Ջավախքի հայերն ահազանգ են հնչեցնում
Ջավախքի հայության հիմնախնդիրներին առաջին անգամ չէ, որ անդրադառնում ենք: Հայկական այս հողատարածության եւ դրա բնակչության ճակատագիրը վերջին մի քանի հարյուրամյակի ընթացքում ավելի քան ողբերգական է եղել. այստեղ տիրապետել են ե՚ւ ռուսները, ե՚ւ վրացիները, ե՚ւ պարսիկներն ու թուրքերը, իսկ վերջիններն, «ըստ սովորույթի», ավերով ու կոտորածով են «նշանավորել» իրենց մուտքը: Ավելի ուշ, Ստալինի եւ նրա մի քանի համախոհների ու հայրենակիցների կողմից բնորոշվելով որպես «չեզոք գոտի»ՙ Ջավախքն այդուհանդերձ կցվում է Վրաստանին: Պատմությանը նետված այս թեթեւակի հայացքն ու նոր ժամանակների հետ համեմատությունը տեղիք են տալիս մտածելու, որ Ջավախքի հայությունն այժմ էլ պակաս դժվարին, ավելինՙ օրհասական վիճակում չէ, քան անցյալում: Ներկայումս տարածքի բնակչության (մեր տվյալներովՙ 72 հազ. բնակիչ) 92 տոկոսը հայեր են, որոնք, սակայն, մեծ թափով արտագաղթում են, հիմնականում Ռուսաստան:
Ցավոք, մենք միայն առիթից առիթ (այն էլՙ մակերեսորեն) ենք անդրադառնում Ջավախքի տարածաշրջանի հայության խնդիրներին, այնինչ արժեր այդ անել ավելի հաճախ, քանզի «անօրինականություններից պաշտպանվելու իրենց ամենօրյա ճիգերում տեղի հայերը հույսով սպասում են Հայաստանի աջակցությանը»: Վերը նշված բառերը մեջբերեցինք օրերս «Ազգի» խմբագրատուն այցելած մի վիրահայիՙ Ախալքալաքի բնակիչ եւ տեղի հասարակական գործիչ Սերգեյ Պողոսյանի պատմածից:
Նա արդեն մի քանի անգամ այցելել է ՀՀ էներգետիկայի նախարարություն, Ազգային ժողով, տարբեր պաշտոնյաներիՙ Ախալքալաքի հայության անունից խնդրելով օգնել իրենց, «հետամուտ լինել եւ պարզել, թե ինչու իրենց բնակավայրերն ամիսներ շարունակ չեն ունենում էլեկտրաէներգիա, այն էլեկտրաէներգիան, որ Հայաստանն է վաճառում Վրաստանինՙ նպատակ ունենալով գոնե ինչ-որ չափով բարելավված տեսնել տեղի հայության կենսապայմանները»: Բողոքներն առայժմ անարդյունք են մնացել, ինչպես եւ որեւէ արդյունքի չեն հանգեցրել տեղի բնակչությանՙ վրացական իշխանություններին հղված բողոքները: Ախալքալաքի շրջանային ղեկավարությունը եւս հարկ չի համարում իրեն ապավինող բնակչությանը բացատրություն տալՙ ո՞ւր է «կորչում» Ախալքալաքին հասանելիք էլեկտրաէներգիան: Վերջին անգամ տեղի բնակչությունն էլեկտրաէներգիա է ստացել ամանորյա տոների առիթով, ընդամենը 9-10 օր, եւ հունվարի 7-ից ի վեր գրեթե չի տեսել լույսի «երես»: Ինչպես տեղեկացանք բնակիչների բողոք-նամակից, այդ 9-10 օրվա համար էլ չափից դուրս թանկ գին են վճարելՙ բառիս ուղղակի եւ փոխաբերական իմաստով. «Յուրաքանչյուր ընտանիքից կորզեցին 10-ական լարիՙ տրված էլեկտրաէներգիայի դիմաց, սակայն մենք համոզված ենք, որ այդ գումարը չի համապատասխանում մեր ծախսած էլեկտրաէներգիայի իրական չափերին, այլՙ գերազանցում է»: Այդ դժգոհությանը հաջորդում է նրանց բնական հարցադրումը. «Մի՞թե շրջանի ղեկավարությունն անտեղյակ է այս շորթումներին»:
Հայտնի է, որ Վրաստանը դեռեւս չի հաղթահարել էներգետիկ ճգնաժամը, սակայն այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն փաստը, որը գրավոր վկայում են տեղի հայերը. Ախալքալաքի հարեւան շրջանըՙ Նինոծմինդան ապահովվում է էլեկտրաէներգիայով (պետք է ենթադրելՙ նույն Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայով.- Ա. Դ.), իսկ հարակից վայրերըՙ ոչ: «Տարբեր առիթներով հանդիպելով Ախալքալաքի բնակչության հետ, նախագահ Շեւարդնաձեն խոստումներ է շռայլել, թե վերացնելու է մեր ժողովուրդների միջեւ եղած բոլոր սահմանները, թե Վրաստանի խորհրդարանն օրենք է ընդունելու միջնորդ լեզվի վերաբերյալ եւ այլն: Այնինչ խոսքն ու գործը հակասում են իրար. այդ հակասման վկայությունն է Նինոծմինդայի մաքսակետ-«արգելափակոցը», որ դարձել է մարդկանց թալանելու մի իսկական որջ, այդ հակասության մասին է վկայում նաեւ այն, որ մեզ անընդհատ ստիպում են վրացերենով շփվել: Ռուսաստանիՙ անցագրային ռեժիմ սահմանելուց հետո մեր վիճակն է՚լ ավելի վատացավ, եւ մարդիկ միայն արտագաղթելու մասին են երազում...», պատմեց զրուցակիցս: Նրա եւ տեղացի շատ ու շատ հայերի կարծիքովՙ այս ամենը միտումնավոր է արվում. «Վրացական իշխանությունները վարում են ծածուկ քաղաքականությունՙ անտանելի կենսապայմաններ ստեղծելով նպատակ ունենալով խթանել տեղի հայության արտագաղթը եւ դրանով իսկ նպաստելով տարածքի հայաթափմանը»:
«Մենք այլ բացատրություն չենք գտնում մեր դեմ գործադրվող խտրականությանը եւ չգիտենք, թե ում դիմենք, որպեսզի մեր իրավունքները պաշտպանվեն: Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով մենք զրկված ենք տարրական կենսապայմաններից: Ջավախքի հայերի մեծ մասը գործազուրկ է եւ արտագաղթում է, որովհետեւ վրացական իշխանությունները տնտեսական ո՚չ մի ծրագիր չեն իրականացնում այդ տարածաշրջանում, ո՚չ մի ներդրում չի արվում, ինչը կնպաստեր մեր տարածքի տնտեսական բարելավմանը», ասում են նրանք: Ս. Պողոսյանի խոսքերովՙ Վրաստանում փոքր թիվ չեն կազմում այն հայերը, որոնք, ազգային խտրականությունից խուսափելու նպատակով, վրացական ազգանուններ են «վերցնում»:
Մեջբերումների շղթան այսքանով եզրափակելովՙ վերադառնանք էլեկտրաէներգիայի խնդրին: Իրավիճակն այս առումով չափազանց բարդ է, քանզի միջամտել այլ երկրի ներքին գործերին իրավասու չես, սակայն, միաժամանակ, Հայաստանը չի կարող եւ բարոյական իրավունք չունի անտարբերության մատնելու իրենից ընդամենը մեկ սահմանով բաժանված վիրահայության, մասնավորապեսՙ Ջավախքի տարածաշրջանի հայերի, անխաթար գոյատեւման խնդիրները: Մեր հայրենակիցներն ահազանգ են հնչեցնում:
ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ