Հունիսի 2-ին եւ 6-ին Հայաստանի ազգային հավաքականը 2002 թ. աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Բելառուսի եւ Լեհաստանի հավաքականների հետ:
Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է այն 25 ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն առաջիկա խաղերին: Ուրախությամբ նշենք, որ նրանց թվում է Ռոման Բերեզովսկին, որն այժմ հաջողությամբ հանդես է գալիս Մոսկվայի «Տորպեդոյի» կազմում: Հուսանք, որ հավաքականի գլխավոր մարզչի եւ լավագույն դարպասապահի միջեւ կոնֆլիկտը վերջնականապես հարթվել է: Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը կայացած Հայաստան-Ուկրաինա խաղից հետո Բերեզովսկին այլեւս չընդգրկվեց մեր հավաքականում եւ չմասնակցեց Բելառուսի, Ուելսի եւ Լեհաստանի հետ կայացած հանդիպումներին: