Վթարից զոհվել են Իրանի տրանսպորտի նախարարն ու այլ պաշտոնական անձինք
Երեկ առավոտյան Թեհրանից Սարրի ուղեւորված ՅԱԿ-40 ինքնաթիռը մի քանի ժամ անց անհետացել է Իրանի օդային երթեւեկության համակարգի մարմինների տեսադաշտից: Ժամը մոտ 15-ի սեհմաններում հայտնի է դարձել, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Օդանավի առանձին բեկորներ հայտնաբերվել են Թեհրանից հյուսիս-արեւելք գտնվող Սարրի քաղաքի (Մազանդարանի նահանգ) մերձակայքում: Ըստ «Ռոյթեր» գործակալության հաղորդագրությանՙ վթարից զոհվել են ինքնաթիռի ողջ անձնակազմը, ԻԻՀ տրանսպորտի նախարար Ռահման Դայմանը, փոխնախարարը, ԻԻՀ Մեջլիսի 6 պատգամավորներ եւ նրանց ուղեկցող 22 պաշտոնատար անձինք:
«Ազգի» տեղեկություններով, ինքնաթիռը պատկանում է «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը, եւ երկարաժամկետ վարձակալությամբ արդեն երկար ժամանակ աշխատում էր Իրանի ավիաընկերություններից մեկում: Նման երկու ՅԱԿ-40 տիպի ինքնաթիռ է մինչեւ այժմ աշխատել Իրանում, որոնց վարձակալության պայմանագիրը ժամանակ առ ժամանակ երկարաձգվել է, այսինքն իրանական կողմը ոչ մի վերապահում չի ունեցել հայկական ինքնաթիռների նկատմամբ: Ինքնաթիռի անձնակազմը հինգ հոգի էր, երեքըՙ օդաչուներ: ՀԱՈՒ-ից ուրիշ որեւէ այլ տեղեկատվություն հնարավոր չեղավ ստանալ, բացի այն, որ վթարի ենթարկված ՅԱԿ-40-ը ՀԱՈՒ-ի ամենաանվտանգ ինքնաթիռներից էր եւ «գտնվում էր նորմալ տեխնիկական վիճակում»: Հերքվեց նաեւ այն տեղեկատվությունը, թե ինքնաթիռը մայիսի 10-ին բացված Երեւան-Թավրիզ չվերթի ինքնաթիռն է:
Վթարի պատճառները պարզելու համար Իրան է մեկնել ՀԱՈՒ-ի հանձնախումբը:
Գ. Մ.