ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այն տեղեկությունը, որ Սասուն Աղաջանյանը, որը մեղադրվում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի մեջ, Շուշիի բանտից (ԼՂՀ) ուղարկվել է Երեւանՙ պատժիչ հաստատությունների համակարգի կենտրոնական հիվանդանոց, հաստատվեց. մայիսի 16-ին նրան այցելել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը:
Ինչպես պնդում են բժիշկները, մասնավորապես Երեւանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի դոցենտ Թումանյանը, ներկայումս Սասուն Աղաջանյանի վիճակը ծանր է, բայց ոչ ճգնաժամային: Նա շարունակում է գտնվել գործնականում անգիտակից վիճակում. աչքերը փակ են, նա չի արձագանքում այլ անձանց ներկայությանը: Նրա հետ միեւնույն հիվանդասենյակում են եւս երկու բանտարկյալներ: Բժիշկները չեն բացառում, որ եթե նրա վիճակի մեջ էական փոփոխություններ տեղի չունենան, ապա Աղաջանյանին կարող են տեղափոխել այլ բուժհաստատություն: