«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2001-05-16 | #89, 2001-05-17 | #90, 2001-05-18


ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ԿԺԱՄԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 19-ին նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակության այցը ԼՂՀ:

Ինչպես հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծի դիտարկում, որի ընթացքում միջազգային միջնորդները Աղդամի կողմից կհատեն պաշտպանական դիրքերը եւ մուտք կգործեն ԼՂՀ: Նախատեսված է այց Մարտակերտի շրջան, հանդիպում շրջանային ղեկավարների հետ, այցելություն XIII-րդ դարում կառուցված Գանձասարի վանք, մերձակա Վանք գյուղի ժամանակակից փայտամշակման կոմբինատ: Նույն օրը երեկոյան համանախագահներ Քերի Քավանոյին, Նիկոլայ Գրիբկովին եւ Ֆիլիպ դը Սյուրմենին կընդունեն ԼՂՀ ԱԳ նախարար Նաիրա Մելքումյանը եւ հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը: Մայիսի 20-ին կկայանան ԵԱՀԿ պատվիրակության հանդիպումները ԼՂՀ-ում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ այց հանրապետության վարչական շրջաններից մեկը, որից հետո Մինսկի խմբի համանախագահները եւ նրանց ուղեկցող անձինք կմեկնեն Հայաստան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4