«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2001-05-15 | #88, 2001-05-16 | #89, 2001-05-17


ՓԱԿԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՐԽԻՎՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Անգլիական հեղինակավոր «Թայմս» թերթի ապրիլի 27-իՙ բարձրագույն կրթությանը նվիրված հավելվածում հոդվածագիր Դորիան Ջոնսը Ստամբուլից գրում է, որ օսմանյան արխիվները, որոնք կարող են լույս սփռել Հայկական ցեղասպանության վրա, հմտորեն շահարկվում են իշխանությունների կողմից: Մի կողմից նրանք հայտարարում են, որ արխիվները մատչելի են ակադեմիական ուսումնասիրությունների համար, մյուս կողմից վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակում դրանց մոտենալը կամ դրանցից օգտվելը խիստ սահմանափակ է: Նա մեջբերում է Սաբանչի համալսարանի պրոֆեսոր Հալիլ Բերկթայի խոսքերը. «Նրանք, ովքեր արխիվներն են վերահսկում, ծայրահեղ կարճատես են, նեղ ազգային շահերից են մոտենում հարցին: Թույլատրում են նրանց միայն, ովքեր Թուրքիայի բարեկամներն են, եւ մերժում նրանց, ովքեր թշնամական են վերաբերվում: Մենք գիտենք, որ այդ շրջանին առնչվող որոշ արխիվներ ամբողջովին փակի տակ են»:

«Միջազգային ակադեմիական շրջանակները նույնպես մեղադրում են թուրքական իշխանություններինՙ ուսումնասիրություններ կատարելուն խանգարելու մեջ», այնուհետեւ գրում է Ջոնսը եւ նշում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերը. «Նույնիսկ թույլտվություն շնորհելուց հետո նրանք խոչընդոտում են գիտաշխատողներինՙ կատարելու իրենց ուսումնասիրությունները: Մենք սկանդալային դեպքեր ենք գրանցել, երբ իշխանություններն ուղղակի միջամտել են»:

Վիճահարույց հարցը ստիպել է մի շարք թուրքական թերթերին իրավիճակի փոփոխության պահանջ ներկայացնել: Նրանցից մեկի սյունակագիրը գրել է. «Թուրք ժողովուրդն իրավունքն ունի իմանալու, թե այն, ինչի մեջ մեզ մեղադրում են, իրո՞ք տեղի է ունեցել»:

Հարաճուն ճնշումները ստիպել են բանակի պատասխանատուներին, որ խոստանան բացել իրենց ախիվները, բայց մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում նրանց խոստումներին:

«Մենք գիտենք, որ 1980-ականների պետական հեղաշրջումից հետո զինվորական վարչակարգը կարգադրեց ոչնչացնել արխիվային փաստաթղթերի մեծ մասը, հատկապես նրանք, որոնք առնչվում էին Ցեղասպանությանը», Սաֆրաստյանի խոսքերը դարձյալ մեջբերում է Ջոնսը, ավելացնելով, որ արխիվային նյութերի մեծամասնությունը դասակարգված չէ, եւ գիտնականներն ստիպված են քրքրել միլիոնավոր փաստաթղթեր, որոնց մեծ մասը վատ վիճակում է:

Ըստ հոդվածագրի, պրոֆ. Բերկթայը կասկածում է, թե փաստաթղթերի զեղծարարության դեպքեր կարելի է գտնել այնտեղ: «Կասկածում եմ, որ դուք այնտեղ գտնեք հայերին ոչնչացնելու ուղղակի հրամաններ փաշայիցՙ գաղտնի կազմակերպություններին ուղղված, ինչպես որ չեք կարող գտնել Հիտլերի ստորագրությամբ փաստաթղթեր: Այնուամենայնիվ, մենք բավական ապացույցներ ունենք, որ պաշտպանենք այն պնդումները, թե պետությունն էր կազմակերպել այդ կոտորածները», եզրակացնում է Բերկթայը Ջոնսի հոդվածի վերջում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4