության ղեկավարի դիրքերիցՙ իրեն դուրս էր հայտարարել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի ու Ամենայն հայոց հայրապետի իրավասության եւ իշխանության շրջանակներից: Փաստորեն, ինչպես գրել էինք, բացահայտ ձեռնոց էր նետել Մայր աթոռին ու Ամենայն հայոց հայրապետին:
Երեկ, ինչպես ակնկալվում էր, չուշացավ պատասխանը. ըստ Կանադայից մեր ստացած տեղեկությունների, հովվապետական այցելությամբ այնտեղ գտնվող Ամենայն հայոց հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Տիրան արք. Կյուրեղյանինՙ վերջինիս դասելով աշխարհականների դասին իր ավազանի անունովՙ Ղազարոս Կյուրեղյան: Վեհափառ հայրապետի պաշտոնական հայտարարության հրապարակումը ակնկալվում է այսօր: