Քամյուիՙ «Կան քաղաքներ, որտեղ չի կարելի հիվանդանալ» հայտնի միտքը շարունակելով, ասենք, որ կան նաեւ քաղաքներ ու երկրներ, ուր չի կարելի խոսել գրականությունից ու արվեստից. Այսօր այդպիսի երկրի է վերածվել Հայաստանը:
Եվ ինչու միայն այսօր. թվագրությունը սկիզբ է առնում այն շրջանից, երբվանից կյանքի կոչվեց ստալինյան հրեշավոր ծրագիրըՙ խորհրդային երկրի երեսին կոլեկտիվի վերածել այն ամենը, ինչ հնարավոր է. Իր նախորդներից եւ հատկապես ինկվիզիտորներից Ստալինը խորապես յուրացրել էր, թե ինչ հստակ է աշխատում կոլեկտիվն իր «արդարություն եւ հավասարություն» կոչվող գիլյոտինով: Այդ գիլյոտինն առանձնապես անխափան է գործում կոլեկտիվի վերածված ստեղծագործական միություններում. Իր ֆինանսական եւ այլեւայլ գայթակղություններով ձգելով ու ներքաշելով իր մսաղացի մեջ, այդ միությունները, այդ թվում նաեւ Գրողների միությունը հանել է ջրի երես եւ ապա դառնացնելով, նվաստացնելով ոչնչացրել է բոլոր տաղանդավոր անհատականություններին, որոնցից շատերը հաճախ ղեկավարել են այդ միությունը: Շատ չխորանալով պատմության մեջ եւ բավարարվելով վերջին 50 տարով, կարո՞ղ եք հիշատակել թեկուզ մի նախագահի, քարտուղարի, խմբագրի, անկախ այն հանգամանքիցՙ եռանդով ու նվիրված են աշխատել, թե ընդհակառակը, որը գլխահակ, մինչեւ սրտի խորքը խոցված լքած չլինի այդ շենքն ու իր աթոռըՙ այլեւս այդ շենքը չմտնելու հաստատ մտադրությամբ. Եվ այդ ամենն արվել է հիմնականում միջակություններից ձեւավորված կոլեկտիվի ամենազոր ձեռքով. կոլեկտիվ, որը չկարողանալով հավասարվել տաղանդավոր անհատականություններին, այդ «անարդարությունից» մոլեգնած գլխատել ու ճզմել է նրանցՙ օգտվելով կոլեկտիվին ընձեռած «արդարություն եւ հավասարություն» հաստատելու կանոնադրական իրավունքից.
Պետք է վերացնել այս ամենըՙ թողնելով գրական ֆոնդը, ու այդ շենքում տեղ տալ միայն գրական մամուլի խմբագրություններին եւ խնդրել պետությանը, որպեսզի գոնե սկզբնական շրջանում հովանավորի նրանց հրատարակությանը:
Իսկ այսօր. Իսկ այսօր գրական կոլեկտիվը հավաքվելու է նորից աշխատեցնելու իր գիլյոտինը: Եվս մի տաղանդավոր մարդ նվաստացած ու դառնացած կլքի Գրողների միությունը. Իսկ գրական կոլեկտիվը ցնծությամբ ու խանդավառությամբ կընտրի նոր նախագահՙ հենց հաջորդ օրվանից իսկ նրա դեմ պայքարելու հաստատ մտադրությամբ.