<20018901.jpg>
Հանրահավաքի ելած կոմունիստները փորձում էին պատժել «իրենց ընտրյալներին»
Մինչ Ժողովրդական կուսակցությունը եւ «Հայաստան» պատգամավորական խումբը հայտարարությամբ ընդամենն անհրաժեշտ էին համարում 27-ի դատավարությանն առնչվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը, հաջորդ օրը, այսինքնՙ երեկ, նրանք անմիջապես նախաձեռնեցին էլեկտրոնային քվեարկությամբ այդ նպատակով արտահերթ նիստ հրավիրելը: Այդ ժամանակ մեկ այլ նպատակով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես եկան կոմունիստները: Այս դեպքում խոսքը վերաբերում էր Ռուսաստան-Բելառուս միությանը միանալուն, ինչի մասին հատկապես ոչ կոմունիստները, ոչ էլ այս միավորման ամենաջերմեռանդ պաշտպան Աղասի Արշակյանը վերջին շրջանում չէին խոսում: Կարմիր պատգամավորների կողմից պահը հիանալի էր ընտրված: Նրանք հստակ գիտակցում էին, որ առանց լուրջ մեծամասնության իրենց չի հաջողվի հարցն արտահերթ նիստի օրակարգ մտցնել: Աղասի Արշակյանի այն հայտարարությանը, թե իրենց հաջողվել էր ընդամենը 30 ստորագրություն հավաքել այս ողջ ընթացքում (հիշեցնենք, որ վաղ անցյալում այս պատգամավորը վստահեցնում էր, թե իրենք արդեն 43 ձայն հավաքել են), դրա ամենացայտուն ապացույցն է: Նույնպիսի խնդիր կարող էր ունենալ ՀԺԿ-ն, որի պատգամավորների եւ «Հայաստան» խմբի անդամների հանրագումարն առավելագույնը 40 ձայն կարող էր ապահովել, մինչդեռ անհրաժեշտ էր 44-ը: Կոմունիստների 8 ձայնը տեղին կլիներ եւ պետք էր օգտագործել, եթե հանրապետականները չպաշտպանեին իրենց նախագիծը: ՀԺԿ-ի ծառայություններն իրենց հերթին նույն սցենարով օգտակար էր Կոմկուսին, այնպես որ փոխադարձ ընկալումն այս երկու ուժերի միջեւ առկա էր:
Հիշեցնենք, որ «Դատաքննության ընթացքում ոճրագործների պահպանությունն իրականացնող իրավապահ մարմինների գործունեության մեջ տեղ գտած օրինականության հնարավոր խախտումների մասին ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն», ՀՀԿ-ն նախապես դեմ էր արտահայտվում դրա անհրաժեշտությունը չտեսնելու պատճառաբանությամբ:
ՀՀԿ-ի խորհրդի նիստին վարչապետի մասնակցությամբ այս դիրքորոշումը ճիշտ էր գնահատվել: «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հետո նշեց, թե «շուրջ երեք ամիս դատավարությունն ընթանում է եւ մինչեւ այսօր էլ օրենքի խախտման որեւէ դեպք ո՚չ դատապաշտպանների կողմից, ո՚չ էլ ընդհանրապես չի արձանագրվել»:
Սակայն քվեարկությունը ցույց տվեց, որ հանրապետականներն այդքան էլ հաստատուն դիրքորոշման չեն: Ցուցատախտակին ոչ դեմ, ոչ էլ ձեռնպահ չհայտնվեց, իսկ ՀՀԿ պատգամավորները կողմ էին քվեարկել: Սա զարմանալի էր, եւ «Ազգը» փորձեց Գալուստ Սահակյանից պարզել նման հակասական դիրքորոշման պատճառը: Պատասխանը սակայն նույնքան անորոշ էր. «Հայտարարությունն այլ բան է, հանրապետականները դրան չմիացան: Եթե որեւէ այլ տեղ հանձնաժողով կազմվի եւ հրավեր ունենանք, մեր պատասխանատվության դրսեւորումը պիտի ունենանք»: Մինչդեռ ոչ մի հանձնաժողով դեռ չէր ստեղծվել, եւ խոսքը վերաբերում էր միայն դրա անհրաժեշտությանը:
Սակայն եթե ՀՀԿ-ն ջուր լցրեց ՀԺԿ-ի ջրաղացին, հաջորդ քայլով տապալեց կոմունիստների նախաձեռնությունը: Գալուստ Սահակյանը հերթական անգամ ընդմիջում պահանջեց, օգտվելով ժամանակի սղությունից եւ վիժեցրեց ոչ միայն հարցի քվեարկությունը, այլեւ քննարկումն ընդհանրապես: Դրան ի պատասխան Ազատության հրապարակից Կոմկուսի հրավիրած հանրահավաքը տեղափոխվեց ԱԺ շենքի շուրջը: Հանրապետության տարբեր վայրերից ժամանած կոմունիստները փակել էին ԱԺ բոլոր երեք մուտքերը եւ թույլ չէին տալիս պատգամավորներին դուրս գալ շենքից մինչեւ նոր քվեարկություն չկայանա: Մինչդեռ Դեմիրճյան փողոցի ելքից պատգամավորները գրեթե անարգել ուղեւորվում էին «վաստակած հանգստի»:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ