«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2001-05-16 | #89, 2001-05-17 | #90, 2001-05-18


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ 115 ՀԱԶԱՐ ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 60 ՏՈԿՈՍԸ «ՊԱՏՐԱՍՏ Է» ՊԱՏԵՐԱԶՄԻ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պատվերով Ադրբեջանի սոցիոլոգիական ընկերակցությունը հանրապետության բոլոր 83 շրջաններում անց է կացրել սոցիոլոգիական հարցումներ: 115 հազար հարցման ենթարկվածների ավելի քան 60 տոկոսը պատասխանել է, որ պատրաստ է հայերի դեմ պատերազմի, եթե «հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը ձախողվի»: Այս մասին տեղեկացնում է Բաքվում լույս տեսնող «525» թերթը:

Այս հարցումները չափազանց ուշագրավ են, եւ եթե հավատանք դրանց ճշմարտացիությանը, ապա կարող ենք արձանագրել. եթե վաղը ղարաբաղյան եւ հայ-ադրբեջանական գոտում վերսկսվեն ռազմական գործողություններ, ապա 70 հազար ադրբեջանցի զենք կվերցնի: Սրան գումարենք ադրբեջանական բանակի շուրջ 70 հազար թվաքանակը (եթե, անշուշտ, ինչպես 1991-94 թթ. ղարաբաղյան պատերազմում, ադրբեջանցի զինվորները դասալքությունը չնախընտրեն), կստանանք 140 հազար մարտիկ, գրեթե այնքան, որքան ԼՂՀ ամբողջ բնակչությունն է: Պարզապես ապշեցուցիչ է, որ ադրբեջանցիները միայն հիմա են պատերազմելու ցանկություն հայտնում, երբ նման հնարավորություն ստեղծվել էր 1991-94 թթ.: ԼՂՀ-ի դեմ իրենց իսկ սանձազերծած պատերազմում Բաքվի իշխանությունները 8 մլն բնակչության մեջ նորմալ կռվող գոնե 1000 զինվոր չգտան եւ ստիպված էին դիմել աֆղան մոջահեդների, չեչենների, արյունակից ու մահմեդական այլ ժողովուրդների օգնությանը:

Ճիշտ կլիներ, առավել եւսՙ խոհեմ, եթե Ադրբեջանի իշխանությունները եւ ժողովուրդն աչքի առաջ ունենային ոչ վաղ անցյալի իրադարձությունները: Չէ՞ որ պատմությունը երբեմն կրկնվում է:

«ԱԶԳ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4