«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2001-05-15 | #88, 2001-05-16 | #89, 2001-05-17


ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՆ

Սյունիքի մարզի Կապանի ու Մեղրու ենթաշրջանների վիճակին եւ մասնավորապես տնտեսական կացությանն արդեն անդրադարձել ենք մեր հրապարակումներում: Այն կարելի է բնութագրել հակասական: Եթե մի դեպքում (Քաջարան եւ Ագարակ) լավատեսության հիմքեր կան, ապա մյուս դեպքում (Կապան, Մեղրի, գյուղական բնակավայրեր) մարդիկ դեռեւս շարունակում են զրկանքներ կրելով մի կերպ գոյություն պահպանել: Իսկ թե ինչպիսի՞ն է մարզի ընդհանուր վիճակը, բարելավելու ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, խնդրեցինք ներկայացնել մարզպետ Էդիկ Բարսեղյանին:

- Մարզում արտադրական կարողությունները հիմնված են լեռնահանքային արդյունաբերության վրա: Այստեղ աշխատում է 4500 մարդ: Տնտեսական կյանքում նշանակալի դեր ունի նաեւ էներգետիկան: Սյունիքում է արտադրվում Հայաստանի էլեկտրաէներգիայի 12 տոկոսը: Աշխատում են տրիկոտաժի ֆաբրիկաներ Կապանում, Գորիսում, Սիսիանում: Առաջիկայում կգործարկվի Ագարակի տրիկոտաժի արտադրությունը, որտեղ պետք է աշխատի 50 մարդ: Գորիսի տրիկոտաժի ֆաբրիկան նոր պայմանագիր է կնքել Զանգեզուրի (Քաջարանի) պղնձա-մոլիբդենային կոմբինատի հետ: Վերջինս 20 մլն դրամի հաստ կտորից պատրաստված պարկերի պատվեր է տվել ֆաբրիկային: Այդ պարկերի մեջ լցվում է մշակման վերջին փուլն անցած մոլիբդենի եւ պղնձի խտանյութը:

Գյուղատնտեսության մեջ որոշակի առաջընթաց ունենք: Նախորդ տարվա համեմատ 400 հա ավելի գարնանացան ենք կատարել: Ընդհանրապես կատարվել է 24 հազ. հա գարնանացան եւ աշնանացան: Վերջին 10 տարիների ընթացքում նման ցուցանիշ չի արձանագրվել:

Մի շարք ծրագրեր կան մեր հարեւան Իրանի Ատրպատական նահանգի հետ համատեղ: Առաջինը Մեղրու սահմանային շուկային վերաբերող համաձայնագիրն է Սյունիքի մարզպետի եւ Ատրպատականի նահանգապետի միջեւ: Երկրորդըՙ Սիսիանի քարամշակման ձեռնարկությանը սարքավորումներ եւ հոսքագիծ տրամադրելու պայմանագիրն է: Գումարն արդեն փոխանցվել է Թավրիզի կազմակերպությանը, եւ սարքավորումները ստանալուն պես ձեռնարկությունը կսկսի գրանիտի, բազալտի եւ մարմարի մշակումը: Ձեռնարկության սեփականատերերն արդեն 500 հազ. դոլար արժողությամբ ապրանքի իրացման պայմանագրեր ունեն: Հաջորդը «Զանգեզուր» արտադրական միավորման համար հումքի մատակարարման պայմանավորվածությունն է: Արդեն 10 տոննայից ավելի թել է ներկրվել, ինչի շնորհիվ եւս 40 գորիսեցիներ աշխատանք կունենան: Իրանցիների հետ Կապանում առեւտրի կենտրոն ստեղծելու պայմանագիր ենք կնքել: «Շահե» կազմակերպության կողմից ապրանքներն արդեն ներմուծվել են, սակայն առայժմ առաջարկվող գները մեզ այնքան էլ ձեռնտու չեն:

Ինչ վերաբերում է ամենացավոտՙ արտագաղթի հարցին, ապա կարող եմ ասել, որ մարզից արտագաղթ իրոք կա, բայց ոչ այն ծավալով, ինչպես հաճախակի ներկայացվում է: Օրինակՙ Մեղրուց 2000 թ. գնացել է 156 մարդ, զգալի մասն ուսանողներ են, որոնք մեկնել են ուսանելու Երեւան եւ այլ քաղաքներ: Նույն ժամանակամիջոցում նկատվել է նաեւ ներհոսք: 56 մարդ վերաբնակվել է այս տարածքում: Զբաղվածության խնդիրը դեռեւս ունենք, որը լուծելու ուղղությամբ, մասնավորապես Մեղրիում, համագործակցում ենք նաեւ միջազգային կազմակերպությունների հետ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4