«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2001-05-15 | #88, 2001-05-16 | #89, 2001-05-17


ՀԱՅԿԱԿԱՆ ՍԲ. ՄԱԿԱՐ ՎԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ԿՈՉ

Ստրասբուրգից լրագրող Անջելոս Մարկոպուլոսը կիպրական «Սայփրս ուիքլի» շաբաթաթերթի մայիսի 4-10 համարում գրում է, որ Ստրասբուրգում կայացող համաեվրոպական էկումենիկ ժողովում հայկական եկեղեցու ներկայացուցիչ Ոսկան արք. Քալփակյանը Եվրախորհրդին կոչ է արել հրատապ քայլեր գործադրելՙ փրկելու Կուրենյան լեռնաշղթայի (Կիպրոս) հյուսիսային լանջերին տեղադրված Սուրբ Մակար վանքի մնացորդները: Քալփակյանը ելույթ է ունեցել 3-րդ հազարամյակի առաջին համագումարի եզրափակիչ նիստում, որի ընթացքում հրապարակվել է պատմական «Էկումենիկ խարտիան»:

«Սայփրս ուիքլիին» տված հարցազրույցում Քալփակյանն ասել է, որ «եթե Եվրախորհուրդն իսկապես շահագրգռված է մշակութային արժեքների պահպանումով, ապա նա պետք է իմանա որոշակի փաստեր: Մենք, իրոք, շատ ենք անհանգստացած այդ վանքի ճակատագրով, որը թուրքերը քանդում են 1974-ի զավթումից ի վեր»:

Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի շրջանակներում արքեպիսկոպոսը Եվրախորհրդի ուշադրությանն է հանձնել նաեւ 1915 թ.-ից հետո Թուրքիայում բացարձակ անուշադրության մատնված ավելի քան 3000 եկեղեցիների ճակատագիրը. «Նրանցից մի քանիսը 4-րդ դարում են կառուցվել եւ նշանակալի արժեք են ոչ միայն մեզՙ հայերիս, այլ նաեւ համայն մարդկության համար»:

Անդրադառնալով մահմեդական այլ երկրներումՙ Սիրիայում, Իրաքում, Իրանում եւ Հորդանանում գտնվող մեր եկեղեցիների վիճակին, նա շեշտել է, որ «Թուրքիայից բացի նման խնդիր մենք ոչ մի տեղ չունենք»:

Մյուս կողմից, Կիպրոսի եկեղեցու ներկայացուցիչ Վասիլոս եպիսկոպոսը տեղեկացրել է համագումարին, որ իրենք պատրաստում են կղզու բոլոր գողացված իրերի, սրբապատկերների, քանդված սրբավայրերի թվային կրկնօրինակները, որպեսզի դրանց հիշատակը կարողանանք փոխանցել նաեւ հաջորդ սերունդներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4