«Հայաստանը Ադրբեջանին տալիս է հող, փոխարենը ստանում թուղթ»
«Ազատագրված տարածքներն Ադրբեջանին տալու դեպքում Լեռնային Ղարաբաղը «մերկանում» է: Նախագահ Քոչարյանի նշած երեք նախապայմանները բավարար չեն, ի՞նչ են նշանակում միջազգային երաշխիքներ, երբ Հայաստանը պատրաստ է ազատագրված տարածքները տալ Ադրբեջանին», ահազանգեց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը երեկ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության եւ «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեի համատեղ «կլոր սեղանի» քննարկումների ընթացքում: Պրն Սարգսյանը ՀՀ իշխանություններին առաջարկում է ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորումը տեղափոխել իրավական հարթություն, որտեղ, ըստ բանախոսի, Հայաստանի դիրքերը ամուր են: «ԼՂ-ն չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ԼՂ-ն Ադրբեջանին է բռնակցվել 1921 թ. Կավբյուրոյի ապօրինի որոշմամբ, մինչ այդ երբեք Ադրբեջանի մաս չի կազմել: ԽՍՀՄ սահմանադրության համաձայն վարչատարածքային բաժանումները կատարվել են ըստ ազգային հատկանիշներիՙ միութենական, ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր: Իշխանության եւ ժողովրդի որոշմամբ 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ը դիմել է Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններինՙ քննարկելու մեկ միութենական հանրապետության կազմից դուրս գալու եւ մյուսի մեջ մտնելու իր ցանկությունը, որին Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթի հայկական ջարդերով, Հայաստանի շրջափակմամբ, ապաՙ պատերազմով: ԼՂԻՄ-ը հակամարտության սկզբից ի վեր գործել է ԽՍՀՄ օրենքներով, ԽՍՀՄ փլուզումից հետոՙ միջազգային օրենքներով: Երբ Ադրբեջանը հայտարարեց ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին եւ իրեն հռչակեց 1918-20 թթ. մուսավաթական հանրապետության իրավահաջորդ. ԼՂԻՄ-ը որոշեց հանրաքվեով դուրս գալ ընդհանուր պետությունը լքող Ադրբեջանից, մնալ ԽՍՀՄ կազմում, որը թույլ էր տալիս օրենքը: ԽՍՀՄ տրոհումից հետո ԼՂ-ն, ելնելով միջազգային օրենքներից, իր պատմական բնօրրանի համաժողովրդական հանրաքվեով հռչակեց անկախ պետականություն», նշեց Դեմկուսի նախագահը:
Պրոֆեսոր Ա. Մանասյանը, ակադեմիկոս Լ. Աղալովյանն իրենց ելույթներում համաձայնություն հայտնեցին Ա. Սարգսյանին, պնդելով, որ ղարաբաղյան խնդիրը իրավական հարթություն տեղափոխելով է հնարավոր միայն հակամարտության կարգավորման արդար լուծման հասնել: Ըստ Լ. Աղալովյանիՙ «Եթե ազատագրված տարածքները տանք Ադրբեջանին, ռազմական առումով ե՚ւ ԼՂՀ-ն, ե՚ւ ՀՀ-ն կդառնան խոցելի: Անշուշտ, կոմունիկացիաները պետք է բացվեն, բայց մնան Հայաստանի հսկողության տակ»:
Աշոտ Մանուչարյանն իր ելույթում մի քանի անգամ շեշտեց, որ չպետք է հավատալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի երաշխիքի խոստումներին. «ԱՄՆ-ը հիմա ասում է, որ երաշխավորում է կոմունիկացիաների ապահովությունը, վաղը կասի, թե դրա շուրջ պայմանավորվածությունը չի կատարվում, եւ կոմունիկացիաները վերցնելու է իր վերահսկողության տակ: Ինչ կատարվեց Հարավսլավիայում, նույնը կրկնվելու է Հայաստանում: Վաղը Հայաստանում կհայտնվի ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի զորքը: Թե դաշինքի անդամ որ պետության զորքն է վերահսկելու կոմունիկացիաները, դա կորոշվի: Այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի պատասխանատուն Թուրքիան է: Սա մահացու վտանգ է Հայաստանի համար»: Միեւնույն ժամանակ, սոցուժերի առաջնորդն ասաց, որ բանակցություններում հայկական կողմը չպետք է «ոչ» ասի ամերիկյան, արեւմտյան առաջարկությանը եւ պետք է ներկայացնի ղարաբաղյան կարգավորման իր տարբերակը: Ըստ պրն Մանուչարյանի, «Հայաստանը հանձնում է հող, իրական բան, փոխարենը ստանում թուղթ, որի վրա ԱՄՆ-ը, ՌԴ-ն եւ Ֆրանսիան ինչ-ինչ երաշխավորություններ են գրել: Բալկաններում այդպիսի երաշխիքներով մի թուղթ ունեին Կրաինայի սերբերը: Այսօր ոչ թուղթը կա, ոչ Կրաինայի սերբերը»:
«Կլոր սեղանի քննարկումներին, որոնց մասնակցում էին ՀԴԿ-ն, ՍԻՄ-ը, «Հանրապետությունը», այլ կուսակցություններ, անհատ գործիչներ, պատմաբաններ, արցախյան ազատամարտի մասնակիցներ, ինչպես նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մի դիվանագետ, եղան առավել արմատական ելույթներՙ մասնավորապես կոմունիկացիաների վերաբացման դեմ, Նախիջեւանի հարցին վերաբերող ելույթներ: Մեկ հարցում բոլոր ելույթ ունեցողները համակարծիք էին. առաջնահերթ է ներկա բանակցությունների ձախողումը:
Թ. Հ.