«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2001-05-15 | #88, 2001-05-16 | #89, 2001-05-17


ՈՐՆ Է ՆՊԱՏԱԿԱՅԻՆ. ՁՈՒԿ ԱՃԵՑՆԵ՞ԼԸ, ԹԵ՞ ՑՈՐԵՆ ՑԱՆԵԼԸ

Գյուղացիները շարունակում են պահանջել իրենց հողերը

Արմավիրի մարզի Զարթոնք եւ Արտաշատ համայնքների եւ նույն մարզում գործող «Արմավիրի կարպալճային տնտեսություն» ԲԲԸ-ի միջեւ ծագած հողային վեճին «Ազգն» արդեն անդրադարձել է: Նշել էինք, որ հարցը գտնվում է մարզի առաջին ատյանի դատարանում, եւ պատասխանող կողմի միջնորդությամբ դատը մեկ անգամ հետաձգվել էր:

Մայիսի 14-ին դատական նիստը կայացավ, որտեղ հայցվոր եւ պատասխանող կողմերը սկսեցին փոխադարձ հարցադրումները:

Երկու համայնքների միջնորդ Կրոմվել Գրիգորյանը հիմնավորեց համայնքների պահանջը, ըստ որի 1997 թ. փետրվարին «Արմավիրի կարպալճային տնտեսության» եւ Արմավիրի անշարժ գույքի կադաստրի միջեւ կնքված սեփականաշնորհման պայմանագիրը չէր կարող ուժ ստանալ, քանի որ վիճարկվող հողատարածքների սեփականատերեր Արտաշատի եւ Զարթոնքի համայնքները չեն տվել նման վարձակալման իրավունք: Ըստ քաղաքացիական օրենսգրքի 609 հոդվածի առաջին կետի, գույքը կարող է վարձակալության տրվել միմիայն սեփականատիրոջ թույլտվությամբ, մինչդեռ նման պայմանագիր համայնքների եւ ընկերության կողմից ստորագրված գոյություն չունի: Ընկերության փաստաբան Մարգարյանը չընդունեց փաստարկումը: Ըստ նրա, վիճարկվող հողատարածքները ոչ թե համայնքների սեփականությունն են եղել, այլ պետության, եւ ընկերությունը պարտավոր չէր որեւէ պայմանագիր կնքել համայնքների հետ: Նման մոտեցումը նրանք հիմնավորում են 1964 թ. Մինիստրների խորհրդի ընդունած որոշմամբ, որով տվյալ տարածքների հիմքի վրա ձկնաբուծության եւ ձկնարտադրության նպատակով հիմնվել է պետական կարպալճային տնտեսություն, իսկ իրենք այդ տնտեսության իրավահաջորդն են: Մարգարյանը պահանջեց հայցվոր կողմից ներկայացնել որեւէ փաստաթուղթ, ըստ որի տվյալ տարածքները պատկանում են համայնքներին, որին ի պատասխան վերջիններս վկայեցին, թե ընկերությունը 1996 թ.-ից առ այսօր հողի հարկը մուծում է համայնքներին: Ի դեպ, Արտաշատի գյուղապետից պարզեցինք, որ նման փաստաթուղթ կարող է ծառայել միայն համայնքի հաստատված քարտեզը, որով վիճարկվող հողերից իրենց պահանջած մասը մտնում է Արտաշատի վարձատարածքի մեջ: Մյուս կողմից, ըստ օրենքի, սեփականաշնորհումը պետք է կայանար աճուրդով, որի մասին, ինչպես նշել ենք, այս համայնքների բնակիչներն, իրենց հավաստմամբ, տեղյակ չեն եղել:

Համայնքները պնդում էին նաեւ, թե հողատարածքներն ընկերության ձեւավորումից հետո առ այսօր ձկնարտադրության նպատակներով չեն օգտագործվել, եւ քանի որ խախտվել է ջրային օրենսգիրքը, ընկերությանը պետք է զրկել տվյալ հողերի օգտագործման իրավունքից, եւ դրանք վերադարձնել համայնքներին: Կարպալճային տնտեսության փաստաբանը փորձում էր հիմնավորել սակայն, թե տվյալ տարածքները մշտապես օգտագործվել են նպատակային, թեեւ հաստատեց, որ պայմանագրի ստորագրման պահից (1997 թ.) առ այսօր ձուկ չի արտադրվել: Դա էլ իր պատճառաբանությունը գտավ. մինչեւ այդ թիվը սեփականաշնորհվող ձեռնարկությունը պետությանը պարտք է եղել 156 մլն դրամ, որի համար էլ սնանկ է ճանաչվել: Նոր մասնավոր ընկերությունը դատարանով հաստատել է տնտեսության առողջացման ծրագիր, որով կարող էր շահույթով աշխատել եւ փակել պարտքերը: Սակայն արդյոք դա ցորենի եւ գյուղատնտեսական այլ կուլտուրաների աճեցո՞ւմ է ենթադրում, որեւէ փաստաթուղթ չներկայացվեց: Բացի այդ, պատասխանող կողմը վկայակոչեց ինչ-որ գլխավոր մասնագետի եզրակացություն, ըստ որի տվյալ տարածքները մելիորացիայի (հողի որակի բարելավման) կարիք ունեն, քանի որ երկարատեւ աչքաթողության հետեւանքով այդ տարածքներում. վարակիչ հիվանդությունների, ասենք, կարմրախտի բացիլներ են հայտնվել, իսկ կուլտուրաների աճեցումը կարող է յուրացնել հողը եւ վերադարձնել ձկնարտադրության համար պիտանելիության: Նշենք, սակայն, որ չնայած խոսքը ձկնաշրջանառության (այսինքնՙ պարբերաբար ձկնարտադրության եւ կուլտուրաների աճեցման) մասին է, սակայն 96 թ.-ից մինչ հիմա ոչ մի անգամ ընկերությունը չի դադարեցրել գյուղատնտեսական կուլտուրաների աճեցումը: Ըստ ընկերության ղեկավար Ազատ Հարությունյանի (որը հանդես եկավ որպես ինչ-որ մրցութային կառավարիչ), այդ եղանակով իրենց հաջողվել է պարտքից մարել 105 մլն դրամ, կատարել 68 մլն դրամի ներդրում: Հիմնական պահը նիստի ընթացքում այն էր, երբ համայնքների ներկայացուցիչը պահանջեց որեւէ փաստթուղթ, ըստ որի վիճարկվող տարածքները ընկերությունը գնել է պետությունից: Պատասխանող կողմի փաստաբանը պարզապես հայտարարեց, թե Կրոմվել Գրիգորյանը փորձում է ինքը դառնալ այդ հողի սեփականատերը եւ ուղղակի ասաց հետեւյալը. «Եթե դու չես սեփականատերը, ի՞նչ գործ ունես այստեղ»: Այսուհանդերձ նման որեւէ փաստաթուղթ չներկայացվեց եւ չէր էլ կարող ներկայացվել, քանի որ 91 թ. սեփականաշնորհման ընթացքում այդ հողերը դրվել են համայնքների սեփականության տակ որպես պետական հողեր: Ընկերությունը վկայակոչում էր դարձյալ 1964 թ. Մինիստրների խորհրդի որոշումը, համաձայն որի այդ հողերը դրանց վրա կառուցված շինություններով հանդերձ մեկ ընդհանուր գույքային համալիր են կազմում: Մինչդեռ ցանկացած հողատարածք, որը գտնվում է համայնքների վարչատարածքում, սեփականության կարող է տրվել միայն օգտագործման իրավունքով, իսկ այդ տարածքի վրա շինությունները, սպասարկող հողատարածքները (ճանապարհներ եւ այլն) պատկանում են սեփականություն ձեռք բերողին: 1999 թ. ընկերությանը տրված սեփականության իրավունքի վկայականում այդ մասին հստակ նշվում է: Սակայն, թե ինչպես է պատահել, որ մի դեպքում տարածքները դիտվել են մեկ ընդհանուր գույքային համալիր, իսկ վկայականում հողն առանձնացվում է շինություններից, կարող է պարզել միայն Արմավիրի կադաստրային բաժինը: Այդ նպատակով հայցվոր կողմը պահանջեց դատարան կանչել կադաստրային բաժնին որպես պատասխանող: Նիստը կշարունակվի մայիսի 21-ին:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4