Լեզվի պետական տեսչությունը հետեւողականորեն շարունակում է վերահսկել հրապարակային գրություններիՙ ցուցանակների ու գովազդային վահանակների լեզվավիճակը, սակայն ցավով պետք է արձանագրել, որ այսուհանդերձ մեր մայրաքաղաքի լեզվական դիմագիծը տակավին հեռու է կատարյալ լինելուց: Օտարալեզու գրությունները մեծ դժկամությամբ են իրենց տեղը զիջում մաշտոցյան այբուբենին: Ոմանց գավառամտության, օտարամոլության ու ապազգային մտայնության հետեւանքով ոտնահարվում է մեր 1600-ամյա գիրը: Ասել էՙ մեր ազգային արժանապատվությունը:
Չնայած հրապարակային գովազդի տեղադրման աշխատանքների կարգավորմանն ուղղված Երեւանի նոր քաղաքապետի վճռական ու եռանդուն քայլերինՙ այնուամենայնիվ ոմանք գերադասում են նույնիսկ երկրորդ անգամ վճարել օրենսդրությամբ սահմանված չնչին տուգանքը, քան փոխել օտարատառ վահանակը կամ ավելացնել նրա հայագիր տարբերակը: Ամոթալի է, երիցս ամոթալի, որ հայ մարդուն օրենքով, պատժամիջոցով պետք է պարտադրել, որ գրի հայերեն, հատկապես, երբ օրենքը խոհեմաբար չի արգելում այլ լեզուներով տարբերակների զուգակցումը:
Ստեղծված վիճակը համարելով անհանդուրժելիՙ լեզվի պետական տեսչությունը դիմում է բոլոր օրինազանցներինՙ պահանջելով կարճ ժամկետում իրենց ցուցանակները, գովազդային վահանակներն ու այլ հրապարակային գրությունները ձեւավորել օրենսդրության ոգուն եւ տառին համապատասխան:
Լեզվի տեսչությունը միաժամանակ հայտնում է, որ պատրաստ է աջակցել եւ օգնել բոլոր նրանց, ովքեր այս հարցում կարիք կունենան լեզվական խորհրդատվության:
ՀՀ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ