«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2001-05-15 | #88, 2001-05-16 | #89, 2001-05-17


ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ

Մասնագետներն ու մարզասերները հետաքրքրությամբ էին սպասում ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարը պետք է անվաներ այն մարզիկներին, որոնք առաջիկա տարիներին փոխարինելու են մեր ուժեղագույններին: Չմոռանանք նաեւ, որ սա մարզաձեւի ներկայացուցիչների փաստորեն առաջին խոշոր ետօլիմպիական ստուգատեսն էր: Իսկ առջեւում Աթենք-2004-ն է, որին արդեն այսօրվանից պետք է նախապատրաստվել:

Մայրաքաղաքի «Դինամո» մարզապալատի դահլիճում չորս օր շարունակ հանրապետության տարբեր մարզերի մինչեւ 20 տարեկան շուրջ 120 ծանրորդներ չեմպիոնների կոչումն էին վիճարկում ութ քաշային կարգերում: Առաջնությունը ցույց տվեց, որ ունենք հեռանկարային մարզիկներ, որոնք կարող են 3 տարի հետո Հայաստանի պատիվը պաշտպանել օլիմպիական խաղերում:

56 կգ քաշային կարգում երկրի չեմպիոնի կոչումը նվաճեց Գյումրիի ներկայացուցիչ Մակար Թամրազյանը: Պոկում վարժությունում բարձրացնելով 105 կգ, հրում վարժությունումՙ 130, նա երկամարտի գումարում ցույց տվեց 235 կգ արդյունք: Հետաքրքիր է, որ երկրորդ մրցանակակիր դարձավ չեմպիոնի կրտսեր եղբայրըՙ Արսենը, որը ետ մնաց 20 կգ-ով:

Հաջորդՙ 62 կգ քաշայինների մրցապայքարում գերադասելի էին համարվում Եվրոպայի առաջնության մասնակից Արմեն Ղազարյանի հնարավորությունները: Իրոք, պոկում վարժությունում սպիտակցի ծանրորդը ցույց տվեց 125 կգ արդյունք, իրենից 5 կգ-ով ետ թողնելով երեւանցի Արտյոմ Մկրտչյանին: Բայց Արմենն ու նրա մարզիչը, ինչպես երեւում է, գերագնահատել էին իրենց հնարավորությունները: Ղազարյանը հրում վարժությունում պատվիրեց 160 կգ ծանրություն, բայց երեք փորձերում էլ անհաջողության մատնվեց: Իսկ Մկրտչյանը բարձրացրեց 147,5 կգ եւ հաղթեց 267,5 կգ արդյունքով:

69 կգ քաշայինների մրցավեճում ուժեղագույնը էջմիածնեցի Արկադի Բարսեղյանն էր, որը չեմպիոնի կոչումը նվաճեցՙ երկամարտում ցույց տալով 285 կգ (130+150) արդյունք:

Չափազանց համառ պայքար ծավալվեց 77 կգ կշռող մարզիկների միջեւ: Ի վերջո երկու ծանրորդներՙ գյումրեցի Գեւորգ Դավթյանը եւ երեւանցի Գեւորգ Ալեքսանյանը ցույց տվեցին միեւնույն արդյունքըՙ 335 կգ (150+185), բայց հանրապետության չեմպիոնի կոչումը շնորհվեց Դավթյանին, քանի որ նրա անձնական քաշը մի փոքր պակաս էր, քան մրցակցինը:

Բարձր արդյունքներ գրանցվեցին հաջորդՙ 85 կգ քաշային կարգում: Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանող Ռուդոլֆ Նամալյանը պոկեց 160 կգ, հրեցՙ 190 եւ չեմպիոնի կոչումը նվաճեց 350 կգ գումարով: Այս երեք արդյունքներն էլ հանրապետության երիտասարդական ռեկորդներ են:

Նույնպիսի ռեկորդ գրանցվեց նաեւ 94 կգ քաշայինների մրցավեճում: Այստեղ չեմպիոնըՙ գյումրեցի Վահե Թամազյանը, հրում վարժությունում բարձրացրեց 190,5 կգ ծանրաձողը: Ցավոք, Վահեի պոկումն այնքան էլ հաջող չէր (140 կգ), եւ երկամարտի արդյունքը ցածր ստացվեցՙ 330 կգ:

Մյուս երկու քաշային կարգերում առանձնապես մրցակցություն չեղավ: 105 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Արտաշես Հարությունյանը (Երեւան)ՙ 310 կգ, իսկ գերծանր քաշումՙ Գագիկ Սողոմոնյանը (Վեդի)ՙ 342,5 կգ:

Թիմային պայքարում մրցանակային եռյակն այսպիսին էՙ ՖԻՄԱ, Գյումրի, Վանաձոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4