«Բնապահպանական թեմաներով գրող լրագրողների միայն 10 տոկոսն ունի ոլորտի մասին գեթ նվազագույն գիտելիքներ: Իսկ 68 տոկոսն իսպառ անգրագետ է այս ոլորտում», երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Նա «Հեռուստատեսության եւ ռադիոյի» զարգացման ասոցիացիա» կազմակերպության նախագահ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ լրագրողներին էր ներկայացնում իրենց սկսած «ՀՀ էկոլոգիական պրոբլեմների լուսաբանման եւ լուծումների որոնման գործընթացներում հեռուստատեսության եւ ռադիոյի ակտիվացմանն ուղղված» ծրագիրը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի պարզել լրագրողների մասնագիտական պատրաստվածության մակարդակը բնապահպանական խնդիրներ լուսաբանելիս: Սոցիոլոգիական հարցումներ անցկացվել են նաեւ ոլորտին առնչվող պետական պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանակներում, որտեղ եւս արդյունքներն, ըստ Ա. Ադիբեկյանի, մխիթարական չեն: Իսկ քանի որ «զարգացած երկրների հաշվարկով Հայաստանը էկոլոգիապես վտանգված տարածք է», ծրագրի հեղինակները կոչում էին լրագրողներին առավել մասնագիտական եւ ակտիվ մոտեցում ցուցաբերել բնապահպանական խնդիրներին:
Ծրագրի հեղինակները նախատեսում են «Էկոլոգիական հայացք շրջակա միջավայրին» վերնագրով փաստավավերագրական ֆիլմ նկարահանել, նաեւ բնապահպանմանն առնչվող բոլոր ատյանների, կազմակերպությունների մասնակցությամբ բանավեճ կազմակերպել ու բնապահպանության խնդիրներում հասարակությանը կրթելու, ճգնաժամային պրոբլեմները վեր հանելու համակարգված գործելակերպ մշակել:
Այսուհանդերձ ասուլիսում այդպես էլ հայտնի չդարձավ, թե պարոնայք Ադիբեկյանն ու Իսկանդարյանը այդ ե՞րբ են մասնագիտացել էկոլոգիական ոլորտի խնդիրներում:
Լ. Գ.