ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Չիտայի մարզի Օլովյաննայա ավանի խստացված ռեժիմի կալանավայրում տասնամյա տաժանակրությունից հետո վաղաժամկետ ազատ է արձակվել եւ օրերս հայրենի Ստեփանակերտ է վերադարձել Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներից մեկըՙ Հակոբ Բաղմանյանը:
Դեռեւս 1991 թ. եղբայրներ Հակոբ եւ Սամվել Բաղմանյանները Ռոստովի մարզային դատարանի վճռով համապատասխանաբար 15 եւ 12 տարվա ազատազրկման էին դատապարտվել ԼՂԻՄ-ի եւ հարակից շրջանների արտակարգ դրության շրջանի երբեմնի զինվորական պարետ, «Կոլցո» («Օղակ») ռազմական գործողության գլխավոր իրականացնողներից մեկիՙ տխրահռչակ գեներալ Սաֆոնովի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով: Ինչպես հայտնի է, «Կոլցո» գործողության հետեւանքով, որը մշակվել եւ իրագործվել է նախկին ԽՍՀՄ ղեկավարության եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից, միայն 1991-ի մայիսի առաջին կեսում բռնի տեղահանվել, հայաթափվել էին ԼՂԻՄ-ի եւ Հյուսիսային Արցախի 26 գյուղերՙ Հադրութի, Շահումյանի շրջաններում եւ Գետաշենի ու Բերդաձորի ենթաշրջաններումՙ ընդհանուր առմամբ, ավելի քան 20 հազար բնակչությամբ, հարյուրավոր հայ տղամարդիկ քշվել էին ադրբեջանական տաժանավայրեր ու ենթարկվել անմարդկային կտտանքների, որոնց չդիմանալով, նրանցից շատերը կնքել են իրենց մահկանացուն:
«Տասնամյա հարկադիր ընդմիջումից հետո պատրաստ եմ նորից անդամագրվել իմ ժողովրդի ազնիվ պայքարին եւ ուժերս ներածին չափ նպաստել նրա իղձերի իրականացմանը», ասաց Հ. Բաղմանյանը:
Իսկ կրտսեր եղբայրըՙ Սամվելը, տակավին շարունակում է տաժանակրությունը եւ, Հակոբի տեղեկատվությամբ, ներկայումս գտնվում է ՌԴ Վլադիմիրի մարզի կալանավայրերից մեկում: