«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2001-05-15 | #88, 2001-05-16 | #89, 2001-05-17


«ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆՑՔ»

Նման վերնագրով վերլուծական է տպագրել հեղինակավոր «Մոնդ դիպլոմատիկ» պարբերականը մայիսի 15-ի համարում: ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլ, «Գոբլի ծրագիր», «Հոկտեմբերի 27», Հայաստանի ներքաղաքական իրավիճակ, հայ-ռուսական հարաբերություններ, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ Հարավային Կովկասում հաստատվելու պայքար. այս թեմաների վրա է կենտրոնացել թերթը: Հոդվածը ծավալուն է, ամբողջությամբ արտատպելնՙ անիմաստ, քանի որ արծարծում է հայ ընթերցողին քաջածանոթ իրադարձություններ: Այնուամենայնիվ, վերապահումներով մեջբերենք հոդվածի մի շարք ուշագրավ հատվածներ:

«Հավանաբար Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները փակուղուց դուրս գալու համար կենտրոնանան տարածքների փոխանակման հին պլանի վրա, ըստ որի Ադրբեջանը ճանաչում է ԼՂ-ի եւ Լաչինի անկախությունը, փոխարենըՙ ստանում Մեղրիով կապ Նախիջեւանի հետ», գրում է թերթը, նշելով, որ Գոբլի մոդիֆիկացված վերջին տարբերակը ենթադրում է 10 կմ լայնության միջանցք, իսկ Հայաստանն այդ միջանցքի երկու նեղ ճանապարհներով կապվում է Իրանին: «Նման լուծումից առաջին հերթին շահում է Թուրքիան, հնարավորություն ստանալով Նախիջեւանով եւ Մեղրիի միջանցքով կապվել Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի թուրքալեզու հանրապետությունների հետ, ինչը նրան թույլ կտա տարածաշրջանում դառնալ գլխավոր դերակատարՙ սահմանափակելով Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը», գրում է թերթը: «Արեւմուտքը , մասնավորապես Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փորձում է սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում: Երեւանը որդեգրել է կոմպլեմենտար քաղաքականություն, որը համատեղում է ՌԴ-ի հետ ռազմական դաշնակցություն եւ Արեւմուտքի հետ տնտեսական, քաղաքական համագործակցություն», գրում է թերթը, հարցնելով, թե նման հիբրիդը կենսունա՞կ է:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ էր ընդունելու ԵԱՀԿ ՄԽ փոխզիջումային առաջարկը: Նա հանգել էր այն եզրակացության, որ Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ, քանի դեռ չի լուծվել ԼՂ խնդիրը, ինչը նրան 1998-ին բերեց իշխանազրկություն: Քաջություն կունենա՞ Ռոբերտ Քոչարյանը ընտրելու նույն ճանապարհը», հարցնում է «Մոնդ դիպլոմատիկը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4