«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2001-05-15 | #88, 2001-05-16 | #89, 2001-05-17


ՌՈՒՍԱԿԱՆ 62-ՐԴ ՌԱԶՄԱՀԱՆԳՐՎԱՆԸ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ԿՄՆԱ ԵՎՍ 14 ՏԱՐԻ

Չնայած վրաց-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներին, ե՚ւ Մոսկվան, ե՚ւ Թբիլիսին շահագրգռված են, որ Վրաստանի տարածքումՙ Ախալքալաքում եւ Բաթումում տեղակայված ռուսական ռազմահանգրվանները դուրս չբերվեն հանրապետության տարածքից:

Քանի դեռ ռազմահանգրվանները Վրաստանի տարածքում են, Ռուսաստանը կշարունակի ճնշումներ բանեցնել Թբիլիսիի վրա, իսկ վերջինս ռազմահանգրվանների դուրսբերման պահանջով կաշխատիՙ ռուսական էներգակիրներով ապահովել իր կարիքները: Բացի այդ, գրում է «Strana ru» թերթը, ռուսական ռազմահանգրվանների դուրսբերման շարունակական պահանջով Թբիլիսիի համար ավելի դյուրին է Արեւմուտքին ապացուցել Վրաստանի աշխարհաքաղաքական կարեւորությունը եւ ակնկալել ռազմական եւ ֆինանսական աջակցություն: Այնպես որ, հունիսի վերջերին նախատեսված ռուս-վրացական բանակցությունների յոթերորդ փուլը դեռեւս հեռու է վերջինը լինելուց:

Օրերս Թբիլիսիում տեղի ունեցած Շեւարդնաձե-Կլեբանով հանդիպումը էական արդյունքներ չի տվել: Վրացական կողմը պնդում է, թե երեք տարվա ընթացքում հնարավոր է ռուսական ռազմահանգրվանները (Գուդաուտա, Ախալքալաք, Բաթում) դուրս բերել հանրապետության տարածքից, մինչդեռ Մոսկվան, պատճառաբանելով տեխնիկական եւ ֆինանսական դժվարությունները, պնդում է, թե ռազմահանգրվանները դուրս բերելու համար անհրաժեշտ է 14 տարի: Հիշեցնենք, որ ռուս-վրացական բանակցությունների նախորդ փուլերում Մոսկվան նշում էր 25 տարի ժամկետ: Ռուսաստանը համաձայն է ստորագրել ռազմահանգրվանների դուրսբերման գործընթացը միայն այն դեպքում, եթե ծախսերի գոնե մի մասը, որը գնահատվում է 4,3 մլրդ ռուբլի, ստանձնեն այլ երկրներ:

ՌԴ փոխվարչապետ Ի. Կլեբանովը Շեւարդնաձեին հասկացրել էՙ եթե դուք ձգտում եք Վրաստանում տեղակայված ռուսական ռազմահանգրվանները փոխարինել ՆԱՏՕ-ի համապատասխան ստորաբաժանումներով, ապա թող ԱՄՆ-ը եւ Թուրքիան հոգան այդ ծախսերը:

Հիշեցնենք նաեւ, որ անցյալ շաբաթ նախագահ Շեւարդնաձեն հայտարարել է, որ իր երկիրը դեմ է Վրաստանի տարածքում օտարերկրյա ցանկացած ուժի ներկայությանըՙ լինի ռուսական, թե արեւմտյան: Դիտորդները շտապեցին այս հայտարարությունը դիտել որպես Ռուսաստանին ուղղված ժեստ: Շեւարդնաձեն դեռեւս հավատում է, թե երկրի համար ցավոտ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները հնարավոր է լուծել Մոսկվայի օժանդակությամբ:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4