«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2001-05-15 | #88, 2001-05-16 | #89, 2001-05-17


ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

<20018902.jpg>

«Այսօր դժվար է ասել, թե քանակական առումով որքան ներդրումներ կլինեն, բայց համաժողովը դրական նշանակություն մեր երկրի տնտեսության համար, անշուշտ, կունենա», երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանին նվիրված ներդրումների նյույորքյան խորհրդաժողովի արդյունքների մասին խոսելիս այսպիսի գնահատական տվեց ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նրա կարծիքով, նախ եւ առաջ արդյունքներ կարելի է ակնկալել այն ոլորտներում, որտեղ արագ շրջանառություն է ապահովվում: Որպես այդպիսին նշվեցին սննդի արդյունաբերությունը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Առաջին ոլորտում առաջարկվել էին 4, երկրորդումՙ 3 գործարար ծրագրեր: Իսկ ընդհանուր առմամբ կառավարությունը ներկայացրել էր 25 ծրագիրՙ նախատեսված 22-ի փոխարեն: 4 ծրագիր էր ներկայացվել արդյունաբերության, 3-ականՙ էներգետիկայի, շինանյութերի արդյունաբերության, տրանսպորտի եւ 5-ըՙ զբոսաշրջության ոլորտներում: Ընտրությունը կատարվել է 102 ծրագրերից: Բացի վերոնշյալ 25-ից, աշխատանքային կարգով ներկայացվել էին եւս 35 ծրագրեր:

Ներկայացված առաջարկները երեք ուղղություն ունեին. առաջինՙ համատեղ մասնակցության, երկրորդՙ կապիտալի ուղղակի ներդրման եւ երրորդՙ արդեն գործող ծրագրերի ընդլայնման: Դրանք նախ համատեղ նիստում, ապա ըստ առանձին սեկցիաների քննարկել են համաժողովի մասնակից 50 հայաստանցի, 130 սփյուռքահայ եւ 100 օտարերկրյա գործարարներ: Վերջիններիս թվում էին համաշխարհային հռչակ ունեցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք կամ արդեն գործում են Հայաստանում, կամ նման ցանկություն ունեն: Օրինակՙ «Սիսկո», «Ռենկո», «Էրիկսոն», «Լուրգի մետալուրգի», «Ալարոն», «Սուիս էյր», «Պեռնո Ռիկար» եւ այլն: Բնական է, որ խորհրդաժողովի մասնակիցներին ավելի շատ հետաքրքրում էին այն ընկերությունների ներկայացուցիչների ելույթները, որոնք արդեն հաստատվել են Հայաստանում: Կարեն Ճշմարիտյանը հատկանշական համարեց «Թյուֆենկյան» ընկերության ներկայացուցիչ Ջեյմս Թյուֆենկյանի ելույթը, որտեղ հիմնական միտքն այն էր, որ ինքը Հայաստանում չունի ընկերներ եւ բարեկամներ, սակայն ներդրումներ է կատարել եւ շահույթ է ստանում: Այս օրինակով նախարարը հավաստեց, որ բոլոր ելույթներում հիմնականում դրական շեշտեր էին դրվում:

«Ազգի» հարցին, թե չեղա՞ն արդյոք բացասական ելույթներ, նախարարը պատասխանեց, որ ելույթներում նշվեցին բացասական գործոնները, որոնցից հիմնականը բյուրոկրատական քաշքշուկն ու վարչարարական ձգձգումներն էին: Դա, ի դեպ, չէին թաքցնում նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Նպատակն այն էր, որ ապագա ներդնողը գալով Հայաստանՙ տհաճ անակնկալների չհանդիպի: Խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացվում էր նաեւ այն աշխատանքը, որը տարվում էր կառավարության կողմից այդ երեւույթները վերացնելու համար: Կոնկրետ նման աշխատանք կատարող մարմին նշվել է գործարարության աջակցության խորհուրդը վարչապետի գլխավորությամբ: Մեկ այլ հարցի պատասխանելով Կարեն Ճշմարիտյանը հայտնեց, որ «Պեռնո Ռիկարի» ներկայացուցչի ելույթն անգամ դրական էր, որտեղ նշվում էր եղած խոչընդոտների առկայության եւ դրանց հաղթահարման մասին:

Ասուլիսի ընթացքում արդյունաբերության եւ առեւտրի նախարարը ներկայացրեց մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք հետաքրքրություն են առաջացրել: Այսպեսՙ 120-140 մլն դոլար է գնահատվում «Մանես եւ Վալեքսի» ծրագիրը, որին իր մասնակցության շուրջ բանակցություններ է սկսել կանադահայ գործարար Անդրե Նազարյանը: Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը ներկայացրել է փոքր հիդրոէլեկտրակայանների (60 մլն դոլար) եւ այլընտրանքային էներգիայի (80 մլն դոլար) ծրագրերը: Կառավարության ներկայացրած էներգետիկ զարգացման ծրագրից բացի, արդյունաբերության եւ առեւտրի նախարարը ներկայացրել է հանքարդյունաբերության զարգացման ծրագիրը: Ի պատասխան մեր հարցի, նախարարը ներկայացրեց այս ծրագրի էությունը եւ որոշ մանրամասներ: Նա նախ նշեց, որ համաժողովի մասնակիցների համար նորություն էր Հայաստանի պղնձի, մոլիբդենի եւ ոսկու պաշարներով հարուստ լինելու փաստը, քանզի նախկինում նրանք գործ են ունեցել միասնական ԽՍՀՄ-ի հետ: Ինչ վերաբերում է ծրագրին, ապա այն արձանագրում է, որ այս ոլորտն արդեն զարգանում է եւ լավ ապագա ունի: Կարող է արագ զարգանալ, եթե լինեն արդյունավետ սեփականաշնորհում եւ լուրջ ներդրումներ: Հիմնական խնդիրն այստեղ այն է, որ հանքանյութի վերջնամշակումը որքան հնարավոր է արագ կատարվի երկրի ներսումՙ մոլիբդենի առումով մինչ ֆերոմոլիբդենի ստացումը, պղնձի առումով մինչեւ կաբելի եւ այլ արտադրատեսակների արտադրությունը:

Անդրադառնալով զբոսաշրջությանը, Կարեն Ճշմարիտյանը խնդրեց չկենտրոնանալ թվերի վրա եւ հարց տվեցՙ թե «եթե 100 հազ. զբոսաշրջիկ չլինի, այլ, ասենք, 91 հազար լինիՙ վա՞տ է: Եթե անցյալ տարի այդ թիվը 45 հազար էր, ապա դրա կրկնակի ավելացումն անգամ կարելի է լավ ցուցանիշ համարել»:

Որոշակի հետաքրքրություն էր ներկայացնում այն հարցը, թե արդյոք ներդրումները չէի՞ն պայմանավորվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությամբ: Այդ առնչությամբ նախարարը հայտնեց, որ համաժողովում միայն մեկ ելույթ է եղել ղարաբաղյան խնդրին նվիրված: Դա Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ ներկայացուցիչ Քերի Քավանոյի ելույթն էր, որը մոտավորապես հանգում էր հետեւյալինՙ Հայաստանի տնտեսությունը զարգանում է, որն ավելի երաշխավորված եւ հարատեւ կլինի, եթե տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվի: Մյուս ելույթներն ավելի առարկայական էին եւ գործնական:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4