<20019007.jpg>
Տարօրինակ է, ասում է Ժիրայր Լիպարիտյանը
«Ճի՞շտ է, որ Լոկկումում եղել է նաեւ Ժիրայր Լիպարիտյանը», սա կոնֆերանսին ներկա չեղածներիՙ ինձ ուղղված ամենից շատ կրկնվող հարցն էր: Գերմանաբնակներն իրականում բուռն ցանկություն ունեի՞ն հանդիպելու նախկին նախագահի նախկին խորհրդականին, անկեղծ ասած, դժվարանում եմ պատասխանել, որքան եւ պատկերացնել, թե պրն Լիպարիտյանի հետ մեր զրույցն ունկնդրած լինելու պարագայում նրանց կողմից ինչպիսի՚ միջամտություն էր լինելու: Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գերմանահայերի անդուլ ջանքերը մտաբերելով փորձեցինք պարզել պրն Լիպարիտյանի կարծիքն այս առնչությամբ: Սփյուռքահայ գործչի պատասխանում, մեղմ ասած, ոգեւորություն չնկատեցինք նաեւ Ֆրանսիայի Սենատի բանաձեւի առկայությամբ: Այդ երկրները, ուրիշին պարտադրելուց առաջ, նախ պետք է կատարվածի մեջ իրենց մեղավորությունն ընդունեն, ասաց նախկին նախագահի նախկին խորհրդականը: Նրա կարծիքով, դրսի միջամտությունը Թուրքիայի վրա էական ազդեցություն չի կարող թողնել, եւ Թուրքիայի կողմից ճանաչումը ավելի հակված է պայմանավորել ներսի ժողովրդավար ուժերի վերելքով:
Պարոն Լիպարիտյանը շտապում էր, միջանցքում շատերը կային, որոնց հետ առանձին-առանձին ակտիվ զրույց էր ծավալում, մեզ հատկացված սեղմ ժամանակը նվիրեցինք Ղարաբաղյան հարցին:
- Պարոն Լիպարիտյան, Դուք հակամարտության մոտակա լուծում տեսնո՞ւմ եք, հնարավոր համարո՞ւմ եք որեւէ փաստաթղթի ստորագրում Ժնեւում:
- Այնքան կոնկրետ տեղեկություն չունեմ, որ գոնե աշխատեմ կանխատեսում անել: Չեմ վստահում ինչ որ հրապարակվում է:
- Ձեր կարծիքով, Ղարաբաղը որպես կողմ կներգրավվի՞ հակամարտության կարգավորման գործընթացում:
- Գործընթացն այսքան առաջացած է, եւ մի քիչ տարօրինակ է, որ Ղարաբաղը տակավին չկա: Եվ ամենամեծ տարօրինակությունն այն է, որ մինչեւ հիմա ամեն մարդ Ղարաբաղի հարցն է լուծումՙ առանց Ղարաբաղի: Այսինքնՙ կարելի է բանակցություններ վարել, կարծիքների փոխանակում ունենալ, բայց ինչ-որ տեղ հասնելուց հետո պետք է Ղարաբաղը ներառել: Կարող է Ղարաբաղի նախագահը ՀՀ նախագահին իրավասություն տված է այդ հարցը լուծելու, չգիտեմ:
- Ծանո՞թ եք ղարաբաղյան քաղաքական ուժերի համատեղ վերջին հայտարարությանը:
- Ոչ, ծանոթ եմ Երեւանի հայտարարությանը:
-Ի՞նչ եք կարծում, Իրանը երբեւիցե կմասնակցի՞ հարցի կարգավորմանը: Քի Վեսթում համանախագահ Քավանոն ակնարկել էր իրանյան հետաքրքրությունների մասին, ինչն ավելի ուշ շատերը սադրանք համարեցին:
- Իրենք, կենթադրեմ, որպես զգուշություն, որպես խելոք քայլ Իրանին պետք է տեղյակ պահեն: Թե ի՞նչ կընեն, թե դա կապահովե՞ Իրանի համագործակցությունը, թե լուծումն ի՞նչ է, դեռ չգիտենք, դեռ չեն հրապարակած, այնպես որ եթե այնպիսի բան է, որ նաեւ Իրանի շահերուն դեմ է, այն ատեն կարող է սադրանք նկատվիլ:
- Նկատի առնելով Ալիեւ-Տեր-Պետրոսյան եւ Ալիեւ-Քոչարյան հանդիպումները, կարո՞ղ եք ասելՙ Հայաստանի հանդեպ վարած Ադրբեջանի քաղաքականության մեջ կա՞ն էական տարբերություններ:
- Դե, չեմ կարող ասել, որովհետեւ պարզապես չգիտեմ, թե ինչ է, որ զիջում է այսօր եւ չէր զիջում այն ատեն: Կարող է Ալիեւն այսօր նվազ բան է զիջում, քան 3 տարի առաջ: Կարող է ավելին է զիջում, տեղյակ չեմ եւ այս ըսի-ըսավի վրա կարելի չէ այդ տեսակ բաներ մեկնաբանել: Միայն գիտեմ, որ Ալիեւը պատճառ ունի, ինչպես ուներ այն ատեն, խաղաղության գնալու, զիջումներ ընելու, բայց այն ատեն գիտեր ճնշման միջոցները կարելի է գործածել Լիսաբոնով եւ այլն: Հետո սովորեց, որ Լիսաբոնը տարբերություն չըրավ: Հիմա կարող է մի քիչ տարբեր մոտեցում ունի, բայց թե ի վերջո ինչ տեսակ փաստաթուղթ կրնա ձեռք ձգել, արդյոք դա տարբե՞ր կլինի, թե՞ միայն տակտիկան է փոխված, չգիտեմ, որովհետեւ չեմ տեսած եւ չեմ ալ կարծեր, թե նման պատրաստ փաստաթուղթ կա, որ ասվի, թե սա է զիջում Հայաստանը, սա է զիջում Ղարաբաղը, սա է զիջում Ադրբեջանը: Չկա այդ տեսակ փաստաթուղթ:
- Գիրք գրու՞մ եք Ղարաբաղի մասին:
- Այո, նոր գիրքն արդեն մի 300 էջ առաջացած է, տակավին մի 200 էջ էլ պետք է, կոչվում է «Հակամարտության անատոմիա. Ղարաբաղը եւ նոր աշխարհակարգը»: Հիմնականում բանակցությունների եւ արտաքին միջնորդությունների անալիզն է, թե ինչպես ներքին հարց մը կվերածվի պատերազմի, կվերածվի տարածաշրջանային, ապա միջազգային հարցի եւ ինչ կնշանակե այն, որ հակամարտությունը լուծելու համար մեծ պետությունները կմտնեն հարցին մեջ:
- Մեծ պետության քաղաքացի լինելով կարո՞ղ եք ասելՙ որտե՞ղ պետք է փնտրել հակամարտության լուծման բանալին:
- Նախՙ տեղական երկրներումՙ Ղարաբաղում, Ադրբեջանում, Հայաստանում, մի քիչ ավելի Ռուսաստանն է, կենթադրեմ:
- Ռուսաստանի դերի նվազեցում չե՞ք նկատում:
- Ոչ, բայց Ռուսաստանը տարբեր ձեւերով է գործում, քան ԱՄՆ-ը: Ոչ, ընդհակառակը, կկարծեմՙ ավելի համաձույլ քաղաքականություն է հիմա: Բայց նաեւ ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններում Ռուսաստանն ընդհանրապես հարց ունի, թե չի հասկանում, թե չի էլ ճշտված: Ես չեմ տեսներ Ռուսաստանի դերի նվազում, եւ ադիկա անպայմանորեն վատ բան չէ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Լոկկում, Գերմանիա